HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարը հետևել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Վանաձոր-Ալավերդի միջպետական (Մ-6) ավտոճանապարհի հիմնանորոգման շինտեղամասեր, որտեղ ակտիվորեն շարունակվում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվության բաժինը:

Աշխատանքների տեմպերն արագացնելու նպատակով ճանապարհը բաժանված է երեք տեղամասերի։ Ճանապարհի 38կմ հատվածում միաժամանակ աշխատում են 3 շինարարական կազմակերպություններ՝ «Արարատճանշին», «Ճանապարհ» և «Կապավոր» ընկերությունները։

Ճանապարհի մի շարք հիմնանորոգվող հատվածներում ասֆալտբետոնե պատվածքի ներքին շերտն արդեն տեղադրվել է։ Ճանապարհի 19-րդ կմ-ում՝ Փամբակ գյուղի տարածքում, ավարտվել է հենապատի կառուցումը։ Այստեղ կատարվել է ճանապարհահատվածի հորիզոնական ծրագծի փոփոխություն, ինչի արդյունքում մեղմվել է երկայնական թեքությունը: Հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ։ Արդյունքում մեծացել է տեսանելիության աստիճանը՝ առավել անվտանգ դարձնելով կտրուկ շրջադարձը։

Հարակից հատվածով անցնող երկաթգծի հողային պաստառի հնարավոր փլուզումները կանխելու նպատակով կառուցվել են բետոնե հենապատեր։ Հենապատեր են կառուցվել նաև այն հատվածներում, որտեղ գետը վարարելու դեպքում կարող է ճանապարհը ողողելու վտանգ առաջացնել։

Ճանապարհի ամբողջ երկարությամբ կատարվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապեդներ և արգելապատնեշներ։

Կատարվել են նաև հենապատերի վերանորոգման և կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման և վերակառուցման, ինչպես նաև հողային աշխատանքներ:

Նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել ճանապարհի 10,8-րդ կմ-ում վերջերս տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին։ Տասնյակ տարիներ առաջ կառուցված հենապատը հորդառատ անձրևների և սողանքի ակտիվացման պատճառով քանդվել է։ Կա նաև նոր փլուզման վտանգ։

Նախագծող կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են ճանապարհի վերականգնման մի քանի տարբերակներ։ Նախարարը հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել և, հաշվի առնելով բոլոր ռիսկերը, ընտրել խնդրի վերացման լավագույն լուծումը։

Ոստիկանության աշխատակիցների հետ նախարարը քննարկել է ճանապարհի այդ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու նպատակով միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները։

Շինարարները փլուզված տարածքը սահմանազատել են անվտանգության ժապավեններով, սահմանափակվել է բեռնատար մեքենաների երթևեկը։ Տարածքը կկահավորվի նաև զգուշացնող նշաններով, կթույլատրվի միայն մոտակա գյուղերի բնակիչների երթևեկը՝ բացառապես թեթև մարդատար մեքենաներով։

Ավարտին են մոտենում նաև թունելների վերակառուցման աշխատանքները։

Այս հատվածում շինարարությունն իրականացնող «Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանը նշել է, որ 106 մ երկարությամբ թունելում ավարտվել է մուտքի երեսպատումն ու մայթերի կառուցումը։ Ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները։

Հաջորդ՝ 280մ և 181մ երկարությամբ թունելներում ավարտվել է մուտքի անվտանգությունն ապահովող 25մ երկարությամբ գալերիաների կառուցումը։

Երթևեկելի գոտին քարաթափումներից պաշտպանելու համար թունելների մուտքերը 25մ-ով երկարացվել է։

Հին կամրջին զուգահեռ՝ նոր կամրջի կառուցման աշխատանքները ևս ամբողջությամբ ավարտվել են։

Նախարարին ներկայացվել են նաև Շնողի հիդրոէլեկտրակայանի ջրառի գլխամասի կառուցմամբ պայմանավորված հատակագծի փոփոխության մանրամասները։ Նշվել է, որ հիդրոէլեկրակայանի կառուցման աշխատանքների ձգձգումն անդրադառնում է ճանապարհի հիմնանորոգման ժամկետների վրա:

Նախարարը հանձնարարել է ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքն արագացնել, պահպանել նախանշված ժամկետները, առանձնահատուկ ուշադրություն դարձնել որակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter