HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Կառավարության օժանդակությունը հակառակ էֆեկտ է տալիս

«Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ զրուցում է Հրաչ Բայադյանը 

«Հայկական ծրագրեր»-ի արտադրանքի սպառման ծավալներն աճե՞լ են, ունե՞ք նոր մշակումներ։ 

«Հայկական ծրագրեր»-ը այս գարնանը դառնում է 18 տարեկան։ Այս ընթացքում զբաղվել ենք բացառապես ֆինանսական խնդիրների ծրագրավորմամբ՝ ընդգրկելով երկու հիմնական ուղղություն` բանկային համակարգ եւ ձեռնարկությունների հաշվապահական համակարգեր։ Երկու ուղղությամբ էլ բացարձակ առաջատարն ենք՝ շուկայի մեծամասնությունը մերն է։ Բանկային համակարգում 19 բանկից 10-ը, ինչպես նաեւ մոտ 10 վարկային կազմակերպություն աշխատում են մեր ծրագրերով։ Ինչ վերաբերում է երկրորդ ուղղությանը, բոլոր մեծ ֆիրմաները մեր ծրագրերով են աշխատում։ Հիմա մեծ արագությամբ զարգանում է միջին եւ փոքր բիզնեսը, եւ այս հատվածում մեծանում է պահանջարկը հաշվապահական ծրագրերի նկատմամբ։ Վերջին մեկ-երկու տարվա ամենամեծ նորությունն այն է, որ մենք ստեղծել ենք միջին եւ փոքր ձեռնարկությունների հաշվապահության ավտոմատացման ծրագիր, որը բացառիկ հաջողությամբ սկսեց վաճառվել եւ մեծ արագությամբ դուրս է մղում մինչ այդ օգտագործվող այլ ծրագրերը։ Սա է մեր հիմնական արդյունքը շուկայում։

 Այս աշնանը ավարտեցինք մոտ մեկ տարի մշակվող նույնքան լավ ծրագիր՝ նախատեսված առեւտրային գործունեության համար։ Բայց տարօրինակ կերպով այն լավ չի վաճառվում։ Մի քանի հանգամանք կա. առեւտրային ընկերությունները բավական զարգացած են՝ ունեն համակարգիչներ, օգտագործում են տարբեր ծրագրեր՝ Excel եւ այլն, բայց պատրաստ չեն վճարելու զգալի գումար, օրինակ` 400 դոլար։ Մյուս գործոնն այն է, որ մենք հայտնի չենք որպես առեւտրային համակարգ արտադրող։ Այսինքն՝ այստեղ թափանիվը ավելի երկար պտտվելու գործընթաց է պահանջում, եւ հուսով եմ` մեկ կամ մեկուկես տարի հետո կհասնենք նույն ծավալին, ինչ միջին ձեռնարկությունների հաշվապահական ծրագրերի դեպքում։ 

 «Զիգզագի» հետ շատ հետաքրքիր մի նախագիծ ավարտեցինք։ Սա հատուկ «Զիգզագի» պատվերով գրված մեծ առեւտրային համակարգ է։ Նրանք ունեն շատ խանութներ, կենտրոնական գրասենյակ, առաքման կենտրոններ՝ պահեստներ, սպասարկման կենտրոն: Այս ամենը կապվելու է իրար։ Օրինակ՝ եթե գնորդը գնում է սառնարան, այս տեղեկությունը ցանցի միջոցով ավտոմատ ուղարկվում է պահեստ, առաքումը կատարվում է որոշակի ժամի, որոշակի ժամի գնում է տեղադրողը: Այն ամենը, որ պետք է կատարվեր ձեռքով եւ հեռախոսի միջոցով, կկատարվի ավտոմատ։ Այս համակարգը շատ լավն է, սական այն մեզ վրա թանկ նստեց, գրեթե վնասով դուրս եկանք։ Ցավոք, չգիտենք, թե հաջորդն ում ենք վաճառելու: Ամեն դեպքում, հիմա կարող ենք ցույց տալ, որ նման գործեր էլ ենք կարողանում անել։ 

Մեկ այլ նորություն կա, որ վերաբերում է բանկային ոլորտի հաշվապահական համակարգերին։ Չնայած դրանք կայացել են, բայց ժամանակի հետ էական փոփոխություններ են կրել. հնարավորություններն են մեծացել, ծառայություններն ավելի բազմազան են դարձել, տեխնիկապես են աճել։ Այսօր բանկեր կան, որոնք կենտրոնական բազայի վրա 250,000 հաշիվ են սպասարկում, օրական 12,000 փաստաթուղթ մշակում, որ արդեն շատ մեծ թիվ է: Ռուսական չափանիշներով սա արդեն մեծ բանկերի սեկտորն է ընկնում։ Մեր խնդիրն է՝ մեր համակարգի արտադրողականությունը հասցնել մինչեւ 1.5-2մլն հաշիվ։ 

Եթե շարունակենք այդ թեման, Ձեր մտքում դուք տեսնո՞ւմ եք խորշեր շուկայի մեջ, որ սպասում են յուրացման, որտեղ կուզենայիք պահանջարկ ձեւավորել, որոնք առեւտրային կամ ֆինանսական չեն, բայց մոտ են այդ ոլորտներին։ 

 Գիտեք, ծրագրավորման բնագավառը չափազանց մեծ է։ Օրինակ՝ մեր ֆինանսական խնդիրները ծրագրավորման այլ բնագավառից համարյա այնքան են տարբերվում, որքան, ասենք՝ կոշիկի արտադրությունից։ Այսինքն՝ մենք չենք կարող շատ լայն նայել, այլ միայն՝ մեր կողքերը՝ ֆինանսական եւ կառավարման խնդիրների բնագավառում։ 

Օրինակ՝ պետական կառավարման խնդիրները մտնո՞ւմ են այդ տիրույթի մեջ։ 

Ուրեմն, հասկանանք, որ մեր ներկա խնդիրները զուտ բանկային եւ հաշվապահական չեն, այլ՝ կառավարման։ Մի կարեւոր բան պետք է շեշտել։ Դա այն է, որ մեր ծրագրերը գրված են, այսպես ասած, տեխնոլոգիայի հիման վրա։ Բացատրեմ։ Ինչպես որ ավտոմեքենա սարքելուց առաջ սարքում են գործարանը եւ հոսքագիծը, որից հետո ավտոմեքենայի արտադրությունը դառնում է շատ ավելի արագ, հուսալի եւ այլն, նույն կերպ էլ մենք ենք կարողացել ստեղծել ֆինանսական խնդիրներ մշակելու տեխնոլոգիա։ Որպեսզի պատկերացնեք, թե սա որքան բարդ է, ասեմ, որ ետխորհրդային տարածքում նման բան ստեղծել են միայն մոսկովյան 3-4 ընկերություններ։ Մեր ՀԾ-3X տեխնոլոգիան ներառում է բանկային եւ հաշվապահական համակարգերի բոլոր ենթածրագրերը եւ փաստաթղթաշրջանառության հնարավորությունը։ Շատ մեծ բան է արված, եւ սրա հիման վրա կարելի է նաեւ կառավարչական խնդիրներ գրել։ 

 Կա՞ մրցակցություն տեղական ընկերությունների միջեւ: 

Արտադրանքի իրացման տեսանկյունից տեղական ընկերությունների միջեւ կա որոշակի մրցակցություն. մեր, Lsoft-ի ու Softmaster-ի միջեւ: Նաեւ մեկ-երկու ընկերության, որոնք վերավաճառում են ռուսական հաշվապահական 1C ծրագիրը։ 

Մենք առաջ ունեինք մեկ շատ հզոր հաշվապահական ծրագիր, բայց նաեւ բավական թանկ: Շատ գնորդներ զուտ գնային պատճառով նախընտրում էին Softmaster-ի եւ 1C ծրագրերը։ Եւ սրա պատճառով պատվերներ էինք կորցնում։ Սակայն արդեն երկու տարի է, ինչ պատրաստ է մեր հաշվապահական ծրագիրը միջին եւ փոքր ձեռնարկությունների համար, որն իր ֆունկցիոնալությամբ նրանցից շատ ավելի կատարյալ է եւ մի քանի անգամ էլ էժան է։ Եւ այդ հարցը փակվեց։ Ներքին մրցակցությունն, ուրեմն, հաշվապահական եւ բանկային ծրագրերի համար է։ 

Ներքին ուրիշ շուկա էլ կա։ Դա վերաբերում է Մայքրոսոֆթի ծրագրերին։ Շուտով այդտեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվելու։ Իհարկե, տեղական ոչ մի ընկերություն չի կարող օպերացիոն համակարգ ստեղծել կամ Word գրել։ Այս ընկեությունը շատ լավ հասկանում է, որ այս տարածաշրջանը աղքատ է եւ վճարունակ չէ, եւ ուրեմն շատ չեն սեղմում, ասում են՝ թող տարածվի մեր արտադրանքը։ Իսկ երբ հասնի ինչ որ մակարդակի, այն ժամանակ ինչ-որ քայլեր կձեռնարկեն։ 

Մենք Մայքրոսոֆթի սերտիֆիկացված գործընկեր ենք։ Մենք ներկայացնում ենք եւ վաճառում ենք իրենց ծրագրերը։ 

Մի քանի բառով ամփոփեք, խնդրեմ, տեղական եւ արտասահմանյան ընկերությունների մրցակցության թեման։ 

Մենք ամենասկզբից հասկանում էինք, որ Հայաստանի շուկան փոքր է՝ (մենք այստեղ շատ արագ առաջատար դարձանք), եւ որ մոնոպոլիան լավ չէ, ճահճանալու վտանգ կա։ Սա գիտակցելով` մենք մեզ համար մրցակցություն էինք սարքում, որպեսզի հասկանանք, թե որքանով ենք մրցունակ։ Մենք ամեն տարի մասնակցում ենք Մոսկվայում տեղի ունեցող հաշվապահական ծրագրերի ցուցահանդեսին, ինտերնետում հետեւում ենք բոլոր նորություններին ու նոր լուծումներին, շատ հարուստ գրադարան ունենք։ Այսինքն՝ շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Կարող եմ ասել, որ մեր ծրագրերը Հայաստանի շուկայի համար շատ արդյունավետ են, ֆունկցիոնալության եւ գնի հարաբերության տեսանկյունից՝ բավականին ձեռնտու։ Սա է պատճառը, որ դրսից չեն կարողանում մտնել։ Էնպես որ, մենք ուշադիր ու անհանգիստ նայում ենք մեր շուրջը։ 

Դուք փորձու՞մ եք ապրանք իրացնել ուրիշ երկրներում, որոնք Հայաստանի նման պայմաններ ունեն։ 

Մենք Հայաստանի շուկայում դեռեւս անելիք ունենք։ Մեր լրագրողները սիրում են արտահանման մասին խոսել, բայց իրականում ներմուծումը սահմանափակելը նույն արտահանումն է։ Մենք տեղում կես միլիոն դոլարի շրջանառություն ենք ապահովում։ Իսկ եթե չլինեինք, օտարերկրյա կազմակերպություններն այստեղից հինգ միլիոն փող կտանեին։ Սա ոչ-ոքի չի հետաքրքրում։ Բայց եթե 50,000 դոլարի արտահանում անեինք, բոլորը կխոսեին այդ մասին։

Դրսի շուկա մտնելու համար ազատ ռեսուրսներ են պետք, իսկ մեր ռեսուրսները սահմանափակ են։ Հիմա տեսնում ենք, թե ինչի հրատապ կարիք կա երկրում, մենք ապահովում ենք։ Տիրապետում ենք վերջին տեխնոլոգիաներին եւ պատրաստ ենք դուրս գալ ուրիշ երկրներ։ Նախ եւ առաջ` մտածում ենք մտնել Վրաստան, բայց առայժմ մի շարք դժվարությունների ենք բախվել։ Տեսնենք։ Շատ լրջորեն նայում ենք հարավային երկրներին՝ Արաբական Էմիրություններ, Քուվեյթ, Քատար եւ այլն։ 

Ի՞նչ հարաբերություններ ունեք կրթական հիմնարկների հետ: 

Մեր ծրագրերը ուսումնական նպատակներով անվճար տրամադրում ենք համալսարաններին, կրթական հաստատություններին։ Ֆինանսավորում ենք որոշ միջոցառումներ:

Այս առիթով ասեմ, որ մենք ոչ միայն առեւտրային հիմնարկ ենք, այլեւ այս բնագավառում, կարելի է ասել, հետազոտական ինստիտուտ։ Մեզ մոտ արդեն գիտության 2 թեկնածու կա, երկուսն էլ շուտով կդառնան։ Յոթ-ութ ասպիրանտ ունենք, որ էլի պաշտպանելու են։ Մեր աշխատակիցներից տասը դասախոսում են ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Կարելի է ասել, որ մեզ մոտ է կուտակված այս ոլորտի նաեւ գիտական ներուժը։ 

Խոսենք Հայաստանում վերջին երեք-չորս տարիներին տեղի ունեցած զարգացումների մասին։ Հայաստանի ծրագրային ապահովման արդյունաբերության փայլուն ապագային մասին շատ է խոսվել։ Կան արագ աճը հաստատող վիճակագրական տեղեկություններ։ Կարելի՞ է որոշ գնահատականներ տալ գոնե ընդհանուր միտումների վերաբերյալ։ 

Որոշակի տվյալների մասին ոչինչ չեմ կարող ասել, չեմ կարող ասել նաեւ, թե որքան լավագույն ծրագրավորողներ են հեռացել Հայաստանից, բայց իմ զգացողությունն այն է, որ այն բումը, որ կար հինգ-վեց տարի առաջ, անցել է։ Այն ժամանակ կառավարությունը բացեց աչքերը եւ տեսավ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերություն է առաջացել։ Հետո որոշեցին այդ հաղթանակին տեր կանգնել, որ եղել էր հենց այն բանի շնորհիվ, որ իրենք չէին մասնակցել, դեռ չէին խանգարում, եւ դեռեւս կային մարդկային ռեսուրսներ։ Իսկ հիմա միտումը բացասական է, սկսած 2000 թվականից՝ նկատվում է անկում։ 

ՏՏ-ի արդյունաբերության եւ ծրագրային ապահովման զարգացման մեջ պետությունն ի՞նչ դեր ունի։ 

Պետությունը ՏՏ-ի արդյունաբերությունը հայտարարել է գերակա ուղղություն եւ իրեն էլ՝ ՏՏ-ը զարգացնող ամենագետ եւ ամենակարող ուժը։ Բնական հարց է ծագում՝ իրենք որտե՞ղ եւ ե՞րբ սովորեցին զարգացնել ՏՏ-ը։ 

Այս ընթացքում ստեղծվեցին տարբեր տեսակի կառույցներ` ինչ-որ բաժին նախարարությունում, վարչապետին կից խորհուրդ, ինկուբատոր եւ այլն, որոնք ահագին վնաս են տալիս։ Դրանք սնվում են վարկերով, որ տնտեսությունն է վճարում։ Այդ մարդիկ գնում են ցուցահանդեսներ, տարբեր գործուղումների, իրենց համար գնում են թանկարժեք համակարգիչներ ու լափթոփեր։ Ինկուբատորի (Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի) բյուջեն, որ կազմում է հինգ միլիոն դոլար, ավելին է, քան այս ողջ ժամանակաշրջանում տեղական ընկերությունների ամբողջ շրջանառությունը։ Միգուցե ավելի լավ կլիներ այդ ահռելի գումարը տալ ընկերություններին կամ հարկերը կրճատել։ Բայց իրենք տվել են մի խումբ մարդկանց, ովքեր պետք է աջակցություն ցուցաբերեն բիզնեսին եւ ՏՏ-ի ընկերություններին, բայց ովքեր ոչինչ չեն հասկանում բիզնեսից, ովքեր ոչինչ չեն հասկանում տեղեկատվական տեխնոլոգիաներից, եւ դա արվում է մեր հաշվին, մեր ուսերին է նստած։ 

Թարմ օրինակ` Կառավարությունը զրկել է մասնավոր ընկերություններին նպատակային ասպիրանտուրայի տեղ ունենալու իրավունքից: Հավանաբար այն պատճառով, որ մասնավորը վատ բան է: Երկրում մի կողմից գնում է մասնավորեցում, մյուս կողմից մասնավորին չեն թողնում զարգանալ: Իսկ գերակա ուղղություն հռչակված ՏՏ բնագավառն ամբողջությամբ մասնավոր սեկտորում է: 

Լավագույն մասնագետները 3-րդ կամ 4-րդ կուրսից փախչում են արտասահման։ Բանակ զորակոչված լավագույն ծրագրավորողները չեն աշխատում որպես ծրագրավորողներ, թեեւ բանակում նման մասնագետների խիստ կարիք կա։ Նրանց ուղարկում են «շարքեր», իսկ ծրագրավորողների համար նախատեսված «փափուկ» պայմաններում «ծառայում է» ով ասես։ Դրա համար էլ մասնագետները թողնում-գնում են։ Սա ՏՏ-ին մեր կառավարության «օժանդակության» եւս մի օրինակն է։ Այսպես որ շարունակվի, բոլոր քայլերը հակառակ էֆեկտ կունենան։ Եթե տարեկան 10 մասնագետ է արտադրվում, ապա 20-ը գնում է արտասահման: 

Այս օրինակները բնութագրում են, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը հասկանում օգնությունը ՏՏ-ի ոլորտին։ 

Արդյունքում՝ այսօր ծրագրավորման հայկական ընկերությունները միայն երեքն են՝ «Հայկական ծրագրեր», «Լսովթ» (Lsoft) եւ «Սոֆթմասթեր» (Softmaster)։ Մյուսները ամերիկյան ընկերությունների մասնաճյուղեր են։ 

Բայց եթե գնահատենք որակական կամ քանակական փոփոխությունները, արտադրանքի որակը կամ բազմազանությունը, նոր ծառայությունների շուկան եւ այլն, ապա այդ իմաստո՞վ էլ անկում է եղել, թե, այնուամենայնիվ, ինչ-որ դրական բան կատարվել է այս տարիներին։ 

Բաժանենք տեղական ընկերությունները արտասահմանյան ընկերությունների բաժանմունքներից։ Վերջինների մասին ես շատ բան չգիտեմ։ Միայն գիտեմ, որ նրանց աճը կտրուկ դանդաղել է։ Խելացի մասնագետ գտնելը դժվար է. կամ իրարից են տանում, կամ անցել են ավելի ցածրակարգ պատվերների եւ ընդունում են մեկ կարգ ցածր մասնագետների։ Առաջ էլ նրանց աշխատանքում ստեղծագործական բան քիչ կար, բայց հիմա մակարդակն ավելի է ընկել։ Ավելի շատ եւ որակյալ մասնագետներ ունենալու նպատակով այդ ընկերությունների մի մասը այժմ մեծ ուշադրություն է դարձնում ԲՈՒՀ-երի հետ համագործակցությանը, ինչն անչափ գովելի է:

 Տեղական ընկերություններից կարող եմ ասել մեր մասին` կա աճ։ 

Մեզ մատչելի տվյալներից երեւում է, որ, թեեւ փոքր ծավալով, բայց արտասահմանյան ընկերությունները ներքին շուկայի համար եւս ինչ-որ բան անում են։ Թե ի՞նչ են անում, ես դա լավ չեմ հասկանում, բայց հարցը սա է՝ միմյանցից ծրագրավորողներ փախցնելուց բացի, Հայաստանի շուկայում գործող ընկերությունների միջեւ ուրիշ ի՞նչ հարաբերություններ կան։ 

Բոլորի միջեւ մրցակցություն կա աշխատուժի համար։ Հիմնականում սա է, իսկ դրսի շուկան այնքան մեծ է, որ այս ընկերություններն իրար գործնականում չեն հանդիպում։ 

Խոսենք միջազգային կազմակերպությունների ներդրումների կամ միջամտությունների մասին։ Դրանք տարիներ շարունակ տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն են ծավալել, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Ձեր կարծիքով, ի՞նչ դերակատարում ունեն Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը եւ այլ կազմակերպություններ, ի՞նչ կարելի է ակնկալել դրանց գործունեությունից։ 

Ցավոք, այդ տեղեկատվությունը բացարձակապես փակ է, հնարավոր չէ իմանալ, թե ինչպես են կատարվել ծախսերը։ Ոչ մի տեղ չի երեւում, թե, ասենք, դպրոցների համար ինչ կոնֆիգուրացիայի համակարգիչներ են գնվել, ինչ խորհրդատվությունների համար են կատարվել վճարումները եւ այլն։ 

 Մեզ հետ կապված մի օրինակ բերեմ։ Մի քանի տարի առաջ Գանձապետարանի ավտոմատացման մրցույթ հայտարարվեց, լավ պատվեր էր տեղական ընկերությունների համար. Համաշխարհային բանկը հատկացրել էր 300 000 դոլար վարկ։ Մեզ համար սա շատ գայթակղիչ հնարավորություն էր, քանի որ գանձապետարանն ունի թե՛ հիմնարկի, եւ թե՛ բանկի աշխատաձեւ, որոնցում մենք մասնագիտացած ենք։ Չգիտես ինչու, մրցույթի պայմանների մեջ նշված էր, որ երկրորդ փուլ կարող են անցնել միայն երկու հայկական եւ չորս արտասահմանյան ընկերություն։ Հայկական ընկերությունները դասակարգեցին այսպես՝ առաջին տեղում «Լսոֆթն» է, երկրորդում՝ ինչ-որ կազմակերպություն, որ երկու շաբաթ առաջ է ստեղծվել, երրորդ տեղում «Հայկական ծրագրերն» է, որը տասնհինգ տարվա փորձ ունի։ 

Երկրորդ փուլում հետաքրքրվում են եւ մերժում են ներկայացված երկու հայկական ընկերություններին։ Պետք էր սպասել, որ կազմակերպիչները կներկայացնեն ցուցակի հաջորդ ընկերությունը: Փոխարենը նրանք ներկայացնում են երկու ամերիկյան ընկերություն։ Ի վերջո, շահեց հնդկական մի ընկերություն, որը, ինչպես մենք ուսումնասիրեցինք ու պարզեցինք, իրականում գոյություն չունի։ Մենք բողոքեցինք։ Դրա արդյունքում մրցույթը տապալվեց, նոր մրցույթ չկազմակերպվեց։ 

Փող է, ուտելու են, բայց մրցույթի պատրանք ստեղծելու համար թող մեր անունը չօգտագործեն։ Եվ դա գրանտ չէր, այլ վարկ, որը վերադարձնելու էին հարկատուների, այդ թվում` մեր մուծած հարկերից: Սա Գանձապետարանի երկրորդ մրցույթն էր։ Առաջինն էլի էդպիսին էր, ամերիկյան մի ընկերություն շահեց եւ տապալվեց։ 

Ի՞նչ պետք է անել։ 

Նախ` պետք է վերացնել ՏՏ-ի շուրջ այս անիմաստ աժիոտաժը: Պետք է մեծ ուշադրություն դարձնել կրթությանը: Ամբողջ համակարգը դարձնել վճարովի եւ տեղերը շատացնել։ Հարուստ հայրիկները գերադասում են ծախսել 10 000 դոլար, որպեսզի իրենց երեխան սովորի անվճար, քան, ասենք, վճարել 2 000 դոլար չորս տարվա սովորելու վարձը։ Սա բոլոր առումներով վատ է ազդում մյուսների վրա... 

Այսինքն՝ չե՞ք կարծում, որ անվճար տեղերը կարելի է ավելի լավ օգտագործել։ 

Սա միայն կաշառքի բույն է։ Պետք է բոլոր տեղերը վճարովի լինեն, պետք է ընկերությունները գնան համալսարան, ուսանողների եւ համալսարանի հետ պայմանագիր կնքեն, վճարեն ուսանողի ուսման վարձը։ Ավարտելուց հետո նրանք կգնան, 5 տարի կաշխատեն որոշակի աշխատավարձով ու կփոխհատուցեն ընկերության կատարած ծախսերը։ 

Իսկ այսօրվա դրությամբ ինչպիսի՞ն են ծրագրային ապահովման ոլորտի եւ գիտության փոխհարաբերությունները։ 

Այսօր Հայաստանը դեռեւս շատ մեծ գիտական ներուժ ունի. ունենք ակադեմիկոսներ, դոկտորներ: Բավական սերտ է կապը գիտության, ուսումնական հաստատությունների եւ ընկերությունների միջեւ։ Ակադեմիկոս Սամվել Շուքուրյանն, օրինակ, ամբիոնի վարիչ է համալսարանում եւ բաժնի վարիչ՝ «Վիրաժ Լոջիք» ընկերությունում։ Պետք է աշխատել, որ այս աշխատաոճը զարգանա: 

Արդյոք կարծո՞ւմ եք, որ հիմա շարունակում են առաջ գալ նոր գիտնականներ, նոր գիտական շերտ կամ խավ ձեւավորվո՞ւմ է՝ թեկուզ շատ ավելի նվազ չափով։ 

Կարծում եմ, որ, այո: Համենայնդեպս շատ կցանկանայի, որ այդպես լիներ: 

Կարծում եք՝ գիտությունն այլեւս մնացել է ֆիրմաների՞ հույսին, այսինքն՝ համալսարանն ու ակադեմիան նոր գիտություն չե՞ն անելու։ 

Քանի որ քիչ են վարձատրվում, բոլոր գիտնականներն էլ ստիպված են համատեղել այս երկու աշխատանքները, ինչը շատ լավ է։ 

 Ճիշտն ասած` գիտությանը մի քիչ էլ բանակի հարցն է օգնում։ Խելացի տղաներ կան, որ երկրորդ կուրսից կարող են ծրագրավորմամբ մեծ փողեր աշխատել, սակայն ստիպված են հինգերով սովորել, հետո գնալ ասպիրանտուրա ու հետո էլ՝ թեկնածուական պաշտպանել։ Ճիշտ է, ֆիրմաները տուժում են, նաեւ` մենք, բայց իրենք, ուզած-չուզած, գիտությամբ են զբաղվում։ Եւ սա կարող է հետադարձ կապով Հայաստանի համար մեծ արդյունք տալ։ Եթե բանակի հարցը չլիներ, կարող է էս տաս հոգին էլ չունենայինք. նրանք վաղուց կարող էին դառնալ բարձր վարձատրվող ծրագրավորողներ, բայց ապագայում դասախոսներ չէինք ունենա։ 

Այս ոչ մեծ կարողությունը հավաքելու, ի մի բերելու կամ կազմակերպելու ի՞նչ հեռանկար եք տեսնում։ 

Սա կոմպլեքս հարց է։ Երկիրը երկիր պիտի դառնա: Հիմա պիտի ասեմ ամենակարեւոր միտքս՝ մենք չունենք որեւէ խնդիր, որը վերաբերում է միայն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին։ Մենք ունենք ընդհանուր՝ երկրին եւ ազգին վերաբերող խնդիրներ: Եթե դրանք լուծվեն, ապա ամենաառաջին հերթին դա դրականորեն կանդրադառնա ՏՏ-ի ոլորտի վրա, քանի որ այստեղ ամենակենսունակ ուժերն են հավաքված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter