HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զգուշացիր ավտոմեքենայից

«Արտասահմանում մեքենայի մարտկոցները հավաքում են, իսկ մեզ մոտ էդպիսի համակարգ չկա, դեն ենք նետում, բայց գիտենք, որ վտանգավոր է»,-ասաց երեւանյան բակերից մեկում աշխատող մի ավտոտեխնիկ:

Թե ինչու է վտանգավոր օգտագործված մարտկոցները դեն նետելը, նա չկարողացավ բացատրել: Սակայն Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտությունների կենտրոնի նախկին տնօրեն Չարլզ Դանլափը պնդում է, որ մարտկոցների պարունակած պինդ կապարը հողի միջոցով կարող է թափանցել մարդկանց արյան մեջ, իսկ դա առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում:

«Երեխաների արյան մեջ կապարի մեծ պարունակությունը կարող է բերել նյարդային համակարգի խանգարումների, մտավոր ունակությունների եւ լսողության նվազման, նրանք կարող են դառնալ դժվար կառավարելի»,-ասում է Հայաստանի ամերիկայն համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դասախոս Վարդուհի Պետրոսյանը:

Ամերիկյան համալսարանի հետազոտությունների կենտրոնը Հայաստանի շրջակա միջավայրում կապարի պարունակության եւ դրա ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունները սկսել է 1998թ.: Ուսումնասիրվել են Հայաստանի հյուսիսային շրջաններն ու Երեւանը:

Մեր երկրում պաշտոնապես արգելված է կապար պարունակող դիզելային վառելիքի օգտագործումը եւ, ի տաբերություն, ասենք, ԱՄՆ-ի, մեզնում դեռ 1920-ականներին գործածությունից դուրս են բերվել կապար պարունակող ներկերը: Ինչպես իր ուսումնասիրության մեջ նշում է Չարլզ Դանլափը, հայաստանյան սնունդը դժվար թե այս առումով վտանգավոր լինի: Ուսումնասիրողները արյան մեջ կապարի ներթափանցման հիմնական աղբյուրը համարում են հողը:

Երեւանյան հողում կապարի պարունակության սովորական չափաբաժինը 10-20մգ/կգ է: Միացյալ նահանգների եւ եվրոպական երկրների կառավարությունները որպես վտանգավոր չափաբաժին սահմանել են 1000 մգ/կգ: Սակայն Երեւանի մի շարք թաղամասերից վերցված մոտ 400 նմուշների 20%-ում չափաբաժինն անցնում է 2000 մգ/կգ-ը' երբեմն հասնելով 20.000 մգ/կգ-ի: Ամենաբարձր ցուցանիշները բակերի այն հատվածներում են, ուր մարդիկ նորոգում են իրենց ավտոմեքենաները:

«Երեւանյան բակերում մենք տեսանք գետնին նետված ու նույնիսկ ջարդված մարտկոցներ, քանի որ մարդիկ հիմնականում բակերում են նորոգում իրենց մեքենաները: Իսկ այդտեղ խաղում են երեխաները, եւ սա շատ վտանգավոր է»,-իր ուսումնասիրության մեջ գրում է ՀԱՀ Հետազոտությունների կենտրոնի նախկին տնօրեն Չարլզ Դանլափը:

Շատ երկրներում, մասնավորապես Միացյալ նահանգներում, մարտկոցը դեն նետելը միջավայրի աղտոտում է համարվում ու պատժելի է: Իսկ ԱՄՆ 42 նահանգներում օրենքը պահանջում է հավաքել եւ վերամշակել օգտագործված մարտկոցները: Այս ճանապարհով ամերիկացիները պահպանում են շրջապատի մաքրությունն ու խթանում են արդյունաբերությունը. վերամշակող ընկերությունների համար կապարի հիմնական աղբյուրը մարտկոցներն են: Ամերիկյան Battery Council International կազմակերպության 2001թ. հոկտեմբերի 17-ին տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ խանութները 4-7$ են վճարում օգտագործված մարտկոցները հանձնելու դեպքում: Դոկտոր Դանլափն առաջարկում է այս մեթոդը կիրառել նաեւ Հայաստանում, քանի որ Իրանում մարտկոցների վերամշակմամբ զբաղվող գործարանը հաճույքով կգնի նաեւ հայաստանյան «թափոնը»: Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Պեպանյանը տեղեկացրեց, որ կապարն այն վտանգավոր նյութերի ցուցակում է, որոնք չի կարելի երկրից երկիր տեղափոխել: Իսկ երկրում կապարի կամ մարտկոցների վերամշակմամբ ու նորոգմամբ զբաղվելու հայտով նախարարությանը դեռ ոչ ոք չի դիմել:

Վերամշակողներ, այնուամենայնիվ, կան: Աջափնյակի աղբանոցի պահակը ամեն օր հանդիպում է մարդկանց, ովքեր հավաքում են դեն նետված մարտկոցները: Նրա ասելով' մարդիկ ջարդում են ու հալեցնոմ մարտկոցներում եղած կապարը, ապա հանձնում:
Այս ընթացքում կապարն արդեն օդ է արտանետվում:

Ելնելով ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության վիճակագրության տվյալներից' Չարլզ Դանլափը եզրակացնում է, որ Երեւանում ապրող երեխաների 10-20%-ի արյան մեջ կարող է լինել կապարի վտանգավոր քանակություն: Վիճակագրության արդյունքները հերքելը կամ հաստատելը առայժմ անհնար է. «Արյան մեջ կապարի եւ առհասարակ ծանր մետաղների պարունակությունը Հայաստանում չի ստուգվում, որովհետեւ չկան համապատասխան թեսթեր»,-ասում են Երեւանի տարբեր բուժհիմնարկների լաբորատորիաների պատասխանատուները:
Արյան եւ ախտորոշման «Վիոլլա» կենտրոնի բժշկուհի Հասմիկ Օհանյանի ասելով' մարդիկ երբեւէ նման հարցով չեն դիմել իրենց, իսկ ծանր մետաղներից թունավորվածներին Հայաստանում բուժում են' ելնելով ախտանիշերից:

«Մարդիկ իրենց մեքենաները վերանորոգում են նաեւ այլ քաղաքներում ու գյուղերում, հետեւաբար կարծում ենք, որ խնդիրն առկա է Հայաստանի ողջ տարածքում: Առհասարակ, բոլոր այն երկրներում, ուր չկա մարտկոցները հավաքող որեւէ համակարգ կամ մարմին, մենք կարող ենք նման խնդիր ակնկալել»,-գրում է Չարլզ Դանլափն ուսումնասիրության մասին իր զեկույցում:

Արծրուն Պեպանյանի ասելով' Բնապահպանության նախարարությունը ծանոթ է խնդրին, սակայն առայժմ անզոր է որեւէ բան անել: Նա նշեց, որ Հայաստանը այլ կարեւոր էկոլոգիական խնդիրներ էլ ունի, որոնց լուծման համար, սակայն, հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ. այս փաստը կառավարությանը փակուղու առաջ է կանգնեցրել եւ կապել է նաեւ նախարարության ձեռքերը:

Լուսինե Գրիգորյան
Լուսանկարը' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter