HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Լոռու մարզպետ. « Ոչ մեկիդ հուսախաբ չեմ անելու, շոուներով չեմ զբաղվելու, աշխատելու եմ գիշեր-ցերեկ՝ հանուն իմ ժողովրդի»

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին ու մարզի լրատվամիջոցներին ներկայացրեց նորանշանակ երկու փոխմարզպետներին՝ Արամ Խաչատրյանին ու Անդրանիկ Ղուկասյանին: Երկու փոխմարզպետներն էլ ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Երկու նորանշանակ փոխմարզպետների ՔՊ-ական լինելը մարզպետի մոտ տարակուսանքի տեղիք է տվել:

«Պայմանավորվածությունն այդ ձևով չի եղել: Ներկայացրել ենք երկու թեկնածու սկզբից՝ մեկը «Քաղաքացիական պայմանագիր», մյուսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսացությունից: Այնուհետև դիմեցին, որ երրորդին էլ ուղարկենք, քանի որ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից կար մարզպետի տեղակալ: Չգիտեմ ինչու մեր ներկայացրած անկուսակցական թեկնածուն՝ Սերգեյ Սարուխանյանը, ցուցակից դուրս մնաց:- ասաց մարզպետը՝ հավելելով, որ այդուհանդերձ, երրորդ փոխմարզպետի նշանակման հարցն ընթացքի մեջ է,- Ես երեկ ճշտեցի տարածքային կառավարման նախարարի հետ: Ուղղակի չհասակացա, ի՞նչը փոխվեց, որ նախապես ներկայացված երկու թեկնածուներից անկուսակցականը դուրս եկավ, երկու «Քաղաքացիական պայմանագրի» անդամները մնացին»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ևս մեկ փոխմարզպետի նշանակման դեպքում Հ. Մարգարյանը կունենա 4 փոխմարզպետ՝ ի տարբերություն նախկին 3-ի, հետաքրքրվեցինք՝ որքանով է արդարացված փոխմարզպետների թվի, ապա և նրանց համար օգնականների  հաստիքների ավելացումը:

Մարզպետը հարցին հստակ պատասխան չտվեց: Փոխարենը նշեց, որ դիմել է կառավարությանը՝ մարզպետարանի աշխատակազմի նախկին՝ 150 հաստիքները վերականգնելու համար:

«Ամսի 1-ից հնարավոր է՝ հաստիքների կրճատումներ լինի, որովհետև հաստիքացուցակ էր փոխվել: Նախկին 150-ը դարձել էր 138, ես դիմել եմ կառավարությանը, որ եթե հնարավոր է, նախկին 150-ը պահպանվի, որպեսզի կրճատումներ պայմանագրայիննների հետ մենք չանենք»,- ասաց նա:

Աշխատանքային հարցուպատասխանի ընթացքում մարզպետն անդրադարձավ նորանշանակ փոխմարզպետ Անդրանիկ Ղուկասյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դատարկ աշխատասենյակի լուսանկարների տեղադրմանը:

Նշենք, որ երկու օր շարունակ Ա. Ղուկասյանը լուսանկարներ է տեղադրում մարզպետարանում իրեն հատկացված աշխատասենյակից՝ գրառում կատարելով այն մասին, որ իրեն տրամադրվել է դատարկ աշխատասենյակ, որտեղ աշխատելու համար որևէ գույք չկա:

«Սենյակը նկարել, գցել սոցցանցեր, որ՝ տեսեք ոնց են դիմավորում: Կներեք, բայց այսօր կարա այդ գույքը տրամադրվի, վաղն էլ այդ գույքը կարան նկարեն սոցցանցեր գցեն: Ես չեմ հասկանում, սոցցանցերով ե՞նք իրար հատ շփվելու, աշխատելու,- հռետորական հարց բարձրացրեց մարզպետն ու ինքն էլ պատասխանեց,- ինձ թվում է՝ սոցցանցերով էլ կշարունակենք իրար հետ աշխատել»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ չեք ողջունում այդ քայլը, չէ՞ որ երկրի առաջին դեմքը՝ վարչապետն էլ է սոցիալական ցանցերի միջոցով շփվում մարդկանց հետ, մարզպետն արձագանքեց. «Բայց ես ե՞րբ ասացի, որ դեմ եմ: Պարոն Փաշինյանի կողմից որ սոցցանցերում ամեն ինչը տեղեկացնում է, թափանցիկ աշխատելաոճ է, այդ աշխատելաոճն ինձ շատ դուր է եկել: Պարոն Փաշինյանն այլ բան է, դուք մի համեմատեք, էլի... »:

Մեր հարցին՝ Ն. Փաշինյանի օնլայն հեռարձակման հաջողված նախադեպը կարո՞ղ է առիթ հանդիսանալ, որ մարզպետը ևս լոռեցիների հետ սկսի շփվել այդ ձևաչափով, Մարգարյանն արձագանքեց. «Ես իմ լոռեցիների ցավը տանեմ, լոռեցիներս ինչ ուզեն, ես էդ էլ անելու եմ: Ոնց լոռեցիներս ուզեն, էդ ձևով էլ անելու եմ»:

Մարզպետը վստահեցնում է՝ մարզպետարանում թեև կադրային ջարդ չի նախատեսում, բայց և կլինեն մարդիկ, որոնց հետ չի շարունակի աշխատել:

Ինչ վերաբերում է իր աշխատաոճին, վստահեցնում է. «Ոչ մեկիդ հուսախաբ չեմ անելու... Շոուներով չեմ զբաղվելու, աշխատելու եմ գիշեր-ցերեկ՝ հանուն իմ ժողովրդի, հանուն իմ մարզի, որովհետև ես ոչ թե կուսակցության ղեկավարն եմ Լոռու մարզի, այլ Լոռու մարզպետը»:

Լրագրողների՝ Լոռու հիմնախնդիրներին վերաբերող հարցերին մարզպետը խոստացավ պատասխանել ավելի ուշ՝ մամլո ասուլիսի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter