HY RU EN

Դիանա Ղազարյան

Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) բերման է ենթարկվել

Այսօր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին, ով հայտնի է «Սերժի Վաչո» անունով։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։

Նշենք, որ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հունիսի 22-ին հայտնել էր, որ հունիսի 20-21-ին կատարված խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ էր հարուցել Վաչագան Ղազարյանի նկատմամբ՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի բնակարանի խուզարկությունից հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 500 եվրո, 36 մլն ՀՀ դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ պարզվի դրանց ծագումը։ Բացի այդ, խուզարկություն է կատարվել նաև Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում: Համալիրում խուզարկությունները կատարվել են քրեական գործի քննության շրջանակներում, որտեղ արձանագրվել են չարաշահումներ:

Նախնական տվյալներով՝ համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ. հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25 մլն դրամի գույքային վնաս, որից 6 մլն դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս. Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:

Քրեական գործով հունիսի 20-ին խուզարկություն էր կատարվել նաև ռեստորանային համալիրի տարածքում գործող ակումբում, «Սելենա» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Կարապետյանի բնակարանում։ Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ` հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:

Ճշտում: Նյութի վերնագիրը փոխվել է՝ հիմք ընդունելով ԱԱԾ պարզաբանումը, ըստ որի՝ Վաչագան Ղազարյանը ոչ թե ձերբակալվել է, այլ բերման է ենթարկվել:

լուսանկարում Վաչագան Ղազարյանը՝ ձախից երրորդը / Սարո Բաղդասարյան, Հետք


Կարդացեք նաև՝

«ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ից` Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչոյի) կնոջը. չհայտարարագրած և թաքցրած գույքը