HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենին և նախարար Արթուր Գրիգորյանին

«Հետք»-ը բաց նամակ է ստացել՝ ուղղված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրենին և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին։ Նամակը հրապարակում ենք նույնությամբ․

«Պարոնայք

Քրիստիան Լըֆեին՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի տնօրեն

Արթուր Գրիգորյանին՝ ԷԵԲՊ նախարար

Մեծարգո պարոնայք

Երեւանի Արաբկիր թաղամասի Վիկտոր Համբարձումյան 6 շենքի մի շարք բնակարաններում կա ջրամատակարարման խնդիր։ Արդեն ավելի քան երեք տարի շենքի 3-5-րդ հարկերում ջուրը մատակարարվում է անկանոն, իսկ հաճախ՝ իսպառ բացակայում է։

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Վեոլիա ընկերության Կենտրոնական եւ Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ֆրանսիական ընկերությունը կառավարության հետ խնդիրներ չի ունենա, բայց կբախվի «միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»։

Հիմա նկարագրենք, թե ինչպե՞ս է Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն «բախվում» քաղաքացիների շահերին։ Շատ պարզ եւ առանց ձեւականությունների՝ արհամարհելով այդ շահերը։

Գրեթե ամեն օր մենք զանգահարում ենք 1-85 համարով։ Պատասխանում են՝ շատ լավ կհաղորդենք, ասում են՝ կես ժամից ջուր կունենաք, հորդորում են դիմել համատիրություն կամ թաղապետարան, որոնք այդ հորդորն անմիջապես հակադարձում են։

Մեր շենքի բնակիչներին Վեոլիայի հեռախոսավարներն արդեն ձայնից են ճանաչում եւ բանը հասել է այնտեղ, որ խիստ սիրալիր պատասխանում են. «Այո, դուք երեկ էլ էիք զանգ տվել»։ «Ո՞ր հարկն է ձերը». սա ամենաարտառոց հարցն է, որ միշտ լսում ենք ֆրանսիական ընկերության աշխատակիցներից։ Կարծես Փարիզում, Լիոնում կամ այլուր կյանքի ընդունված նորմ է, որ առաջին երկրորդ հարկերի բնակիչները ջուր ունենան, իսկ 3-ից բարձրում ապրողները՝ ոչ։

Հեռախոսազրույցների սկզբում ավտոմատը զգուշացնում է, որ խոսակցությունը ձայնագրվում է, այնպես որ մեր ասածները հեշտությամբ կարելի է ստուգել։

Վարչապետը Մալիկա Գենդուրիին նաեւ հորդորեց բարձրացնել «գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով եւ խոցելի խավերին, այլ հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին»:

Այս հարցում կառավարությունը մտահոգվելու կարիք չունի։ Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն՝ չկատարելով իր անմիջական պարտավորությունը, այն է՝ ապահովել քաղաքացիներին ջրով, պարբերաբար եւ նախանձախնդրորեն հավաքում է վարձավճարները։

Եւ ստացվում է վարձավճար 0 ծառայության դիմաց։

Եթե ամենակարճ ժամկետներում չլուծվի Համբարձումյան 6 շենքի բարձր հարկերի ջրամատակարարման հարցը, մենք ստիպված կլինենք դիմել դատարան՝ Վեոլիա Ջուր ընկերությունից պահանջելով ոչ միայն նյութական, այլեւ բարոյական մեծ փոխհատուցում։

Կամ՝ գուցե համախմբենք ընկերությունից տուժած բոլոր «ազատ եւ հպարտ» քաղաքացիներին եւ գնանք դիմավորելու ֆրանկոֆոնիայի տարվա առիթով Հայաստան այցելող Էմանուել Մակրոնին։

Թող պարոն Մակրոնն էլ իմանա, որ լեզուն եւ մշակույթը տարածելուց առաջ ֆրանսիացիները պետք է հարգեն իրենց տարրական պարտավորությունները։

Հարգանքով՝   

Սաթենիկ Ֆարամազյան

Վ. Համբարձումյան 6 շենքի մի խումբ բնակիչների անունից»։

առաջին լուսանկարում (ձախից)՝ Քրիստիան Լըֆեն և Արթուր Գրիգորյանը

Մեկնաբանություններ (3)

Գայանե Մարկոսյան
Ես Գայանե Մարկոսյանս դիմում եմ Նոր Խարբերդ դաչաներ 12 փող 3 տան բնակիչ։Այն խնդրանքով որ այս տարածաշրջանում ջուր են քաշել և խողովակ է տրաքել և նրանք ծածկելով այդ վողովակը չեն վերանորոգել և ամբողջ ջուրը լցվում եմ տուն մեկ ամիս է հայտ եմ ներկայացնում ոչ մեկ չեկ ընթացք չի տալիս։ Խնդրում եմ արձագանքեք սա իմ հեռ. 044250424
Սուրփիկ Առուշանյան
Բարև Ձեզ ես Էջմիածին քաղաքի Չարենց փողոցից եմ և խնդրում եմ այս հարցին լուծում տվեք։ Կոնկրետ այսօր ժամը 10։00ից ջուր չունենք և աձնպես չէ որ խնդիրը նոր է բայց այսօր առավել վատ իրավիճակում ենք ամբողջ շենքում ջուր չկա ու անցած շաբաթ էլ այդպիսի մեկ օր չի եղել որ ջուրը լրիվությամբ լինի մի ահավոր իրավիճակ է չգիտեմ զանգում ենք թեժ գիծ բայց ոչ մի օգուտ խնդրում եմ և հույսով եմ այս հարցին լուծում կտաք առաջիկա ժամերի ընթացքում որովհետև մի կաթիլ ջուր չկա։
Արուսյակ Սմբատյան Մարտինի
Ես Արուսյակ Սմբատյանս դիմում եմ Երևան ջուր( Վիոլա ջուր ) . խնդրանքով , որ Գ. Նժդեհի 31/36բն36 հասցեում ջրաչափի անսարք լինելու պատառով, ես չեմ պարտավորվում մուծել ամեկան մոտավորապես 10 000 դրամ։ Զանգել եմ Վիոլա ջուր, ինձ ասել են,որ փոխվում են բոլոր ջրաչափերը։ Խնդրում եմ առաջնային թող մոտենան այս հասցեով։ ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԻՆ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter