HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Հայ հայրենասերների միություն

Սկիզբը

Հայ հայրենասերների միության ղեկավար Հակոբջան Թադեւոսյան     

Հակոբջան Դրաստամատի Թադեւոսյանը ծնվել է 1949 թ., Արտաշատի շրջանի Մուղան (Մասիսի    շրջանի Հովտաշեն) գյուղում: Ձերբակալման պահին եղել է Երեւանի պետական համալսարանի  պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող: Կալանավորվել է 19 տարեկանում` 1968-ի ապրիլի 17-ին: Չնայած գրեթե պատանի էր, բայց նրան հաջողվել է կազմակերպել ու ղեկավարել ընդհատակյա բազմամարդ կազմակերպություն` իր մասնաճյուղերով: Կազմակերպությունը կոչվում էր Հայ հայրենասերների միություն։ Պետանվտանգության կոմիտեում սկզբում չեն հավատացել, որ կազմակերպությունն, իրոք, ղեկավարում է Հակոբջան Թադեւոսյանը: Թադեւոսյանը կալանավորվելուց հետո ստիպված է եղել ջանք թափել նրանց դրանում համոզելու համար: Դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամանակով: Պատիժը կրել է Հայաստանում, ընդհանուր ռեժիմի գաղութում: Ազատ արձակվելուց հետո մշտական կապեր է հաստատել հայ այլ քաղբանտարկյալների եւ այլախոհների հետ: Ծանոթացել է Ազգային միացյալ կուսակցության անդամների հետ: Այս ծանոթությունն առիթ է դարձել, որպեսզի վերաարժևորի իր պատկերացումները Հայաստանի ապագայի ու խորհրդային կարգերի նկատմամբ: Արդյունքում` դառնում է հակախորհրդային համոզմունքների տեր գործիչ ու անկախության ջատագով: Անդամագրվում է ԱՄԿ-ին: 1973-74 թթ.` իր գլխավորած խմբակով մասնակցում է ԱՄԿ-ի կազմակերպած գործողություններին: Դառնում է ԱՄԿ խորհրդի անդամ: Հետագայում` վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային միացյալ կուսակցության անդամների դատավարությունների ժամանակ: 1988-ին խմբագրել է Ազգային ինքնորոշում միավորման հրատարակած «Հայրենիք»  ամսագիրը: 1990-ին Անկախության բանակի ռազմական խորհրդի անդամ էր: Արտաշատի ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպիչներից էր եւ Արտաշատի «Անկախության բանակի»   կոորդինատորը: Բանաստեղծությունների, 19-20-րդ դարերի ֆիդայական շարժմանը վերաբերող մենագրության, էսսեների ու բազմաթիվ հոդվածների հեղինակ է: 2009-ին հետմահու հրատարակվել է նրա «Բեկորներիս իրավունքով» գիրքը: Վախճանվել է 49 տարեկանում, 1998 թ. օգոստոսի 8-ին:

Պատմում է Հակոբջան Թադեւոսյանի կինը` Սիրունը

1965 թվականին 9-րդ դասարանում էի սովորում: Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ դպրոցում պատի թերթ հրապարակեցինք: Այդ տարիներին դա լուրջ ու վտանգավոր գործ էր: Իմ հայացքներում  որոշիչ է եղել հորս ազդեցությունը. նա ընդգծված ազգայնական էր: 1966-ին տեղի ունեցավ Եղեռնին նվիրված հայտնի ցույցը: Ցույցի ժամանակ ծանոթացա Հակոբջանի մեծ եղբոր հետ, իսկ հետո` հայրիկիս հետ ծանոթացրի: Այնուհետեւ հայրիկիս հետ ծանոթացավ նաեւ Հակոբջանը: Նրանք հաճախ էին այցելում հայրիկիս ու երկար զրուցում: Մի օր էլ Հակոբջանը հայրիկիս ասել էր, որ «Հայ հայրենասերների միություն» անունը կրող գաղտնի կազմակերպություն է գործում: Հետագայում ինձ առաջարկվեց անդամակցել այդ կազմակերպությանը: Համաձայնեցի: Կազմակերպությունը բավական խայտաբղետ ու բազմամարդ էր: Ուսանողներ, տարեց մարդիկ ու բանվորներ կային: Մասնակցում էի ժողովներին ու այլ միջոցառումների: Ամեն ինչ արվում էր գաղտնի ու չափազանց կարգապահ:

Կարգապահությունը Հակոբջանի համար ամենակարեւորն էր: Ժամադրությունից մեկ րոպե ուշացումն անգամ դիտողության էր արժանանում: Ինքը` Հակոբջանը, ընդգծված պարտաճանաչ էր ու  պահանջկոտ: Նա էր կազմակերպիչն ու «տանողը»: Ամեն ինչ նրա շուրջն էր պտտվում: Անընդհատ շարժման մեջ էր: Գնում էր Գորիս, Գյումրի, Կապան, Սոչի: 

Ամենուր մասնաճյուղեր էր ստեղծում: Դեռ դպրոցական նստարանից` 16-17 տարեկանից էր Հակոբջանն այս կարգի գործերի մեջ: Բնական է, որ Պետանվտանգության կոմիտեն չէր կարող ինչ-որ ժամանակ անց չիմանալ, որ կազմակերպություն է գործում, այն էլ` այդքան ճյուղավորված: Նրանք փնտրել են կազմակերպության ղեկավարին, որը, ըստ իրենց պատկերացումների, պետք է հասուն մարդ լիներ: Անգամ  Արտաշատի ՊԱԿ-ում, ուր տարել են Հակոբջանին, չեն հավատացել, որ նա է կազմակերպության ղեկավարը: Հակոբջանը չեկիստներին դրանում համոզելու համար մեծ ջանքեր է թափել: 

1968 թվականի ապրիլի 24-ի կապակցությամբ մեծ քանակությամբ թռուցիկներ էին տպագրվել: Դրանք գտնվում էին Կիլիկիա թաղամասում Հակոբջանի վարձած սենյակում: Տարբեր խմբակների ներկայացուցիչներ` յուրաքանչյուրն իր պայմանավորված օրն ու ժամին պետք է գային ու տանեին իրենց բաժին թռուցիկները: Մենք` մի քանի հոգով ապրիլի 17-ին` պայմանավորված ժամին, պետք է գնայինք մեր բաժինը տանելու: Յուրաքանչյուրիս կցված էր կոնկրետ տարածք, որտեղ պետք է դրանք տարածեինք: Պայմանավորված ժամին եկանք, բայց սենյակի դուռը փակ էր: Հակոբջանը չկար: Պարտաճանաչ Հակոբջանի բացակայությունն ավելի քան զարմանալի էր: Մեզ հետ էր նաեւ Հակոբջանի եղբայրը: Նա սենյակ մտավ օդանցքից, այնտեղից մեզ տվեց մեր բաժին թռուցիկներն, ու մենք հեռացանք: Այդ պահին դեռ չգիտեինք, որ Հակոբջանն ու մեր մյուս ընկերներն արդեն ձերբակալված են: Շատ ավելի ուշ իմացանք, որ մեր պայմանավորվածությունից առաջ Հակոբջանը մանկավարժական ինստիտուտի հանրակացարանում նշանակված հանդիպում է ունենում Ռուբիկ Հովսեփյանի հետ: Գալիս է Ռուբիկի սենյակ, իսկ այնտեղ չեկիստներն արդեն խուզարկություն են իրականացնում: Տանում են ե՛ւ Ռուբիկին, ե՛ւ Հակոբջանին: Չեկիստները դեռ չէին հասցրել իմանալ Կիլիկիայում գտնվող գաղտնի  սենյակի մասին, այնպես որ`  չնայած մեր ընկերները ձերբակալված էին, մենք կարողացանք տարածել թռուցիկները, որ տպագրել էինք ապրիլի 24-ին ընդառաջ: 

Արդեն ավարտել էի դպրոցն ու սովորում էի ինստիտուտում: Առաջին կուրսի ավարտական քննություններն էի պատրաստվում հանձնել, երբ Պետանվտանգության կոմիտեից եկան իմ հետեւից: Այդպես էլ թույլ չտվեցին քննություններին մասնակցել: 1968 թվականի հունիսն էր:

Տղաների դատավարությունն, ըստ էության, փակ էր: Միայն իրենց ընտրած մարդիկ կարող էին գտնվել դահլիճում: Դատը երկար տեւեց` մոտ մեկ ամիս: Վկաները շատ էին: Հանրապետության բոլոր շրջաններից վկաներ կային, Սոչիից ու այլ քաղաքներից նույնպես կային: Տղաների դատի ժամանակ ծանոթացա Պարույր Հայրիկյանի ու Անդրանիկ Մարգարյանի հետ: Ծանոթանալիս Պարույրը ներկայացավ «Վրեժ» անունով: Հետո, իհարկե, իմացա նրա իսկական անունը: Նրանք որեւէ առնչություն չունեին Հակոբջանենց հետ: Ուղղակի իմանալով, որ քաղաքական դատ է ընթանում` եկել էին դատարան:

Դատավճռի հրապարակումից հետո տղաներին տեղափոխեցին Երեւանից ոչ հեռու գտնվող Շահումյանի գաղութ: Պատմում էին, որ քրեականներն ընդգծված հարգանքով էին վերաբերվում իրենց: Ազատվելուց հետո ես ու Հակոբջանն ամուսնացանք: Հակոբջանը ցանկանում էր վերականգնվել համալսարանում, բայց չէին թողնում: Պետանվտանգության կոմիտեն ամեն կերպ խոչընդոտում էր:

Նա մտերիմ էր Պարույր Սեւակին: Ստիպված դիմեց նրան: Սեւակը եւ Ջոն Կիրակոսյանը միջնորդագրեր գրեցին, ինչից հետո նա վերականգնվեց ու ավարտեց համալսարանը: Ընդունվեց ասպիրանտուրա, գրեց գիտական թեզ` «Հայ ազգային-ազատագրական պայքարը 1880-1920-ական թվականներին»   թեմայով: Պաշտպանության ժամանակ գիտական թեզն ազգայնական գործ բնորոշվեց ու մերժվեց: Ուսմանն ու աշխատանքին զուգահեռ` շարունակում էր իր գործունեությունը: Ես ծանոթացրել էի իրեն Պարույր Հայրիկյանի հետ: Այդ ծանոթությունից հետո Հակոբջանը դարձավ ԱՄԿ անդամ: Սա արդեն բոլորովին այլ բան էր: 70-ականներին ԱՄԿ-ն մեծ գործունեություն էր ծավալել: Անընդհատ ձերբակալություններ էին տեղի ունենում, եւ միայն ԱՄԿ-ականների ցուցաբերած ամրության շնորհիվ էր, որ ՊԱԿ-ը չկարողացավ 1974-75 թթ. երկրորդ անգամ կալանավորել նաեւ Հակոբջանին:

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Շնորհակալություն պարզաբանման համար: Գործեր սարքվել են խորհրդային տարիներին և դրանից հետո, օգտագործելով անազնիվ մարդկանց: Չլինելով խորհրդային համակարգի կողմնակից, արձանագրում եմ, որ այլախոհ Մարգարյանն ավելի մեղմ է պատժվել, քան անկախ Հայաստանում Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, Շանթ Հարությունյանը... Հուսանք, որ մեր երկրում վերջ կդրի այլախոհների հետապնդմանը, և դուք ստիպված չեք լինի, անցնելով հետխորհրդային այլախոհներին, երկար շարունակել գրել նրանց մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter