Հարազատներիս է փոխանցվել երկու՝ Հայաստանի և Ռուսաստանի պետական նմուշի դիպլոմ
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Ոչ պաշտոնապես, բայց արդեն աշխատում եմ որպես իրավաբան
Գիտեմ, որ օրեր առաջ Սլավոնական համալսարանից հարազատներիս են փոխանցել իմ երկու դիպլոմները`Հայաստանի և Ռուսաստանի պետական նմուշի: Անձամբ դեռ չեմ տեսել դրանք (շուտով կփոխանցվեն ինձ, իսկ պատճեները կխնդրեմ կցել անձնական գործիս): Այս նամակի հետ կխնդրեմ տեղադրել դիպլոմների լուսանկարները:
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա չեմ գտնվել, հարազատներս էլ ինձ մոտ էին. տեսակցություն էր տրամադրվել: Իմացա, որ Սլավոնական համալսարանի պետության և իրավունքի ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանն է ներկայացրել բոլոր շրջանավարտների դիպլոմները, այդ թվում՝ իմը: Ես էլ այդ պահին տեսակցության սենյակում հարազատներիս՝ հյութով լի բաժակներով կենացներն էի լսում (ալկոհոլ այստեղ չի թույլատրվում):
Երևի մտածում եք, թե բանտում անելիք չկա, պարապուրդ ու ձանձրույթ է, ժամանակն էլ՝ անսպառ հարատև: Բայց, անկեղծ ասեմ, ինձ չի բավարարում ժամանակը, քանի որ գրեթե միշտ զբաղված եմ: Համալսարանը ավարտելով՝ որոշել էի մի փոքր հանգստանալ. 5 տարի անընդմեջ պարապել էի: Բայց ինքս էլ չէի պատկերացնում, որ այսչափ աշխատանք եմ ունենալու որպես իրավաբան: Թե՛ ցմահ, թե՛ մեկուսարանի տնտեսական մասում աշխատող դատապարտյալներից դիմում են ինձ, որ օգնեմ տարբեր իրավաբանական հարցերում: Իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս անգամ զբոսախցում: Իսկ հետո նրանց համար դիմումներ, բողոքներ եմ գրում ու, իրենց հետ միասին, անհամբեր սպասում պատասխաններին: Խնդիրները տարբեր են`կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են դատապարտվել ազատազրկման, լավ վարքագիծ են դրսևորել և բաց տիպի քրեակատարողական հիմնարկ կարող են տեղափոխվել, այսինքն`ամբողջ օրը լինել ազատության մեջ, աշխատել և միայն երեկոյան վերադառնալ քրեակատարողական հիմնարկ:

Իսկ ինչ վերաբերում է պայամանական վաղաժամկետ ազատմանը, ապա այս ինստիտուտը, հուսով եմ, որ շուտով գործունակ կդառնա: Առահասարակ, համոզված եմ, որ ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործությունների դեպքերում ազատազրկումը պետք է հազվադեպ կիրառել: Ի՞նչ օգուտ է ստանում պետությունը, հանրությունը կամ հենց նույն տուժող կողմը, եթե, ասենք` գողության մեղադրանքով քաղաքացուն տարիներով պահեն գաղութում, որտեղ նա պետական բյուջեի հաշվին պետք է պահվի`ապահովվի սննդով, հագուստով, հիգիենայի պարագաներով և այլն: Հասկանալի է, որ նման ձևով պատժելը չի կարող նպատակահարմար լինել ո՛չ պետությանը և ո՛չ էլ հանցագործությունից տուժած քաղաքացուն: Իսկ հանցանք կատարած մարդն էլ գաղութում առանց աշխատանքի, հանցավոր միջավայրի ազդեցության տակ մի՞թե ուղղվում է: Այս տիպի հանցագործությունների պարագայում պետք է կիրառել այլ պատժատեսակներ, հնարավորություն տալ ազատության մեջ գտնվելով` աշխատանքով փոխհատուցել պատճառված վնասը:
Ինչ վերաբերում է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին, ապա այս դեպքերում ազատազրկումը պետք է ծառայի իր ամենակարևոր, հիմնական նպատակին`հանցանք գործած անձի ուղղմանը: Սրա համար հատուկ մշակված անհատական ծրագրեր պետք է իրագործվեն, բարձորակ մասնագետներ պետք է աշխատեն նրանց հետ: Ցավոք, մեր իրականության մեջ մինչ այս գործել է ոչ թե օրինականության սկզբունքը, ոչ թե ուղղման գաղափարը, այլ միայն վրեժխնդրությունը: Այսինքն`եթե տուժող կողմն ազդեցիկ է`ուներ կապեր հանցավոր իշխանությունների հետ, կաշառում էր դատավորներին, ապա ենթադրյալ, կամ իրական հանցավորը պատժվում էր ամենախիստ ձևով: Այսինքն`պարզապես դատարանը գործիք էր վրեժ լուծելու, այլ ոչ թե արդարադատություն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, եթե տուժող կողմը շարքային քաղաքացի էր, առանց իշխանական կապերի ու գումարի, ապա նրա դեմ հանցանք կատարածները կամ չէին բացահայտվում, կամ խուսափում էին պատժից: Այն է` արդարադատությունն ընտրովի էր:
Արդարության յուրօրինակ խորհրդանիշը հենց դատարաններն են, որտեղ պետք է արդարադատություն իրականացվի: Ուրախ եմ, որ այս օրերին բազմիցս լսում եմ «անմեղության կանխավարկածի» մասին: Փաստաբաններից մեկը դեռ նախկին իշխանությունների օրոք ասում էր. «Հարգեք անմեղության կանխավարկածը, քանի որ այն հենց ձեզ է պետք գալու… »:
Իսկ քանի՞ մարդ նախկին իշխանությունների օրոք հայտնվեց բանտերում, նաև մահապատժի ճիրաններում`անմեղության կանխավարկածի հիմնարար իրավունքի կոպտագույն խախտմամբ: Մարդիկ ծանրագույն պատժի էին ենթարկվում ենթադրությունների հիման վրա, իսկ չփարատված կասկածները, փոխարենը մեկնաբանվեին ի օգուտ մեղադրյալի, ինչպես և պահանջում է անմեղության կանխավարկածը, արվում էր ճիշտ հակառակը:
Հուսով եմ, ավելին`համոզված եմ, որ մեր թավշյա, զտարյուն հայկական հեղափոխությունը կբացահայտի նաև այդ դեպքերը, ինչպես կբացահայտվեն մարտի 1-ի ոճրագործները և մարդկանց վրա կրակելու հրաման տվողները:
Հ.Գ. Մինչ այդ, այստեղ՝ «Նուբարաշեն» կլոր բանտում ժամանակ առ ժամանակ ծափեր են լսվում, մարդիկ շարունակում են ազատություն վերադառնալ: Տարոսը բոլոր անարդար դատապարտվածներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել