
Դատավորն իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնավարելու դեպքում փոխհատուցում կստանա
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց, որ 2019 թվականի հունվարի 1-ից իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորն այլ վայրում պաշտոնավարելու դեպքում` կստանա փոխհատուցում: Դատավորին բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվելու է դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածի համար ամսական մինչև 100,000 դրամի չափով՝ Երևանի դեպքում, իսկ այլ վայրերի դեպքում՝ 70,000 դրամի չափով:
Կառավարություն նման որոշման նախագիծ ներկայացրել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Դատավորը փոխհատուցում պետք է ստանա՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա՝ կցելով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները և տվյալ վայրում դատավորին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության վերաբերյալ կադաստրի կոմիտեի տրամադրված տեղեկատվությունը:
Որոշման համաձայն՝ դատավորին բնակարանի վարձի ամսական փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է՝ դատավորի կողմից դիմում ներկայացվելու դեպքում, նրա լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում, փոխհատուցման հիմքերի վերացման դեպքում:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին կառավարությունը որոշեց, որ կառավարության անդամները ևս իրենց մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակվելու դեպքում` այդ վայրում բնակարանի վարձավճարին համարժեք ամսական 100,000 փոխհատուցում կստանան:
Մեկնաբանել