HY RU EN

Դիանա Ղազարյան

Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) ձերբակալվել է

Քիչ առաջ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը: Այս մասին Հետքին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Վաչագան Ղազարյանին: 

Ավելի ուշ հաղորդագրություն է տարածել Հատու քննչական ծառայությունը, այն մեջբերում ենք նույնությամբ․

« 25.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով նույն օրը  ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հունիսի 22-ին հայտնել էր, որ հունիսի 20-21-ին կատարված խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ էր հարուցել Վաչագան Ղազարյանի նկատմամբ՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ։

Հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի բնակարանի խուզարկությունից հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 500 եվրո, 36 մլն ՀՀ դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ պարզվի դրանց ծագումը։ Բացի այդ, խուզարկություն է կատարվել նաև Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում: Համալիրում խուզարկությունները կատարվել են քրեական գործի քննության շրջանակներում, որտեղ արձանագրվել են չարաշահումներ:

Նախնական տվյալներով՝ համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ. հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25 մլն դրամի գույքային վնաս, որից 6 մլն դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս. Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:

Քրեական գործով հունիսի 20-ին խուզարկություն էր կատարվել նաև ռեստորանային համալիրի տարածքում գործող ակումբում, «Սելենա» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Կարապետյանի բնակարանում։ Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ` հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: