Ավարտվել է Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիալիզի եւ նեֆրոլոգիայի բաժանմունքների հիմնանորոգումը
Նպատակային ծրագրերի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի անանուն բարերարի հովանավորությամբ հիմնանորոգվել են Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիալիզի եւ նեֆրոլոգիայի բաժանմունքները:
Հիմնանորոգվել է ընդհանուր առմամբ 1120 քմ մակերես ունեցող տարածք, ներառյալ սանհանգույցները, ճաշարանը, ութ հիվանդասենյակ եւ երկու աշխատասենյակ: Նորացվել են էլեկտրական, ջրամատակարարման եւ ջեռուցման համակարգերը:
Դեկտեմբերի երկրորդ կեսից սկսած բաժանմունքները լիարժեք շահագործվում են: Բաժանմունքի վարիչ Ռազմիկ Փանդունցի խոսքով` նոր պայմանները զգալիորեն բարձրացրել են ընդհանուր տրամադրությունը բաժանմունքներում եւ դժվար չէ նկատել, որ բարեկարգ վիճակը դրական է անդրադառնում թե’ բուժաշխատողների եւ թե’ հիվանդների վրա:
Բուժանձնակազմը կազմված է 36 հոգուց,, որից վեցը` բժիշկ, երեսունը` բուժքույր: Ներկայումս այստեղ բուժվում է 50-55 հիվանդ: Բաժանմունքները միասին կարող են սպասարկել մինչեւ 80 հիվանդի:
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ ներկայումս Հիմնադրամն իրականացնում է եւս երկու ծրագիր. Երեւանում վերանորոգվում են Նորքի տուն-ինտերնատի 3-րդ եւ 4-րդ հարկերը, իսկ Շուշիում` քաղաքի ուսումնական եւ մշակութային կենտրոնը: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել