
Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը կուսումնասիրի Ամուլսարի նախագիծը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուք իր էջում գրառում է արել, հայտնելով, որ վարչապետի հանձնարարականուվ ստեղծվել է աշխատանքային խումբ: Հանձնարարականի համաձայն Աշխատանքային խումբն առաջինն ուսումնասիրելու է Ամուլսարի նախագիծը։ Ստորեւ ներկայացնում ենք Արթուր Գրիգորյանի գրառումն ամբողջությամբ․
«Ժողովուրդ ջան, այսօր վարչապետի հանձնարարականով ինձ առաջարկվել է ստեղծել Աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերության համապատասխանությունը օրենսդրության և լավագույն չափանիշների պահանջներին ու դրա արդյունքում կառավարությանը տալ փաստարկված եզրակացություններ: Աշխատանքային խմբում ներգրավված են լինելու համայնքների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և մեդիայի ներկայացուցիչներ, մասնագետներ և փորձագետներ: Մենք ինքներս ենք մշակելու մեր աշխատակարգը և բացարձակապես ազատ ենք փաստահավաք գործունեության ընթացքում յուրաքանչյուր հանքավայրի վերաբերյալ ձեռ բերել բոլոր փաստաթղթերն ու այլ ապացույցներ՝ հնարավոր խախտումները վեր հանելու և կառավարությանը ներկայացնելու համար:
Նշեմ, որ հանձնարարականի համաձայն Աշխատանքային խումբն առաջինն ուսումնասիրելու է Ամուլսարի նախագիծը: Երկու օրից ես գնալու եմ Ջերմուկ և Գնդեվազ՝ համայնքների բնակիչների հետ հանրային քննարկում անցկացնելու և ազդակիր համայնքների ներկայացուցիչներին Ամուլսարի հարցով Աշխատանքային խմբի կազմում ներգրավելու համար:
Այս համատեքստում խնդրում եմ ֆիքսենք մի բացարձակ սկզբունք. գործողությունները պետք է կազմակերպվեն այնպես, որ պետությունը հարվածի տակ չընկնի: Ամենաբարձր մակարդակով մեզ տրվել է իրավասություն՝ գտնելու բոլոր հնարավոր կոռուպցիոն սխեմաները, անօրինականություններն ու շեղումները, որոնք ՕՐԻՆԱԿԱՆ հիմք կհանդիսանան ցանկացած հանքարդյունաբերական նախագիծ դադարեցնելու, պատասխանատուներին բռի մեջ հավաքելու համար: Պետությունը պետք է բոլորին թելադրի և ոչ թե հակառակը: Բայց դրա համար ցանկացած գործողություն պետք է լինի հիմնավորված, հետևությունները պետք է հիմնված լինեն փաստերի վրա, որը մենք կարող ենք ու պետ է հավաքենք: Հանրությունը երբեք որոշումների ընդունման այսպիսի լայն հնարավորություններ չի ունեցել, ինչպես հիմա: Այնպես որ, ամեն ինչ մեր ձեռքերում է:
Երկու օրից կգամ Ջերմուկ, հետո կգնանք Սյունիք, Լոռի և այդպես շարունակ: հանքարդյունաբերության ոլորտի լիակատար վերահսկողությունը տվել են մեր ձեռքը, սկսում ենք ամենալայնամասշտաբ հանրային քննարկումների ալիքը, որը երբևէ Հայաստանում եղել է»։
Մեկնաբանել