Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Վարչական դատարանի նախագահ
Հունիսի 25-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը վարչական դատարանի դատավորների հետ: Այս մասին տեղեկացնում է դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով Վարչական դատարանի գործունեության 10-ամյակի կապակցությամբ՝ խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանդիպման հիմնական նպատակը, անդրադարձել առանցքային որոշ հարցադրումների:
Հաղորդագրության համաձայն՝ կարևորվել է դատարանների ծանրաբեռնվածության, նյութատեխնիկական ապահովման, օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրների լուծումը: «Մեր գերագույն խնդիրներից մեկը դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափումն է: Մեկնարկել է պիլոտային ծրագիր՝ պարզելու դատարանների ծախսատարության հարցը: Եվ այդ մեկնարկը տրվել է հենց Վարչական դատարանից: Մեր նպատակն է ոչ թե խնդրի մեխանիկական վերհանումը, այլ բովանդակային վերլուծության ենթարկելը: Անելու ենք ամեն ինչ՝ ունենալու առավել բարձր որակի վարչական արդարադատություն»,- նշել է խորհրդի նախագահը:
Ուշադրություն է հրավիրվել նաև արդարադատության իրականացման հարցում դատարանների հիմնական առաքելության վրա: Գագիկ Հարությունյանը հատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու խոչընդոտել դատավորին արդարադատական գործառույթն իրականացնելիս, սակայն հետևողական է լինելու դատավորների վարքագծին՝ թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ քաղաքացիների հետ շփումներում:
«Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության, արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Մշտադիտարկման շնորհիվ հնարավոր կլինի նաև գնահատել յուրաքանչյուր դրական ու բացասական շարժընթաց»,- եզրափակել է Գագիկ Հարությունյանը:
Քննարկմանն ակտիվ մասնակցություն են ունեցել բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վարչական դատարանի դատավորները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք հրատապ հարցերով կազմակերպել հատուկ քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով նաև փորձագետների։
Օրակարգային հարցերի քննարկումից զատ նախատեսված է եղել նաև Վարչական դատարանի նախագահի ընտրություն:
Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով, Վարչական դատարանի 22 դատավորների կազմից դատարանի նախագահ է ընտրել Աղասի Դարբինյանին:
Առավելագույն ձայներ ստացել են.
-
Դարբինյան Աղասի - 6 կողմ
-
Ղազարյան Արգիշտի - 3 կողմ
-
Սոսյան Գևորգ - 1 կողմ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել