«Հայացք». Էթիկայի հանձնաժողով` օրենքի խախտմամբ, իսկ անդամը` հանձնաժողովի գործառույթներին անտեղյակ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որն օրերս ստեղծվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, սկզբից ևեթ ներկայացվեց իբրև համակարգային փոփոխություն` կոռուպցիայի դեմ պայքարում և կոռուպցիան կանխարգելելու համար: Նույնիսկ` զսպաշապիկ 500 խոշոր պաշտոնյաների համար, որի շնորհիվ կարող է փակվել այդ պաշտոնյաներից կաշառք սիրողների ախորժակը:
Հունվարի 10-ին հանդիպելով նշված հանձնաժողովի նորանշանակ անդամների հետ` Ս.Սարգսյանն ընդգծել է. «Իսկ հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»: Ինչպե՞ս… Իրոք, ինչպե՞ս, երբ հիշյալ հանձնաժողովի անդամների մեծամասնության նշանակումն օրենքի կոպիտ և ակնհայտ խախտմամբ է կատարվել, ինչը հուշում է կոռուպցիայի առկայության մասին:
Վերոնշյալ հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 տարի պաշտոնավարման ժամկետով: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին»:
Հանձնաժողովի անդամների բարոյական բարձր հատկանիշների մասին մեզ, կարծում ենք, նաև հասարակությանը հայտնի չէ: Ընդունենք, թե հայտնի է նախագահին, հանձնաժողովի անդամների մերձավորներին ու մի խումբ այլ անձանց, հետևաբար այս հարցը դեռ մի կողմ թողնենք և արձանագրենք անժխտելի փաստը. հանձնաժողովի անդամները, թերևս բացառությամբ միայն Էմիլ Բաբայանի (այն էլ` ի պաշտոնե) հասարակության կողմից ճանաչված անձինք չեն: Հենց այս կարևոր հանգամանքը հաշվի չառնելով էլ խախտվել է օրենքի հստակ պահանջը:
Վերը նշվածից հետո, երբ հանձնաժողովի դեռ ծննդյան կամ խանձարուրի հետևում նշմարելի են «նորին մեծության» կոռուպցիայի ականջները, հասարակությունն ինչպե՞ս կարող է լավատես լինել, որ այդ մարմինն էական դերակատարություն կունենա կոռուպցիայի դեմ պայքարում կամ դրա կանխարգելման գործում, ընդհանրապես մարդիկ ինչպե՞ս կարող են վստահել նշված հանձնաժողովին: Իսկ հանրապետության նախագահն ասում է, թե հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է և «արդար կառավարման» համակարգի ներդրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը:
Ուշագրավ է նաև, թե ինչ են ասում իրենք` հանձնաժողովի անդամները այդ մարմնի առաքելության, գործառույթների մասին: Նրանցից մեկը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկած թեկնածությամբ հանձնաժովի անդամ դարձած Արմեն Խուդավերդյանը, հունվարի 10-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրով այդ կապակցությամբ պարզաբանումներ էր տալիս: Կարծես ընդօրինակելով իր երբեմնի «շեֆի» ոճը և իր խոսքը դասախոսության նման շարադրելով այն պարզաբանումից հետո, որ «հանձնաժողովի առջև դրված խնդիրն է լինելու փոխել հասարակության կարծիքը, ձևավորված վերաբերմունքը կոռուպցիայի վերաբերյալ և, բացի այդ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այսպես ասած, զերծ պահել, զսպաշապիկ հանդիսանալ էթիկայի կանոնների, շահերի բախման, ինչպես նաև գույքի, եկամուտների հայտարարագրման տեսանկյունից», լրագրողը հարցրեց. «Այսինքն` ձեր իրավասությունների մեջ է մտնում միմիայն հայտնաբերե՞լը»: Հաջորդած պատասխանը, եթե հայաստանյան խայտառակ ու տխուր իրականությանը ծանոթ չլինեինք, պարզապես պետք է ապշեցուցիչ համարեինք:
- Մենք չենք հայտնաբերում, ամբողջ իմաստը հանձնաժողովի գործունեության նա է, որ ընդամենը կիրառելով մեկ գործիք` հրապարակային դարձնել այդ հայտարարագրերը հասարակության համար,- ասաց Ա. Խուդավերդյանը:
Հանձնաժողովի անդամը փաստորեն տեղյակ էլ չէ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով հանձնաժողովին տրված գործառույթներին, սակայն համեստությամբ չփայլելով (իսկ համեստությունը, կարծում ենք, մարդու բարոյական բարձր հատկանիշներից մեկն է, որը հանձնաժողովի անդամ նշանակվելու համար պարտադիր է), նույն հարցազրույցում հանձնաժողովի անդամներին, այդ թվում նաև իրեն ներկայացրեց իբրև «պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված»:
Ավելորդ չենք համարում հիշեցնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, որի համաձայն «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց և սույն օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումն են, այլև, ի թիվս այլ գործառույթների, «բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը (բացառությամբ պատգամավորների, Սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների շահերի բախման) և էթիկայի կանոնների խախտման բացահայտումը (բացառությամբ Սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացմանն առնչվող էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների) և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը հանրապետության նախագահին, Ազգային ժողով, կառավարություն», «Սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ չառնչվող էթիկայի կանոնների խախտման բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը հանրապետության նախագահին, Ազգային ժողով, Սահմանադրական դատարան և գլխավոր դատախազին»: Ի դեպ, հիշյալ հարցազրույցից քիչ առաջ հանդիպելով հանձնաժողովի անդամների հետ` Ս. Սարգսյանը նաև Ա. Խուդավերդյանին էր ասել, որ հանձնաժողովի գործունեության տիրույթը ներառելու է նաև բարձրաստիճան պաշտոնյաների շահերի բախման դեպքերի և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, էթիկայի կանոնների խախտումների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը և այլ գործառույթներ:
Հանրապետության նախագահը ասել է նաև, որ «հանձնաժողովի անկախությունը պահանջում է հանձնաժողովի անդամների պատասխանատվության բարձր աստիճան և լիազորություններն իրականացնելիս, բնականաբար, մասնագիտական լավագույն ունակությունների ու կարողությունների դրսևորում», և քիչ անց հավելել. «Ծանոթ եմ բոլորիդ մասնագիտական կարողություններին…»:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել