Արցախում կվերանայվի հիփոթեքի ծրագիրը. պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Ներդրումային հիմնադրամ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 25-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարությունը։
Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ կառույցը կարևոր գործառույթ է իրականացնում ինչպես փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, այնպես էլ բնակչության բնակարանային խնդիրների լուծման հարցում:
«Մեր երկրում առկա է փոքր ու միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության գործուն համակարգ, որը կոչված է նպաստելու ՓՄՁ սուբյեկտների գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող տարբեր բնույթի խնդիրների լուծմանը: Դրա շնորհիվտարեցտարի աճում է հանրապետության համախառն ներքին արդյունքում ոլորտի մասնակցությանցուցանիշը: Այսուհետ ևս կառավարությունը շարունակելու է փոքր ու միջին բիզնեսի համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծման և ուղղակի աջակցության քաղաքականությունը՝ կատարելագործելով առկա մեխանիզմները:
Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդրին, ապա պետք է վերանայել հիփոթեքային գործող ծրագրերը և ավելի մատչելի պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը շահագրգռված է ընդլայնելու հիմնադրամի միջոցով իրականացվող աշխատանքները:
Պետնախարարը հիմնադրամի պատասխանատուներին հանձնարարել է նաև գործող բոլոր ծրագրերի վերանայման ու դրանց արդյունավետության բարձրացման նպատակով վերլուծել և առաջիկա օրերին առաջարկություններ ներկայացնել։ Նա հորդորել է մեծացնել տեղեկատվաապահովման աշխատանքները, որպեսզի իրականացվող ծրագրերի մասին հանրությունն առավելագույնս տեղեկացված լինի։
Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը նշել է, որ իրենք հետամուտ կլինեն հանձնարականների կատարմանը:
Այնուհետև ԱՀ էկոնոմիկայի նախարար Լևոն Գրիգորյանի և ԱՆՀ գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի ուղեկցությամբ պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Արցախում բիզնես միջավայրի բարելավմանհամար պետական ներդրումներով ստեղծված և հիմնադրամի ենթակայության տակ գտնվող «Մետաքս կոմբինատ» ՍՊ ընկերություն:
Պետնախարարը շրջայց է կատարել ընկերությանը պատկանող կենտրոնի տարածքում, որն ամբողջությամբ վարձակալված է գորգագործության, թեթև արդյունաբերության, սննդի ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ գործունեություն ծավալող մի շարքընկերությունների կողմից։ Ավելի քան 450 աշխատատեղ ապահովող ու դեռևս մի քանի տասնյակ աշխատատեղերի պահանջ ունեցող կենտրոնի ծրագիրը պետնախարարը հաջողված է համարել՝ ընդգծելովկառավարության կողմից նմանօրինակ նոր բիզնես-կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը։
Պետնախարարի հաջորդ այցը եղել է հիմնադրամի ներքո գործող «Արցախֆրուտ» պահածոների գործարան: Ըստ ընկերության տնօրենի՝ հումքի շուրջ 70 տոկոսն ձեռք է բերվում տեղականհողօգտագործողներից, իսկ արտադրության գերակշիռ մասը՝ սպառում արտասահմանյան երկրներում։ Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է մթերման ծավալներով, արտադրական հնարավորություններով և իրացման շուկաներով: Պետնախարարը բարձր է գնահատել «Արցախֆրուտի» աշխատանքը և խոստացել, որ կառավարությունը հետայսու ևս ուշադրության կենտրոնում կպահի ընկերության գործունեությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել