HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թատերական ինստիտուտում լուծարքն արժե 1500-3000 դրամ

Անի Եղիազարյան
Մանե Մադոյան

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի (ԵԿԹՊԻ) ուսանողները լուծարքային առաջին շրջանի համար 1500, իսկ երկրորդի համար 3000 դրամ են վճարում հաշվապահությունում եւ ստանում վճարման ստացական: Դրա առկայության դեպքում է միայն դասախոսը թույլ տալիս ուսանողին վերահանձնել ստուգարքը կամ քննությունը:

Տարիներ շարունակ այս «կարգին» հնազանդվող ուսանողներից ոչ մեկը չգիտի, թե երբ է ինստիտուտը սկսել դա կիրառել: Այդ մասին չի հիշում նույնիսկ ինստիտուտի գլխավոր հաշվապահ Սեդա Գասպարյանը. «Ես երկար տարիներ աշխատում եմ այստեղ, եւ իմ աշխատելու առաջին իսկ օրից այս կարգը գործում է»,-ասում է տիկին Սեդան: Վճարման այս կարգի կիրառման վաղեմությունը հաստատեց նաեւ ԵԿԹՊԻ-ի դեկան Նարինե Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ թե՛ վճարման կարգը, թե՛ գումարի չափը որոշվել եւ հաստատվել է ռեկտորատի նիստում: «Ես ընդամենը մեկ տարի է, ինչ ստանձնել եմ դեկանի պաշտոնը,- ասաց Ն. Սարգսյանը,-սա վաղուց ընդունված որոշում է եւ գործել է նաեւ ինձ նախորդած դեկանների պաշտոնավարման ընթացքում»: Գլխավոր հաշվապահի խոսքերով' թեպետ կարգը վաղուց է գործում, բայց միայն վերջերս է այդ որոշումը փաստաթղթով հաստատել ներկայիս դեկանը: «Մինչ այդ երեխաները փողը մուծում էին,-բացատրում է Ս. Գասպարյանը,-բայց որոշումը թղթով չկար: Ես դիմեցի դեկանին, եւ նա ստորագրեց հրաման, որով իրավունք ենք ստանում ուսանողներից գանձել վերոհիշյալ գումարը»: Դեկան Ն. Սարգսյանը նշեց, որ հրամանը հիմնավորված է ուսանողների հեռացման եւ վերականգնման մասին Կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) կողմից հաստատված կանոնագրով: Նրա խոսքերով' ըստ կանոնագրի ուսանողները քննություն կամ ստուգարք վերահանձնելու համար պետք է որոշակի գումար վճարեն, իսկ գումարի չափը սահմանվում է ներքին կանոնակարգով: «Սա ոչ թե նախարարության կողմից վերահսկվող գործընթաց է,-նշեց դեկանը,-այլ նախարարությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը»:

Կրթության եւ գիտության նախարարությունում հայտարարեցին, որ ԵԿԹՊԻ-ում իրականացվող գանձումը պարզապես ապօրինի է. «Բուհը ոչ մի իրավական հիմք չունի անհարգելի բացակայություններ ունեցող կամ լուծարքային շրջանում հայտնված ուսանողներից գումար գանձել»,-ասաց մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ չնայած ԿԳՆ-ն հնարավորություն է տալիս բուհերին իրականացնել իրենց արտաբյուջեն ապահովող ձեռնարկատիրական գործունեություն, սակայն այդ կանոնակարգում չկան վերոհիշյալ գանձումներին իրավական հիմք տվող կետեր: «Ես այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո զանգահարել եմ բուհի պրոռեկտորին,-ասաց Ռ. Գասպարյանը,-հրահանգ է տրված, որ ռեկտորատը նոր որոշում կայացնի եւ այդ ներքին կանոնակարգը հանի: Նախարարությունը այս ամենը խստիվ դատապարտում է»: Նա նշեց, որ բուհը պարտավորվել է պաշտոնապես ԿԳՆ-ին տեղեկացնել կանոնակարգի դադարեցման մասին:

«Եթե անձը իրավահարաբերության մեջ է մտնում որեւէ սուբյեկտի կամ կազմակերպության հետ,-ասում է իրավաբան Վարուժան Անտոնյանը, որին դիմել էինք խորհրդատվության կարգով,-վերջինս պարտավոր է նախօրոք տեղեկացնել իրենց համագործակցության պայմանների եւ հետեւանքների մասին: Տվյալ դեպքում բուհը ոչ միայն պիտի ուսանողներին նախօրոք ծանոթացներ կանոնակարգին, այլեւ պարտավորվեր բոլոր հետագա փոփոխությունների դեպքում տեղեկացնել դրանց մասին: Իրավական տեսանկյունից՝ հակառակ դեպքում սա ուղղակի մարդու իրավունքների ոտնահարում է»:

Թե՛ ինստիտուտի դեկանը, թե՛ գլխավոր հաշվապահը հավաստիացնում էին, որ ուսանողները նախապես ծանոթանում են կանոնակարգին: Ըստ նրանց' ինստիտուտի երկրորդ հարկի ցուցատախտակի վրա փակցվում է դեկանի՝ վճարման կարգը հաստատող հրամանի պատճեն (իսկ մինչ այդ ուսանողները այդ մասին կարող էին տեղեկանալ նույն տեղում փակցված որոշման միջոցով): Մեր' այնտեղ գտնվելու պահին ցուցատախտակի վրա վերոհիշյալ կանոնակարգի մասին հիշեցնող ոչ մի փաստաթուղթ չկար: Ուսանողները պնդում էին, որ նման հայտարարություն հայտնվում է միայն քննաշրջանի ընթացքում: Դրան կցվում են նաեւ այն ուսանողների անունները, ովքեր պարտավոր են վճարումներ կատարել: Ուսանողներն ասում են, որ կանոնակարգի մասին իմացել են կա՛մ ավագ ընկերներից, կա՛մ էլ սեփական փորձից:

ԵԹԿՊԻ-ի ուսանողները ոչ մի քայլ չեն ձեռնարկել այս կանոնակարգի դեմ: Ինստիտուտի ուսխորհրդի փոխնախագահ Նորայր Նազարյանը հավաստիացրեց, որ ոչ մի ուսանող իրեն այդ հարցով չի դիմել: Նրա խոսքերով' ինստիտուտում կանոնակարգը վաղուց արդեն «հաճելի» ավանդույթ է դարձել:

Սեդա Գասպարյանը տեղեկացրեց, որ նախորդ ուսումնական տարում բուհը լուծարքային գումարներից ստացել է 1.022.500 դրամ եկամուտ:

Ինստիտուտի գլխավոր հաշվապահը նշեց, որ այդ գումարները ծախսվում են բուհի ընդհանուր կարիքները հոգալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter