HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւհատ Գրիգորյան

Տվեք նրան, նա փոխանցի

Անցյալ շաբաթ մամուլում հրապարակվեց «Հայաստանը սկսվում է Աբովյան 1-ից» ծրագիր-առաջարկի մասին, որը Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության տնօրեն Նինա Հովնանյանը ներկայացրել էր Մշակույթի նախարարությանը։ Դրանով նախատեսվում էր գործակալության տեղեկատվական կենտրոնը, ինչպես նաեւ սրճարաններ, ռեստորան, խանութներ, ընդ որում՝ ոչ միայն հուշանվերների, «շատ հարմարավետորեն» ( մեջբերումը ' ծրագրից ) տեղակայել Հայաստանի պատմության թանգարանում եւ Ազգային պատկերասրահում։

ՀՀ վարչապետը չի հավանում Նինա Հովնանյանի ներակայրած ծրագիրը, բայց այն իրականություն է դառնում:

Ընդ որում այն իրականություն է դառնում ինչ-որ անհայտ շարժիչների շնորհիվ: Այս ծրագրի մասին խոսելիս ասում են «հավանության արժանացած», բայց թե հեղինակներից բացի ում հավանությանն է արժանացել այն, մնում է անհայտ: Մեր այս հարցից հետո «Արմենիա» տեղեկատվական կենտրոնի գրասենյակի կոորդինատոր Լուսինե Ստեփանյանն ասաց.«Չեմ ուզում խոսել»: Մինչ այդ էլ նա առանձնապես խոսկան չէր: Պատճառը գրասենյակում իրենց ներքին պայմանավորվածությունն է' այս շաբաթ որեւէ տեղեկություն չտալ մամուլում արդեն իսկ քննարկվող ծրագրի մասին: Իսկ եկող շաբաթ նրանք մամուլի ասուլիս կհրավիրեն եւ բոլորին կպատմեն, որ ինչ-որ տեղից հասարակությանը հասած ծրագիրը նախնական տարբերակն է եղել միայն եւ մամուլում «թյուր լուսաբանումներ են եղել»: Խոստանում են էլի մանրամասներ հաղորդել: Մեր «Ուշացած չի՞ լինի» հարցին Լ.Ստեփանյանը պատասխանեց.- «Չեմ կարծում»: Մենք էլ ենք կարծում, որ ուշացած չի լինի: Բայց միայն Նինա Հովնանյանի համար: Նա, մեր տեղեկություններով, արդեն հասցրել է իմանալ, որ ոչ ՀՀ պատմության թանգարանը, ոչ Ազգային պատկերասրահը չեն գտնվում Աբովյան 1 հասցեում, այլ առաջինը' Հանրապետության հրապարակ, երկրորդը' Արամի 1, եւ իր «Հայաստանը սկսվում է Աբովյան 1-ից » ծրագրի անվանումը փոխել է: Ենթադրաբար փոփոխված կլինեն նաեւ ծրագրի խիստ անգրագետ եւ հավակնոտ մի քանի այլ արտահայտություններ եւս:

Ուշացած չի լինի նաեւ այն իմաստով, որ մայիսի 26-ին, մեր տեղեկություններով, Մշակույթի նախարարությունում քննարկվելու է այս ծրագիրը, որը համաձայն նման դեպքերում տրվող ոչ գրավոր հրահանգի, հավանության կարժանանա եւ կուղարկվի կառավարության հաստատմանը: Այս եզրակացությանը գալ ստիպում է այն փաստը, որ մեկ անգամ Մշակույթի նախարարությունն արդեն մերժել է այս ծրագիրը, սակայն այն երկրորդ անգամ է հայտնվել այս գերատեսչությունում' վերը նշված հրահանգով:

Այսօր Հանրային հեռուստատեսությունում կտեսագրվի «Հինգերորդ անիվ» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որի ժամանակ ի թիվս զբոսաշրջությանն խնդիրների Ն. Հովնանյանը կամ նրա գրասենյակից որեւէ մեկը կներկայացնի նաեւ իրենց «Հայասատնն այլեւս չի սկսվում Աբովյան 1-ից» ծրագրի բոլոր բարեմասնությունները:

Լ. Ստեփանյանի հետ հեռախոսազրույցից իմացանք նաեւ, որ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում փորձել են պատասխանատվության կանչել այն աշխատակիցներին, ովքեր «Հայկական ժամանակի» թղթակցին տվել էին չարաբաստիկ ծրագիրը, սակայն վերջիններս հերքում են այդ փաստը: Եւ ճիշտ էլ անում են. այս պատմության մեջ իրենց գործունեությունը թաքուն պահել փորձում են դրա անմիջական բոլոր մասնակիցները: Ինչպես օրինակ ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Մեզ հաջողվեց ստանալ վերոնշյալ ծրագրի մասին նրա պատասխանը մշակույթի նախարարության գրությանը, որն անհնար է չներկայացնել հասարակության ուշադրությանը։

Նախ՝ իրենց պատասխանը տրամադրելու մեր խնդրանքին ի պատասխան Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը այն ներկայացրեց՝ բանավոր «փոխանցելով» դրա բովանդակությունը։ Այն է՝ այդպիսի ծրագիր չի կարող գործել, բայց իրենք պատրաստ են համագործակցելու նման կազմակերպությունների հետ։ Մի՞թե նրանք կարող են համագործակցել այնպիսի կազմակերպության հետ, որը ծրագրում է Պատկերասրահի իններորդ հարկում ռեստորան բացել։ Մեր այս հարցին ի պատասխան Փ. Միրզոյանը ցանկացավ անձամբ ծրագրում տեսնել այս տողը։ Տեսնելուց հետո ասաց.«Ռեստորանի մասին առաջին անգամ եմ կարդում» ( մինչ այդ հավաստիացնում էր.«Ես այդ ծրագրին ծանոթ եմ»)։

Այդ դեպքում ինչն են ուսումնասիրել եւ քննարկել Ազգային պատկերասրահում։ Եւ ի՞նչպես են պատասխան գրել։ Մեր հարցերն արժանացան հետեւյալ պատասխանին.«Ռեստորան չի կարող լինել»։ Բայց ավելացրեց.«Հիմա էլ եմ գտնում, որ նման կազմակերպությունների հետ պետք է համագործակցել»:

Մեզ ի վերջո հաջողվեց պրն Միրզոյանի աշխատասենյակում կարդալ նրանց պատասխանը՝ առանց դրա պատճենն ունենալու իրավունքի։

Մենք արտագրեցինք պատասխանը։ Ահա այն։

«ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության
աշխատակազմի ղեկավար Գ. Մանասյանին

Ձեր՝ 14.04.05-ի թիվ 02/705 գրությանն ի պատասխան հայտնում ենք, որ մեր կողմից ուսումնասիրվել եւ քննարկվել է ( ընդգծումը մերն է-Ա.Գ. ) Զբոսաշրջիկության զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Ն. Հովնանյանի ներկայացրած «Հայասատանը սկսվում է Աբովյան 1-ից» ծրագիրը։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արամի 1 հասցեում գտնվող շենքը ներկայումս տնօրինում են Հայաստանի ազգային պատկերասրահը եւ Հայաստանի Պատմության թանգարանը, որոնք նույն շենքում ունեն տարածքային ընդհանուր ենթակառուցվածքներ, ապա վերոնշված ծրագիրը, կարծում ենք, կգործի անարդյունավետ։ Դրա լիարժեք իրականացումը, թերեւս հնարավոր է, եթե պետական ոչ առեւտրային այդ երկու կազմակերպությունները, կառավարության հաստատմամբ, վերակազմավորվեն մեկ կանոնադրությամբ, որում նախատեսվի նաեւ տուրիզմի ենթակառուցվածքների ստեղծման իրավունք։

Հարգանքով՝ Փարավոն Միրզոյան, տնօրեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter