HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի համայնքների մեծ մասը մանկապարտեզ չունի

Արմավիրի մարզի համայնքների մեծ մասը մանկապարտեզ չունի: Որոշ դեպքերում պատճառը շենք չունենալն է, մյուսներն էլ շենք ունեն, սակայն դրանք վթարային են, կամ շինաշխատանքները կիսատ են մնացել և այդ վիճակով հնարավոր չէ շահագործել: Այդ իսկ պատճառով համայնքների մի մասը մանկապարտեզի շենքերն օգտագործում է այլ նպատակներով՝ դարձրել են պահեստ, բնակելի կացարան, կամ լքված շինություն:

Արմավիրի մարզպետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մարզի 37 համայնքում գործում են 58 մանկապարտեզներ, 39 համայնքում մանկապարտեզ չկա՝ շենք չունենալու, իսկ 10 համայնքներում մանկապարտեզները չեն գործում՝ շենքային անմխիթար վիճակի պատճառով: 7 համայնքում մանկապարտեզները չեն գործում վերանորոգումների կամ հիմնանորոգումների պատճառով:

Նշենք, որ 40 համայնքների հանրակրթական դպրոցներում գործում են նախակրթարաններ, որոնք ստեղծվել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում: Համայնքներն այդ կերպ փորձել են լուծել մանկապարտեզ չունենալու բացը: 2018թ. Արմավիրի մարզպետարանի ծրագրերով նոր մանկապարտեզի շենքի կառուցում նախատեսված չէ:

Քանի որ գյուղական համայնքների մեծ մասը չունի գործող մանկապարտեզ, ծնողները ստիպված իրենց երեխաներին տանում են մոտակա քաղաքների մանկապարտեզներ: Օրինակ՝ մարզի Ծիածան համայնքի շենքը կառուցվել է 1948 թվականին՝ ետպատերազմյան շրջանում և մինչև օրս շենքի վրա կապիտալ վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարվել: Շենքը մեկ հարկանի է, ունի 350 քմ մակերես: Տարիների ընթացքում մանկապարտեզի շենքը դարձել է վթարային, ինչը վտանգավոր է երեխաների կյանքի ու առողջության համար: Շարքից դուրս է եկել տանիքի ծածկը, որը հողային ծածկույթ է, քայքայվել են պատերը և առաստաղը: Համայնքի շատ երեխաներ հաճախում են Էջմիածին քաղաքում գործող մանկապարտեզներ:

Ծիածան համայնքի մանկապարտեզի հարցը ներառված է նաև համայնքի ռազմավարական ծրագրում: 2001թ. մանկապարտեզը չի գործում՝ շենքի վթարային վիճակի և ֆինանսավորում չլինելու պատճառով: Դպրոցի երկրորդ մասնաշենքում բացվել է նախակրթարանի երկրորդ խումբ, որի ուսուցչուհու աշխատավարձը վճարելու համար համայնքը տալիս է դրամաշնորհ: Սակայն այս ծրագրի իրագործումը չի նվազեցնում համայնքում մանկապարտեզ կառուցելու անհրաժեշտությունը:

Ծիածան համայնքի մանկապարտեզի վթարային շենքում 2004թ.-ից մեկ ընտանիք է ապրում: Համայնքապետ Վաչիկ Գրիգորյանը «Հետք»-ին ասաց, որ նախկին համայնքապետն է շենքը տրամադրել ընտանիքին` որպես կացարան:

«Այդ շենքը խիստ վթարային է, վերանորոգման համար պիտանի չէ: Հետագայում այն չի կարող որպես մանկապարտեզ ծառայել: Համայնքը ֆինանսական միջոցներ չունի նոր մանկապարտեզ կառուցելու համար: Եթե նույնիսկ ներդրում էլ լինի, ապա մենք համաֆինանսավորման համար 10-20% գումար էլ չունենք»,- ասում է Վաչիկ Գրիգորյանը:

Համայնքապետի խոսքերով՝ համայնքում գործում է նախակրթարան, սակայն վերջինս ամբողջովին չի թոթափում մանկապարտեզ չունենալու բեռը: «Մանկապարտեզում երեխաները մնում են մինչև ժամը 4-5-ը, իսկ նախակրթարանում` մինչև ժամը 1-ը: Պարզ է, որ նախակրթարանը չի կարող փոխարինել մանկապարտեզին»,- նշում է Վ. Գրիգորյանը:

Հայթաղ համայնքում պատկերը բոլորովին այլ է: 1974թ. կառուցվել է մանկապարտեզ։ Շենքը 2010թ. մասնակի վերանորոգվել է, սակայն կիսատ է մնացել և հնարավոր չէ այն շահագործել, իսկ նախկին վերանորոգումը գնալով մաշվում և հնանում է։ Անհրաժեշտություն կա, որպեսզի մանկապարտեզի շենքը մասնակի վերանորոգվի, կահավորվի, անցկացվի ջեռուցման համակարգ: Բարեկարգ չէ նաև տարածքը: Տեղադրված են միայն մի քանի մանկական կարուսելներ:

Նախնական հաշվարկներով` մոտ 25 մլն դրամ է անհրաժեշտ Հայթաղ համայնքի մանկապարտեզը շահագործելու համար:

Մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Նորակերտ համայնքի մանկապարտեզը չի գործում շենք չունենալու պատճառով: Մինչդեռ պարզեցինք, որ մանկապարտեզը 2015թ. վերանորոգվել է շուրջ 41 մլն դրամով, սակայն աշխատանքները կիսատ են մնացել: Հիմնանորոգման նախագծահաշվային աշխատանքներում չեն ներառվել մոտ 11,5 մլն դրամի աշխատանքներ, այդ իսկ պատճառով շենքը շահագործման չի հանձնվել:

Նշենք, որ համայնքներն իրենց զարգացման ծրագրերում մեծ տեղ չեն տվել մանկապարտեզներին: Հիմնականում բավարարվել են մեկ նախադասությամբ և որևէ լուծում չեն առաջարկել: Մասնավորապես՝ Հացիկ համայնքում բավարար են համարել նշել այն, որ շենքը կառուցվել է 1962թ.: Զբաղեցնում է 555 քմ մակերես և գտնվում է վատ վիճակում:

Խանջյան համայնքի զարգացման գլխավոր փաստաթղթում նշել են, որ համայնքի նախադպրոցական հաստատությունը չի գործում վթարային վիճակում գտնվելու պատճառով: Մանկապարտեզի շենքի վերանորոգման ծրագրի իրականացմամբ «համայնքի բոլոր մանկահասակ երեխաներին հնարավորություն կտրվի հաճախելու մանկապարտեզ: Համայնքի զգալի թվով ընտանիքների կտրվի աշխատանքի հնարավորություն»,- նշված է համայնքի զարգացման ծրագրում, ըստ որի՝ նախատեսվում է այն իրականացնել 2017-2020թթ.: Իսկ թե ինչ միջոցներից, ում կողմից՝ հայտնի չէ:

Գեղակերտում օգնության չեն սպասում, մանկապարտեզը պահում են սեփական եկամուտներով

Գեղակերտ համայնքի մանկապարտեզի շենքը կառուցվել է 1967թ.: Այն անկախությունից ի վեր ընդհատումներով է գործել: 2016-2017թթ. չի գործել կապիտալ վերանորոգման պատճառով: Մի քանի ամիս է, ինչ ավարտվել է շինարարությունը: Այսօր արդեն մանկապարտեզ է հաճախում 60 երեխա, որոնք տեղավորվել են երկու խմբում:

Համայնքապետ Սերյոժա Առաքելյանն ասաց, որ հարևան համայնքների հետ համեմատ իրենց մանկապարտեզը եզակի է՝ կահավորվածության, վերանորոգված լինելու առումով: Շենքն ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է: Մի քանի տարի առաջ փոխվել է նաև տանիքը: Սենյակները լուսավոր են, գունեղ: Սանհանգույցը հարմարեցված է երեխաների համար:

Մեր այցելության պահին համայնքապետի սեղանին էր դրված 15 անուն, որոնց անվան դիմաց գրված էին նաև թվեր:

«Ցուցակը հանել եմ, այս ծնողները հողի հարկի, գույքահարկի պարտք ունեն: Խնդրում եմ, որ բերեն վճարեն, որպեսզի այդ գումարներն ուղղենք մանկապարտեզի կարիքները հոգալուն, դժվարանում են: Հիմա ես դրա լուծումը չեմ կարողանում գտնեմ: Ճիշտ էլ չէ, որ ուրիշները պարտաճանաչ վճարեն ու իրենց երեխաների հետ մանկապարտեզ գնան նաև ոչ պարտաճանաչ ծնողների երեխաները: Բայց քանի որ խոսքը երեխաների մասին է, ես չեմ կարող արգելել, որ հարկ չվճարողի երեխան մանկապարտեզ չհաճախի: Անբարեխիղճ ծնողներն էլ դրանից օգտվում են»,- ասում է Սերյոժա Առաքելյանը:

Նա նշեց, որ հարկ վճարողներն ապահովված չեն, սակայն պարտաճանաչ են և գիտակցում են, որ իրենց երեխաների, համայնքի կարիքների համար է վճարում: Իսկ անբարեխիղճներն էլ հպարտանում են, թե չեն վաճարում ու «լավ են անում»:

Համայնքապետը տեղեկացրեց, որ մանկապարտեզ պահելու բեռը գրեթե ամբողջությամբ ընկած է համայնքապետարանի վրա, քանի որ վարձավճարը «սիմվոլիկ» է՝ 4000 դրամ: Ս. Առաքելյանի խոսքերով՝ համայնքային բյուջեից մոտ 12 մլն դրամ գումար է հատկացվել մանկապարտեզը պահելու համար:

Համայնքապետը նշեց, որ 8 սեղան, 8 պահարան և 16 մահճակալ նվիրել են բարեգործական հիմնադրամից, մնացածը գնել է համայնքային բյուջեից: Իսկ կառավարությունը խոհանոցի համար հատկացրել է 4 մլն դրամ:

«Շատ դժվար է մանկապարտեզ պահելը, բայց համայնքի համար անհրաժեշտություն է»,- հավելեց համայնքապետը: Ս. Առաքելյանի խոսքերով՝ հատկապես հարկերի ու վարձավճարների հավաքագրման առումով խիստ է: Համայնքապետարանի աշխատակիցներին ուղարկում է, որ գնան մարդկանց տներից հարկերը հավաքեն: Ասում է, որ նույնիսկ 1000 դրամն էլ վերցնում են ու անդորրագիր տալիս, որպեսզի քիչ-քիչ վճարեն, չկուտակվի:

«Եթե նայեմ, թե ով իմ հետ վատամարդ կլինի կամ ով ինձնից կնեղանա հարկ ուզելու համար, ոչ մի գործ չեմ կարողանա անել: Դրա համար էլ այսօր կարողանում եմ մանկապարտեզ պահել, մշակույթի տուն վերանորոգել, այլ գործեր անել»,- հավելեց համայնքապետը: Ս. Առաքելյանը նշեց, որ գրեթե ամեն տարի 100%-ով կատարում է բյուջեն: