Ճանապարհաշինարարական աշխատանքների փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելով` ուռճացվել է նյութածախսը. հարուցվել է քրեական գործ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գնումների գործընթացում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության շրջանակներում ուսումնասիրվել է 2017 թվականին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքների կատարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգը:
Ինչպես հայտնում է դատախազությունը՝ պարզվել է, որ տվյալ մրցույթին մասնակցել է մեկ տնտեսվարող սուբյեկտ և ճանաչվել հաղթող ընդհանուր 158,4 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով: Իրականացված աշխատանքների նյութածախսի, ճարտարապետաշինարարական նախագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշխատանքներում օգտագործվել են այնպիսի նյութեր և ապրանքներ, որոնք զգալիորեն մեծացրել են կատարված աշխատանքների գինը: Մասնավորապես, գրեթե նույն ժամանակահատվածում արտաքին լուսավորության անցկացման շինարարական աշխատանքներ են իրականացվել նաև Մեղրի համայնքում, որտեղ օգտագործվող ապրանքների նյութածախսը եղել է բազմակի անգամներ ավելի ցածր:
Նշված պայմաններում հիմնավոր կասկածներ են առաջացել ինչպես Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքներում օգտագործվող ապրանքների ցանկի որոշման և նախահաշվային գնի ուռճացման, այնպես էլ փաստացի կատարված աշխատանքներում նախահաշվին և տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանքների օգտագործման առումով: Ելնելով դրանից՝ գլխավոր դատախազությունը դիմել է ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ հնարավոր սեղմ ժամկետում ուսումնասիրելու նշված գնման նախահաշվի ձևավորման գործընթացը, ինչպես նաև փաստացի կատարված աշխատանքների, օգտագործված նյութերի համապատասխանությունը պայմանագրի պահանջներին:
ՊԵԿ ԻՀ ու ՎՎԻՎ հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է «Մ... Շ...» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկը, համաձայն որի՝ ընկերության կողմից 2017թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին կատարվել է 22 775 800 դրամի չափով ավել նվազեցումներ: Դրա արդյունքում տարեկան շահութահարկից 4 555 200 դրամի չափով պակաս հարկ է վճարվել:
Նկատի ունենալով, որ «Մ... Շ...» ՍՊ ընկերությունն օրենքով նախատեսված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով խուսափել է պետական բյուջե 4 555 200 դրամի հարկ վճարելուց՝ ելնելով գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կայացած քննարկման արդյունքներից՝ ՊԵԿ ԻՀ ու ՎՎԻՎ հետաքննության բաժնում քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել