
Կուտակայինի պարտադիր բաղադրիչին ընդդիմացողներն առաջարկներ են ներկայացրել վարչապետին
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին ընդդիմացող քաղաքացիների մի խումբ արդեն իսկ առաջարկների փաթեթ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Դ!ԵՄ ԵՄ» խմբի անդամ Լևոն Հարությունյանը: Առաջարկները վերաբերել են գործող օրենքին, ներդրումային քաղաքականությանը և Կենտրոնական բանկին:
Վարչապետի աշխատակազմից հաստատեցին, որ առաջարկների փաթեթը ստացել են:
Պարտադիր բաղադրիչի դեմ պայքարողների ֆեյսբուքյան գրառումներից կարելի է եզրակացնել, որ նրանք պնդում են կենսաթոշակային համակարգի կամավորության սկզբունքը:
Առանձնացնենք առաջարկներից մի քանիսը. Մարիաննա Կալեջյանն առաջարկել է որպես նախապայման պահանջել, որ հրապարակվեն կուտակային համակարգի ներդրման կապակցությամբ միջազգային կառույցների և մասնավոր կազմակերպությունների հետ կնքված բոլոր պայմանագրերը և համաձայնագրերը:
«Կարծում եմ՝ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կարելի է ստանալ, քան մանվելներինը»,-գրել է նա:
Առաջարկ է հնչել, որ ապահովագրական փաթեթ լինի կենսաթոշակային համակարգի մասնակցի ընտանիքի անդամների համար, որպեսզի կուտակված գումարի շրջանակում արտերկրում բուժվելու հնարավորություն լինի այն հիվանդությունների դեպքում, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ: Մեկ այլ առաջարկի համաձայն` ցանկալի է, որ գումարները ներդրվեն ճանապարհաշինության, կամուրջների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Ինչ վերաբերում է հաշիվները ղեկավարող ֆոնդերին, ապա, ըստ խմբի անդամների, ֆոնդերի ղեկավարումը պետք է տրամադրվի հայկական ընկերության, պայմանագրերը հրապարակվեն, ներկայացվի նաև ֆոնդերի գումարների հստակ եկամտաբերությունը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային համակարգի գործող օրենքի համաձայն՝ քաղաքացին մինչ կենսաթոշակային տարիքին հասնելը միայն մեկ դեպքում կարղ է պահանջել իր գումարը, այն է՝ կառավարության հաստատած հիվանդությունների առկայության դեպքում:
Առաջարկ կա նաև ֆոնդի անվճար փոփոխությունը ավելի հաճախակի դարձնել, այժմ նման հնարավորություն անվճար կերպով մեկ անգամ է տրված:
Առաջարկ է հնչել նաև, որ գործազուրկ դառնալու դեպքում հնարավորություն ընձեռվի որոշ մաս վերցնել՝ մինչև աշխատանք գտնելը:
Մի քանի առաջարկ էլ ներկայացնում ենք ստորև:
Հուլիսի -ից 1974 թվականին և դրանից հետո ծնված եւ աշխատաշուկայում գործունեություն ծավալող անձինք դառնում են կուտակային կենսաթոշակային համակարգի բաղադրիչ: Նրանց եկամուտներից յուրաքանչյուր ամիս 2.5% փոխանցվելու է կենսաթոշակային համակարգին, 7.5%-ը փոխանցելու է պետությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ականջալուր է լինելու համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ ընդդիմացողների առաջարկներին: Առաջիկա երկու ամսվա ընթացքում փոփոխությունները կներկայացվեն հանրությանը, որպեսզի ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ օրենքում կատարվելիք փոփոխություններն «ընդունելի լինենբոլորի համար»:
Մեկնաբանել