HY RU EN

Գագիկ Աղբալյան

ՊԵԿ-ը կստուգի Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Լեոն»-ը. փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը ցածր շահույթներով է աշխատում

«Հետք»-ը շարունակում է հետեւել հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակին, որը, կարծես թե, աղմկոտ հետեւանքներ է ունենալու:

Հիշեցնենք, որ գարնանը թանկացումներ են արձանագրվել հեղուկ գազի շուկայում, յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 30 դրամի չափով:

«Հետք»-ին զուգահեռ, հեղուկ գազի մեծածախ իրացման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների, նրանց ներկրման ծավալների, այնպես էլ միավոր հեղուկ գազի գնագոյացման վերաբերյալ ուսումնասիրութուններ էր սկսել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):

Եվ ահա ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը մեզ է տրամադրել մոտ երեք ամիս տեւած ուսումնասիրությունների արդյունքները, որոնք բավականին ուշագրավ պատկեր են բացում մեր առաջ:

Ուսումնասիրության համաձայն, 2017 թվականին հեղուկ գազի առավել մեծաքանակ ներմուծումներ են իրականացրել 3 ընկերություններ, որոնցից մեկը՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն, գերիշխող դիրք ունի: Ներկրված հեղուկ գազի ընդհանուր ծավալի 68 տոկոսը ներմուծել է հենց «Մուլտի Լեոն»-ը, 13 տոկոսը՝  «ԱսՕիլ» ՍՊԸ-ն եւ 6 տոկոսը՝ «Սադիրան» ՓԲԸ-ն:

Ինչ վերաբերում է վերոնշյալ շուկայում տեղի ունեցած գնային փոփոխություններին եւ գնագոյացմանն ընդհանրապես, ապա ոլորտի խոշոր ընկերությունները հանձնաժողովին են ներկայացրել փաստաթղթեր, ըստ որոնց՝ հեղուկ գազի իրացման գները 2018 թվականի ընթացքում եղել են անփոփոխ: Բայց հանձնաժողովի կողմից հանրապետության գազալցակայաններում կատարված հսկիչ գնումների եւ դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա ապրիլից հեղուկ գազի 1 լիտրի գինը մանրածախ ցանցում բարձրացել է 30 դրամով՝ 180-ից դառնալով 210 դրամ:

ՏՄՊՊՀ-ն նշված երեք ընկերություններից պահանջել է ներկայացնել հեղուկ գազի ինքնարժեքի հաշվարկը, ձեռքբերումը հիմնավորող հարկային հաշիվների, ինվոյսների, մաքսային հայտարարագրերի պատճենները, որոնց համաձայն՝ ինքնարժեքի էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Առկա տվյալների համադրումից պարզվել է նաեւ, որ խոշոր ընկերությունների մոտ հեղուկ գազի մանրածախ վաճառքի գները, ըստ փաստաթղթերի, էականորեն ցածր են գազալցակայաններում սպառողներին վաճառվող գազի գնից: Մասնավորապես, եթե ՏՄՊՊՀ հսկիչ գնումներով, ըստ միջինացված վերահաշվարկի, 1 լիտր հեղուկ գազի մանրածախ գները կազմել են 210-233 դրամ (ներառյալ ԱԱՀ), ապա, ըստ խոշոր ընկերությունների փաստաթղթերի, իրենք հեղուկ գազը իրենց գնորդներին, այսինքն` մանրածախ վերավաճառողներին, իրացրել են 133-144 դրամով (ներառյալ ԱԱՀ): Մի փոքր ծանուցում. հեղուկ գազը ներմուծվում է կիլոգրամով, սակայն իրացվում է լիտրով: Կգ-ից լիտրի անցումը կատարվում է խտության գործակցի հիման, որը կազմում է միջինում 1.8-2:

Ոլորտի խոշոր ընկերությունների տրամադրած տեղեկատվության համաձայն` իրենք հիմնական վաճառքը իրականացրել են մանրածախ կերպով՝ մանրածախ վաճառքի կետերի միջոցով: ՏՄՊՊՀ-ն օրենքով սահմանված կարգով փորձել է հսկիչ գնումներ իրականացնել նրանց կողմից ներկայացված մանրածախ վաճառակետերում, սակայն, դրանք, որպես այդպիսին չեն հայտնաբերվել: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ ըստ ձեռք բերված տվյալների` 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, ի տարբերություն հեղուկ գազի վերավաճառքով զբաղվող մանրածախ կետերի, խոշոր ընկերություններն ունեցել են էականորեն ցածր եկամտաբերություն, որոշ դեպքերում՝ նույնիսկ զրոյական: 

Եվս մեկ պարադոքս. ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ ըստ ձեռք բերած տվյալների` խոշոր ընկերությունները հիմնականում աշխատել են ցածր շահութաբերությամբ, իսկ վերավաճառող ընկերությունները, որոնք գործում են մրցակցային դաշտում, զգալի շահույթներ են ստացել:

Հանձնաժողովը վերը նկարագրված երեւույթները կապում է խոշոր ներմուծողների մոտ փաստաթղթերով իրականից ցածր գնի առկայության ռիսկերի մասին: Ուսումնասիրության արդյունքների ամբողջ փաթեթը ՏՄՊՊՀ-ն փոխանցել է Պետական եկամուտների կոմիտե, առաջարկելով իրականացնել արդեն այս կառույցի լիազորություններից բխող անհրաժեշտ հսկողական միջոցառումներ՝ հեղուկ գազի փաստաթղթերում արտացոլված տվյալների իսկությունը ճշտելու ուղղությամբ:

«Քանի որ հանձնաժողովի ուսումնասիրությունները կատարվում են տնտեսվարողների կողմից ներկայացված փաստաթղթային տվյալների հիման վրա, որոնց լիարժեք եւ հավաստի լինելը մրցակցային մարմնի կողմից գնահատականներ հնչեցնելու կամ որոշում կայացնելու համար խիստ էական է, ուստի ՊԵԿ-ի կողմից անհրաժեշտ հսկողական միջոցառումներ իրականացվելուց հետո, եւս մեկ անգամ կկատարվի ուսումնասիրություն»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանե Սահակյանը:

Հավելենք, որ հանձնաժողովի կողմից կատարված վերլուծության համաձայն, վերջին տարիներին Հայաստանում ավելացել են հեղուկ գազի ներմուծման եւ իրացման ծավալները: Մասնավորապես, ըստ ՊԵԿ տվյալների` եթե 2015 թվականին ՀՀ ներմուծվել է 4 400 տոննա հեղուկ գազ, ապա 2017 թվականին ներմուծման ծավալները աճել են 38 տոկոսով` կազմելով 6 100 տոննա: Ըստ ԱԻՆ տվյալների՝ մեր հանրապետության արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է հեղուկ գազի լիցքավորման 146 կետ, որոնցից 34-ը համարվում են անշարժ, իսկ 112-ը՝ շարժական լցակայաններ: