HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բնակարանային թնջուկ Գյումրիում

«Մի միջնապատի պատճառով զրկվում եմ իմ 40 տարվա բնակարանից»-«Ասպարեզ» լրագրողների ակումբում ապրիլի 4-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Գյումրիի Արագած-1 շենքի բնակիչ Միշա Խումարյանը: Կառավարության 1995թ. 116 որոշմամբ Արագած-1 շենքի 3 ընտանիքներ հրաժեշտ են տվել իրենց նախկին բնակարաններին: Այդ բնակարանները հատկացվել են այլ անօթեւանների:

Աղետի գոտում բնակարանների բաշխման կարգը ըստ Կառավարության 1999թ. 432 որոշման վաղուց է հայտնի բնակիչներին' ստանում են այնքան, որքան կորցրել են. ընտանիքի անդամների թիվը չի կարեւորվում: Այդ որոշմամբ բնակչին բարելավում չի հասնում: Այս որոշումը, պարզվում է, չի տարածվում վթարային դարձած եւ պետական միջոցներով ամրացված պետական եւ հանրային բնակելի ֆոնդի շենքերի բնակիչների վրա:

432 որոշմամբ անօթեւաններին բնակարան է հատկացվում հիմքից կառուցվող շենքերից, իսկ ամրացվող շենքերից կատարվող հատկացումներն այլ կերպ են կարգավորվում: Ամրացված շենքերի բնակիչներին բնակարանները հատկացվում են կառավարության 1995թ.-ի դեկտեմբերի 22-ի 116 որոշման համաձայն: Ըստ դրա' եթե ամրացման ընթացքում սեփականաշնորհված բնակարանի բնակելի սենյակների քանակն ավելացել կամ պակասել է, ապա բնակարանի սեփականատիրոջը տվյալ շենքում սեփականության իրավունքով հատկացվում է նրա կողմից սեփականաշնորհված բնակարանին համարժեք բնակարան: Այլ կերպ ասած' բնակիչը իր նախկին բնակարանը չի ստանում:

Դիաս Կյուրեղյանը 40 տարի բնակվել է Արագած-1 շենքի 14 բնակարանում: 1965-ին, երբ բնակարանամուտ էին տոնում, ընտանիքում երեք անձ էին: Տարիների ընթացքում ընտանիքը մեծացել է, դարձել են 6 անձ. «Բայց դա չի կարեւորը,-ասում է Դիաս Կյուրեղյանը,-մեկ է' մեզ բնակարանի բարելավում' կախված ընտանիքի անդամների թվից, չէր հասնելու, բայց գոնե իմ ունեցած տունը ձեռքիցս չառնեին: Դե հիմի պատկերացրեք' դուք եք, մի 40 տարի ապրել եք նույն տանը, մի 17 տարի էլ տնակում համբերատար սպասել եք, որ շենքը ուժեղացնեն, վերադառնաս քո տուն: Գալիս է օրը, եւ առանց ցանկությունդ հաշվի առնելու, առանց մի բան ասելու' հայտարարում են, թե պիտի ապրես հարեւան մուտքի ազատ բնակարանում»: Դիաս Կյուրեղյանին հատկացվել է նույն շենքի բնակչուհի Ժանետա Մուրադյանի 2 սենյականոց բնակարանը: Վերջինս 1990-ից ապրում է Ռուսաստանի Դաշնությունում եւ որպես բնակարանատեր հաշվառված չէ իր նախկին բնակարանում:

Միշա Խումարյանին հատկացրել են իր նախկին բնակարանի հարեւանությամբ գտնվող բնակարանը: «Էս մեր շենքի ամրացումը շուտ ավարտել էին, մի 3-4 ամիս սպասում էինք, որ գային, պաշտոնապես հայտարարեին, որ ամեն ինչ կարգին է, ու մենք կարող ենք տեղափոխվել մեր տները,-պատմում է Միշա Խումարյանը,-մարտի 30-ին մարզպետարանի բնակարանների բաշխման հանձնաժողովից երկու հոգի եկել էին' իրավաբան Գեղամն ու Ռուբիկը Հարությունյանը՝ հանձնաժողովի քարտուղարը, մեզ էլ նախօրոք հայտարարել էին, որ հավաքվենք շենքի բակում: Հերթով ցուցակով անունները կարդալով' եկան, հերթը հասավ Դիասին, մեկ էլ տեսնենք լրիվ ուրիշ բնակարանի համար հայտնեցին: Խառնվեցինք իրար, հետո մտածեցինք' կարող է մարդու կինը մահացել է, անձերի թիվը մեկով պակասել է, էդ է պատճառը, որ իրան 2 սենյականոց են տալիս: Հերթը որ հասավ ինձ, բարձրացանք երրորդ հարկ, ես ուզեցի բանալիով դուռս բացեմ, մեկ էլ տեսնեմ հարեւանիս բնակարանը բացել են, ինձ էլ ասում են, թե քոնը սա է, էստեղ պիտի ապրես»:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո Խումարյանը սեփականատիրոջ իրավունքով փոխել էր բնակարանի կողպեքը: Նա այդ օրը կտրականապես հրաժարվում է որպես սեփականություն ընդունել առաջարկված բնակարանը եւ հայտարարում, որ չի պատրաստվում որեւէ մեկին զիջել իր նախկին բնակարանը: Հաշվի չառնելով մարզպետարանի բնակբաշխման հանձնաժողովի որոշումը' Խումարյանը իրերը տնակից տեղափոխում է իր նախկին բնակակարանը. «Եթե ինձ իմ տնից հանեն, ես հանցագործ կդառնամ, բացարձակապես չեմ պատրաստվում ինչ-որ մի «պերեգարոտկի» պատճառով հրաժարվել 40 տարվա տնիցս»:

Արագած-1 շենքի 21 բնակարաններն էլ նախքան ամրացումը բաղկացած են եղել 2 սենյակից: Ամրացումից հետո բնակարանների բնակմակերեսը հավասարաչափ' 7,92 քմ-ով ավելացել է, սակայն շենքի անկյունային հատվածում գտնվող 3 բնակարանների ոչ միայն բնակմակերեսն է ավելացել, այլեւ սենյակների թիվը:

«Նախագծելիս մենք նշված բնակարաններում միջնապատ ենք ավելացրել լոկ բնակչի հարմարավետության համար,-կատարված նախագծային փոփոխությունները մեկնաբանում է «Երանգ» ՍՊԸ տնօրեն Անատոլի Դոգուզովը,-մենք տեղյակ չենք կառավարության 116 որոշումից, եւ միտումնավորություն մեր գործողություններում ես չեմ տեսնում»: Պ. Դոգուզովն ասաց, որ իրենք ընդամենը պատվեր կատարողներ են, կատարել են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատվերը: «Ինձ ճիշտ հասկացեք' կա պատվիրատու, կա կատարող: Այս դեպքում մենք կատարել ենք նախագծային աշխատանք շինարարական բոլոր կանոններին համապատասխան: Նախագիծը ներկայացվել է պատվիրատուին, նրանք հաստատել են, դրանից հետո նոր սկսվել են շինարարական աշխատանքները»: Ըստ պրն Դոգուզովի' այդ չարաբաստիկ պատը կարող էր եւ չլինել, քանի որ հիմնային պատ չի համարվում, եւ դրա բացակայությունը ոչ մի էական փոփոխություն չէր մտցնի ընդհանուր աշխատանքների մեջ: Շենքի ամրությունն էլ դրանից ո՛չ տուժելու էր, ո՛չ էլ բարելավվելու էր: Սակայն «հարմարավետություն» անվան տակ կառուցված պատը 3 ընտանիքի զրկում է նախկին բնակարանները վերադառնալու հնարավորությունից:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունում նույնպես բացառեցին միտումնավորության վարկածը: «Մենք շենքի նախագծային աշխատանքները պատվիրում ենք գիտակ մարդկանց, եւ կատարված նախագծային փոփոխություններին չվստահելու իրավունք չունենք,-պարզաբանում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանը,-ցանկացած փոփոխություն ամրացվող շենքում կատարվում է նրա սեյսմակայունության օգտին: Եթե նախագծողը տվյալ հատվածում պատ է նախատեսել, նշանակում է դա անհրաժեշտություն է: Իհարկե, գաղտնիք չէ, որ հայերի մեծ մասը բնակարան ստանալիս անպայման պիտի փոփոխություններ կատարի՝ պատ տեղափոխի, պատ ավելացնի, պատշգամբը քանդի միացնի հյուրասենյակին: Բայց մենք իրավունք չունենք էս ամեն ինչը հաշվի առնելով՝ շարժվել բնակչի քմահաճույքով: Գոյություն ունեն շինարարական նորմեր, մենք դրանք խախատել չենք կարող»: Պ. Սարգսյանը չբացառեց, որ նշված բնակարանների բնակիչները վաղը մյուս օրը վիճահարույց միջնապատը քանդելու են տարածքը մեծացնելու նպատակով: «Ես էդ «պերեգարոտկեն» քանդելու եմ, մեկ է,-ասում է Միշա Խումարյանը,-իզուր տեղը չարչարվել են, ավելորդ շինանյութ են ծախսել: Որ քանդեմ չէ՞, էլի իմ երկու սենյականոց բնակարանն է դառնալու»:

Արագած-1 շենքի մնացած 18 բնակարանները, որոնց բնակմակերեսը նույնպես ավելացել է, հատկացվել են նախկին բնակիչներին: Այս բնակարանների առավելությունն այն է, որ այստեղ միջնապատ չի ավելացել: «Բնակելի մակերեսի ավելացման կամ պակասեցման խնդիր չկա այստեղ,-ասում է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանը,-այլապես շենքի ոչ մի բնակիչ իր բնակարանը չէր ստանա: Այստեղ խնդիրն այլ է: «Երանգ» ՍՊԸ-ից ստացված փաստաթղթում նշվել է, որ շենքի ամրացումից հետո երեք բնակարանում սենյակների թիվն ավելացել է: Սա էլ հիմք է ծառայել, որ հանձնաժողովը կիրառի բնակարանների բաշխման կառավարության 116 որոշումը»: Ի դեպ' Գյումրիում Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ 32 շենք է ամրացվել եւ բաշխվել, սակայն նման միջադեպ չի գրանցվել, թեպետ, ինչպես հավաստում է Արտաշես Սարգսյանը, այդ շենքերում եւս նախագծային փոփոխություններ են արձանագրվել:

Արագած-1 շենքի բնակիչները տարակուսած են. այդ ինչպե՞ս ստացվեց, որ հենց շենքում հայտնվեցին երեք հատ 3 սենյականոց բնակարաններ, պարզվեց, որ նույն քանակի 2 սենյականոցներ ազատվեցին: Մարզպետարանի բնակարանների բաշխման հանձնաժողովի քարտուղար Ռուբեն Հարությունյանը դա համարում է զուգադիպություն: «Եթե այդ ազատ բնակարանները չլինեին, մենք պիտի ղեկավարվեինք 116 որոշման 2-րդ կետի 4-րդ պարբերությամբ, այն է' «Ամրացված շենքերի բնակարանների բնակեցման ընթացքում սույն որոշմանը համապատասխան բնակարան չստացած քաղաքացիները կհամարվեին երկրաշարժի հետեւանքով բնակարանի կարիք ունեցողներ, այսինքն' կստանային անօթեւանի կարգավիճակ, դրանից հետո պարտավոր էին հաշվառվել քաղաքապետարանում եւ սպասել բնակարանի' ըստ հաշվառման կետի»: Այս որոշումը, ըստ բնակիչների, անհեթեթության գագաթնակետն է. «Բավական չէ զրկվեն սեփական բնակարաններից, մի բան էլ դառնան անօթեւան ու, Աստված գիտի, թե երբ բնակարան ստանան»:

Դիաս Կյուրեղյանը հիմա նոր է մտահոգվել, որ ժամանակին պայմանագիր կնքելու առաջարկ չեն արել մարզպետարանին: «Եթե իմանայինք, որ էս տեսակ փորձանքի պիտի հանդիպեինք, պայմանագիր կկնքեինք, որ շինարարության ժամանակ փոփոխություններ անելիս համաձայնեցնեին մեզ հետ կամ գոնե նախօրոք տեղյակ պահեին, որ պատ են ավելացնելու: Թե չէ, մենք անտեղյակ օրենքներից, սրանք էլ (նկատի ունեմ Գեղամին ու Ռուբիկին) իբր օրենք են հասկանում, հասկացածներն էլ մարդավարի չեն կարողանում բանեցնել: Կասկածում եմ, որ մեր տների համար սրանք գումար են վերցրել»,-ենթադրում է Դիաս Կյուրեղյանը:

Իրենց բնակարանների վաճառված լինելու մասին բնակիչների ենթադրությունը հիմնվում է հետեւյալ խոսակցությունների վրա՝ վիճահարույց բնակարաններից մեկի սեփականատերը մի առիթով արտահայտվել է, թե «փեշմ փող եմ տվել, որ էս տունը ինձ են տվել»: Անուններ չեն տրվել, թե ով է ուզել ու ում են «փեշմ փող տվել», եւ բնակարանից զրկված բնակիչներին մնացել է սոսկ ենթադրություններ անելը:

Արագած-1 շենքի արդեն նախկին բնակչուհի Ժանետա Մուրադյանը, ով 15 տարի է ապրում է ՌԴ-ում, փորձել է տեր կանգնել նախկին բնակարանին եւ դիմել է բնակբաշխման հանձնաժողովին: «Ինձ սկզբից ասեցին, թե քո գործը կլինի,-«Ասպարեզ» լրագրողների ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատմեց Ժանետա Մուրադյանը,-փաստաթղթեր ուզեցին: Սկզբում ասին' հարց չկա, հետո որ գնում էի մարզպետարան, Գեղամն ուղարկում էր Ռուբիկի մոտ, Ռուբիկն էլ' Գեղամի: Վերջում էլ տեսա, որ շատ պիտի տանեն-բերեն, Գեղամին հարցրեցի, թե ինչ պիտի լինի վերջը, նա էլ, թե' «Իսկ դու գոնե գիտե՞ս, թե էսօրվա դրությամբ ինչ արժի բնակարանդ»: Ըստ տիկին Ժանետայի' եթե ինքը կողմնորոշվեր բնակարանի արժեքի հարցում, հնարավոր է, որ արդեն իսկ օրենքով իրեն չհասնող բնակարանին տեր դառնար: Ժանետա Մուրադյանն արդեն մեկնել է Գյումրիից, իսկ նրա 2 սենյականոցը հատկացվել է Դիաս Կյուրեղյանին:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը առաջարկում է ոչ թե շրջանցել օրենքը, այլ միջնապատի շնորհիվ գոյացած սենյակը համարել «սառը սենյակ»՝ ոչ բնակելի, այդ դեպքում բնակելի սենյակների թիվը կրկին կդառնա 2, եւ խնդիրը լուծում կստանա հօգուտ բնակիչների:

Շենքի ամրացման նախագծային կազմակերպության ղեկավար Անատոլի Դոգուզովն ունի խնդրի լուծման իր տարբերակը. «Թող ինձ վերեւից, այսինքն' մարզպետարանից ասեն, որ նախագծում որոշակի փոփոխություններ պիտի արվեն, մենք էլ անենք, բայց մեզ ոչ ոք նման առաջարկով չի դիմել»: Մարզպետարանում դիրքորոշումն այլ է. «Մենք շարժվել ենք օրենքով,- ասում է մարզպետարանի իրավաբան Գեղամ Բաղդասարյանը,-եթե չէր հասնում, ինչպե՞ս հատկացնեինք, թող նախագծողը գրեր 2 սենյակ, պրոբլեմ չէր լինի, բայց մենք սեւով սպիտակի վրա գրած արձանագրությունը ստացել ենք, որ շենքում կա 3 հատ 3 սենյականոց' բնակելի մակերեսը 59,3 քմ, ընդհանուր մակերեսը' 100,3 քմ, իսկ դա նշանակում է, որ տվյալ բնակիչները չեն կարող բնակվել նախկին բնակարաններում»: Գումարների վերաբերյալ խոսակցություններին իրավաբանը հանգիստ է վերաբերվում. «Եթե ապացույցներ ունեն, թող դիմեն դատարան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter