HY RU EN

Դիանա Ղազարյան

Նազիկ Ամիրյանը կձերբակալվի

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչն այսօր պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին «Հետքի»-ին հայտնեցին հատուկ քննչական ծառայությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։ Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Հավելենք, որ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ն հայտնաբերել է «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք, պաշտպանության նախարարության կողմից տրամադրված սնունդ: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ. նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գրիգորյանը դրանք հափշտակել է, տեղափոխել իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար:

լուսանկարը՝ news.am