Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին 1-ին խմբի զինհաշմանդամ Դավիթ Հակոբյանից
Մայիսյան գյուղի 28-ամյա բնակիչ, 1-ին խմբի զինհաշմանդամ Դավիթ Հակոբյանը բաց նամակ է գրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: Զինհաշմանդամը նաև ցանկություն է հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին:
«Ես՝ Դավիթ Հակոբյանս 1-ին խմբի զինհաշմանդամ եմ, հաշմանդամությունս ձեռք եմ բերել հոսպիտալի անորակ բժիշկների անփույթ վերաբերմունքի պատճառով: Արդեն 6 տարի է` կորցրել եմ առողջությունս, և արդեն 6 տարի անդադար դիմում եմ տարբեր մարմինների առողջական վիճակիս, դրա հետևանքների և պատճառների վրա ուշադրություն հրավիրելու համար, սակայն ապարդյուն:
Ամեն ինչ սկսվեց 2012 թվականին, երբ ես ծառայում էի խաղաղապահ զորքերում: Ծառայության ժամանակ որովայնի շրջանում ցավեր զգացի, վիճակս կտրուկ վատացավ և ինձ տեղափոխեցին Մուրացանի հոսպիտալ: Այնտեղ առանց որևէ հետազոտություն կատարելու ինձ վիրահատել են, ըստ էպիկրիզի ՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: Սխալ վիրահատության պատճառով երկրորդ վիրահատության կարիք է առաջացել և 8 ժամ անց կրկին վիրահատել են: 2-րդ վիրահատության ժամանակ ընկել եմ կոմայի մեջ և 19 օր հետո եմ միայն դուրս եկել կոմայից: Կոմայից դուրս գալուց հետո շուրջ մեկուկես տարի անշարժացած, գամված եմ եղել անկողնուն, ոչ ոքի չեմ ճանաչել կարելի է ասել, բույսի կարգավիճակում եմ եղել, չեմ ունեցել ո՛չ գիտակցություն, ո՛չ շարժունակություն: Հետո բուժում եմ անցել Կարմիր խաչում, որտեղ և սկսել եմ քիչ- քիչ վերականգնվել, սկզբում նստում էի, հետո աստիճանաբար սկսեցի նաև քայլել: Այժմ այդ սխալ վիրահատությունների հետևանքով ունեմ մի շարք առողջական խնդիրենր՝ կայուն մնացորդային ձախակողմյան հեմիպարեզ, ձախ թևի թուլություն, գլխուղեղի կիստա, տսողության թուլացում:
Վերոնշյալ այս բոլոր խնդիրները առաջացել են հոսպիտալի «բժիշկների» անփույթ վերաբերմունքի հետևանքով, նրանց պատճառով ես իմ ամբողջ կյանքում ստիպված եմ հաշմանդամի կարգավիճակում մնալ, այս խնդիրների մասին սկսել եմ բարձրաձայնել այն ժամանակվանից, երբ ի վիճակի էի: Հոսպիտալի բժիշկները քաջ գիտակցելով, որ իրենց մեղավորությամբ է կատարվել ամեն ինչ, ինձ խոստացան ուղարկել Գերմանիա բուժման, միայն թե ես չբողոքեմ, սակայն հետո խաբեցին և ոչ մի տեղ չուղարկեցին, հետո նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես խոստացավ ուղարկել ինձ բուժման և կրկին ոչինչ չարվեց: Տարիներ շարունակ խաբված լինելով՝ գիտակցելով, որ այլևս ինձ վրա ուշադրություն չեն դարձնում, հասկանալով որ իրենց մեղքով ես դարձել եմ կես մարդ ու կորցրել առողջությունս, դարձել հաշմանդամ, ոչ ոք չի ուզում և նույնիսկ չի փորձում անել այն հնարավորը, որն ինձ կօգներ նորից ոտքի կանգնել՝ ես դիմեցի ծայրահեղ քայլերի: Պարբերաբար զանգում էի մեկ հոսպիտալ, մեկ ՊՆ և ասում որ այնտեղ ռումբ կա դրված, նման կերպ փորձում էի պատկան մարմինների ուշադրությունը սևեռել ինձ վրա: Այնինչ արդյունքում 2015-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց դատապարտել 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Այսպես առանց այն էլ քայքայված առողջությամբ 1-ին խմբի զինհաշմանդամիս դատապարտեցին 1 տարի 6 ամիս ազատազրկման: Ազատազրկման մեջ եղած ժամանակահատվածում առողջությունս ավելի քայքայվեց, այն դեպքում երբ ես պետք է շարունակաբար վերականգնողական բուժումներ անցնեի, հատուկ սննդակարգով սնվեի, որ գոնե առողջությանս մի մասը կարողանայի վերականգնել, այդ անազատության մեջ եղած ժամանակը անցկացրեցի նույնիսկ առողջ մարդկանց համար ոչ բարենպաստ պայմաններում:
Հետևանքն այն է, որ ունեմ կայուն մնացորդային ձախակողմյան հեմիպարեզ, որն ամբողջ կյանքի ընթացքում չի վերականգնվելու և ես ստիպված եմ համակերպվել այդ մտքի հետ: Այս ամբողջ անարդարությունների ֆոնին ես չեմ համակերպվում և երբեք չեմ համակերպվելու այն մտքի հետ, որ որոշ մարդկանց անմարդկայնության, անփութության շնորհիվ ես հայտնվել եմ այս վիճակում, կյանքիս երիրտասարդ տարիներն անց եմ կացրել և շարունակում եմ անցկացնել այս անարդարությունների հետևանքները կրելով և դրանց դիմաց որևէ փոխհատուցում ստանալու ակնկալիքով: Ցանկանում եմ նշել նաև, որ նախկին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նույնպես խոստացել էր իմ խնդիրներին լուծում տալ, բայց նրա խոստումները նույնպես օդում մնացին:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները խնդրում եմ Ձեզ օգնել ինձ բուժման նպատակով տեղափոխվել Գերմանիա, քանի, որ ես ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ բժիշկների սխալի հետևանքով հասել եմ այս վիճակին, /զրկվել եմ աշխատելու հնարավորությունից/ ես պայքարել և պայքարելու եմ այս վիճակից դուրս գալու համար, ինչպես նաև այսքան տարիներ առողջությունս վերականգնելու համար կրել եմ բազմաթիվ ֆինանսական կորուստներ և այս ահին գտնվում եմ ծանր սոցիալական վիճակում, քանի որ տարինհեր շարունակ ի վիճակի չեմ եղել աշխատելու և բուժման պատճառով բազմաթիվ պարտքեր են գոյացել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել