HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ կոսմետիկան աղավաղում է գեղեցկությունը

Քրիստինե Աղալարյան
Քրիստինե Վարդանյան 

Այսօր վաճառքի յուրաքանչյուր կետից կարող ենք գնել ճանաչված ֆիրմաների կոսմետիկական արտադրանք, օրինակ' «Քրիստիան Դիոր», «Շվարցկոֆ», «Նիվեա», «Հերբալ», «Վելլա» եւ այլն' չկասկածելով անգամ, որ դրանք կարող են օրիգինալ արտադրանքը չլինել:

«Ես «Երիտասարդականի» գետնանցումից գնել էի «Մանհեթն» ֆիրմայի արտադրանքի շրթունքի մատիտ եւ օգտագործելիս ինձ մոտ ալերգիա առաջացավ' շրթունքս ամբողջությամբ դուրս տվեց»,- ասում է Տաթեւիկ Հայրապետյանը:

49-ամյա Թագուհի Գինոսյանը պատմեց, որ մի քանի անգամ օգտագործել է «Չիստայա լինիա» ֆիրմայի դեմքի քսուքը, որը գնել է Արմավիր քաղաքի տոնավաճառից, եւ վերջին անգամ օգտագործելիս նկատել է, որ քսուքը դեղին գույն ունի: Մի քանի ժամից դեմքն ամբողջությամբ կարմրել է' պատվել մանր ցանով: «Սկզբում ինձ թվաց, թե սննդից է, կամ էլ մաշկիցս, բայց հետո հասկացա, որ քսուքից է եւ դադարեցրի օգտագործելը»:

«Հայ օրիորդները սիրում են իրենց պայուսակներից ցուցադրաբար դուրս հանել «Քրիստիան Դիոր» կամ որեւէ թանկարժեք կոսմետիկական իր' չմտածելով, որ դրանք կարող են կեղծված լինել,-ասում է «Անահիտ դե Լյուքս» գեղեցկության սրահի կոսմետոլոգ Նատալյա Խաչատրյանը: Նման դեպքեր շատ են գրանցվում, հատկապես երիտասարդ աղջիկների մոտ: «Լինում են դեպքեր, երբ պրոբլեմը հաճախորդի մաշկի որակի մեջ է, որը կապված է կոսմետիկայի ոչ ճիշտ օգտագործման հետ: Երբեմն 15 տարեկանից սկսում են օգտագործել տարբեր տեսակի քսուքներ, որոնք փչացնում են մաշկը, սակայն, ամենից հաճախ, հանդիպում են դեպքեր, երբ պրոբլեմի պատճառը անորակ կամ էժանագին կոսմետիկայի օգտագործումն է»,-շարունակում է կոսմետոլոգը:

Կոսմետիկական արտադրանքը մտցված է ՀՀ կառավարության հաստատած պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկի մեջ: Կոսմետիկական արտադրանքն ունի անվտանգության եւ պարտադիր պահպանման ցուցանիշներ, որոնք կարեւոր են մարդու կյանքի համար: «Սերտիֆիկացման եղանակներից մեկը հավաստագրումն է՝ հավատարմագիրը, որն իրականացվում է օրենքի պատասխանատվությամբ՝ հատուկ ներկայացված փաստաթղթերով: Կա եւս մի տարբերակ. պարբերաբար կատարվող ստուգումների արդյունքում արտադրողին տալիս ենք սերտիֆիկատ: Նախքան սերտիֆիկատ տալը ապրանքի օրինակը ենթարկվում է փորձաքննության, իսկ վերստուգումներն իրականացվում են ամեն տարի»,- պարզաբանում է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության պետ Ռոբերտ Դայանը:

Սակայն Ստանդարտների ազգային ինստիտուտի պարենային ապրանքների սերտիֆիկացման բաժնի մասնագետ Կարինե Սահակյանը նշեց, որ իրենք որակը չեն կարող ստուգել, քանի որ ապրանքի բնօրինակը չունեն: Ըստ Կ. Սահակյանի' ՀՀ ներմուծվող, արտերկրում սերտիֆիկացված կոսմետիկական ընկերությունների արտադրանքը չի ենթարկվում ստուգման. սերտիֆիկատը պարզապես վերաձեւակերպվում է: Նրանք ստուգում են այն չափանիշները, որոնք պետք է ապահովեն մարդու կյանքի անվտանգությունը:

ՀՀ Առողջապահության նախարարությունը մշակել է կոսմետիկայի սանիտարական նորմեր եւ կանոններ: Ստանդարտների ազգային ինստիտուտի սերտիֆիկացման բաժնի տնօրենի տեղակալ Մելքոն Գասպարյանը նշում է, որ եթե սերտիֆիկացման ներկայացված հայտը չի համապատասխանում այդ նորմերին, հայտը մերժվում է:

Ըստ պրն Գասպարյանի' եթե կան այնպիսի վաճառքի կետեր, որտեղ վաճառվում է ոչ սերտիֆիկացված կոսմետիկա, ապա պետք է տեղյակ պահել համապատասխան մարմիններին, այս դեպքում' որակի տեսչությանը, եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Չսերտիֆիկացված ապրանքի վաճառքի համար սահմանված է տուգանք' 100-300 000 դրամի սահմաններում:

Անորակ եւ կեղծ կոսմետիկական ապրանքները Հայաստան են ներմուծվում մաքսանենգ ճանապարհով: Որակի տեսչությունից մեզ ասացին, որ իրենք չեն կարող վերահսկել մանր վաճառքի բոլոր կետերը, քանի որ չունեն բավական միջոցներ եւ հնարավորություններ:

Ցանկացած անձ, ով գնում է կոսմետիկա, իրավունք ունի վաճառողից պահանջել յուրաքանչյուր ապրանքի, այդ թվում' կոսմետիկայի սերտիֆիկատը, ինչը հիմա բացակայում է մեր վաճառքի կետերում: Մի շարք խանութներում մենք պահանջեցինք ցույց տալ ապրանքի սերտիֆիկատը: Բոլոր տեղերում էլ ստացանք նույն պատասխանը' «Մեր ապրանքը որակով է, բայց սերտիֆիկատ մեզ մոտ չենք պահում», իսկ Մաշտոցի պողոտայի մի խանութում եւ գետնանցումներում հարցրեցին, թե ինչի համար է այդ սերտիֆիկատը:

Ստանդարտների ազգային ինստիտուտի սերտիֆիկացման բաժնի մասնագետ Կարինե Սահակյանը պարզաբանեց, որ բոլոր այն ընկերությունները, որոնց տրվում է սերտիֆիկատ, վաճառքի կետերին պարտադիր պետք է տրամադրեն տվյալ սերտիֆիկատի կրկնօրինակը. «Մեզ մոտ սերտիֆիկացման համար հայտագրված ընկերություններին տրվում է երկու տիպի սերտիֆիկատ՝ կապույտ եւ կանաչ, որոնցից կանաչը մնում է տնօրենի մոտ, իսկ կապույտը պետք է մնա վաճառքի կետում»:

«Վերջին 4 տարվա ընթացքում կոսմետիկայի անօրինական ներմուծման քանի՞ դեպք է գրանցվել» հարցով դիմեցինք ՀՀ Մաքսային վարչություն:

Մաքսային վարչության լրատվության բաժնից Մարինե Օհանջանյանը տեղեկացրեց, որ Մաքսային վարչության աշխատակիցները կոսմետիկայի անօրինական ներմուծման առգրավման դեպքեր հայտնաբերել են այն ժամանակ, երբ անօրինական ճանապարհով փորձել են շրջանցել մաքսային հսկողությունը, կամ պակաս քանակով են հայտագրվել: Ըստ նույն աղբյուրի' հաճախակի են դեպքերը, երբ բեռնակիրների միջոցով Բագրատաշենից (Սադախլու) փորձում են անօրինական ճանապարհով կոսմետիկա ներմուծել Հայաստան:

2002-2005թթ. առաջին եռամսյակում անօրինական ճանապարհով ՀՀ ներմուծված կոսմետիկական ապրանքների բռնագրավման 27 դեպք է հայտնաբերվել: Վերջին 4 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2003-ին, հայտնաբերվել է 9 դեպք, իսկ ամենացածր ցուցանիշը' 2002-ին' 2 դեպք: 2005թ. առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է 4 դեպք: Բռնագրավված արտադրանքը խառը տիպի է, այսինքն' դրա մեջ մտնում են եւ՛ աչքերի հարդարման միջոցներ, եւ՛ շրթներկ, եւ՛ դիմափոշի, եւ՛ օծանելիք եւ այլն: Առգրավված ապրանքների անվանացանկին չկարողացանք ծանոթանալ. Մարինե Օհանջանյանի ասելով' դա առեւտրային գաղտնիք է, եւ իրենք իրավունք չունեն հրապարակել նման տվյալներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter