HY RU EN

Դեսպան Սադոյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարին և զրուցել Վրաստանի տարածք սիրիահայերի մուտք գործելու հարցերի շուրջ

Հունիսի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դավիթ Զալկալիանիին:

Շնորհավորելով Վրաստանի արտգործնախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հաջողություններ է մաղթեց  և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան։

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել բարձր մակարդակի փոխայցելություններին, երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանը և այլն։

Իր խոսքում դեսպան Սադոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այն հնարավորություններին, որոնք ընձեռում է այդ համաձայնագիրը։ Նախարար Զալկալիանին նշել է, որ հաշվի առնելով այդ ուղղությամբ վրացական կողմի կուտակած փորձը,  բարեկամ Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը։

Դեսպան Սադոյանն նախարար Զալկալիանիին ներկայացրել է այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի վերաբերյալ մանրամասներ, ինչին ի պատասխան` նախարար Զալկալիանին նշել է, որ Վրաստանն այդ խոշորամասշտաբ միջոցառմանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք հնարավորություն կտան մոտ ապագայում կազմակերպել հանձնաժողովի նիստը։

Դեսպան Սադոյանն ընդգծել է ՀՀ քաղաքացի հանդիսացող սիրիահայերի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ առումով նշելով, որ սիրիահայերը, ՀՀ լիարժեք քաղաքացիներ հանդիսանալով, չպետք է եղբայրական Վրաստանի տարածք մուտք գործելու խնդիրներ ունենան։

Դավիթ Զալկալիանին գոհունակությամբ փաստել է վերջին տարիներին Վրաստանում հայաստանցի զբոսաշրջիկների և այցելուների թվի աճը։