HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դեբեդավան համայնքի դպրոցի մի խումբ ուսուցիչներ հանցագործության մասին հաղորդում են տվել ընդդեմ տնօրենի

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի միջնակարգ դպրոցում արդեն տևական ժամանակ լարված մթնոլորտ է: Դպրոցի մի խումբ ուսուցիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել 2 ամիս առաջ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ հունիսի 27-ից` արդեն տնօրենի պաշտոնն օրենքով ստանձնած Մարինե Հարությունյանի դեմ:

Վերջինս տարիներ շարունակ զբաղեցրել է դպրոցի տնօրենի պաշտոնը: 2017-ի մայիսին հերթական անգամ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, և օրենքով սահմանված կարգով տնօրենի ընտրության նոր մրցույթ է կազմակերպվել, որի  միակ թեկնածուն եղել է Հարությունյանը։ Տնօրենի ընտրության մրցույթը, սակայն , մի քանի անգամ տապալվել է․ դպրոցի կառավարման խորհրդի անդամները մրցույթին չեն ներկայացել:

Արդեն մեկ տարի էր՝ Մարինե Հարությունյանը դպրոցի տնօրենի ժամանակավար պաշտոնակատար էր, սակայն 2018-ի ապրիլին Տավուշի մարզպետարանը տնօրենի նկատմամբ անվստահություն հայտնելու հիմքով դադարեցրել է նրա՝  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները:

Հայաստանում տեղի ունեցած իշխափոխությունից հետո, սակայն, Հարությունյանը նորից ընտրվել է տնօրենի պաշտոնում: Հունիսի 12-ին դպրոցում տնօրենի ընտրության հերթական մրցույթում Հարությունյանը կրկին միակ թեկանծուն է եղել, և հունիսի 27-ին Մարինե Հարությունյանի հետ Տավուշի մարզպետարանը կնքել է պաշտոնը ստանձնելու վերաբերյալ համապատասխան պայմանագիր։

Ուսուցիչներից ոմանք, սակայն, կտրականապես դեմ են Հարությունյանի տնօրեն լինելուն։ Իրենց դժգոհությունը հայտնել են հնարավոր պետական բոլոր իրավասու մարմիններին, տնօրենին մեղադրում են կեղծ աշխատողներ գրանցելու, ձմռանը դպրոցը չջեռուցելու, մանկավարժական մատյանում ոչ ճիշտ տվյալներ լրացնելու ու մի շարք այլ հարցերում։

Մարինե Հարությունյանի ենթադրյալ գործողությունների վերաբերյալ այս պահին երկու գործ է քննվում։

Այն ժամանակ, երբ դեռ Տավուշի մարզպետը Հովիկ Աբովյանն էր, դպրոցում ստուգումներ են իրականանցվել և հայտնաբերվել ենթադրյալ խախտումներ: Մարզպետարանը հայտնել է այն մասին, որ պարզել է,  թե կառավարության կողմից հաստատված աշխատանքային օրը՝ 2018 թվականի մարտի 17-ին դպրոցում դաս չի եղել: Չնայած այս հանգամանքին՝ դպրոցի դասամատյաններում որոշ առարկաներ լրացված են եղել՝ տպավորություն ստեղծելու համար, որ այդ օրը դպրոցում դասապրոցես է ընթացել։

Ստուգումներից հետո մարզպետարանը սահմանված ընթացակարգով դիմել է իրավապահներին, և ենթադրյալ խախտումների փաստի առթիվ 2018 թվականի մայիսի 26-ին քրեական գործ է հարուցվել: Քննվող քրեական գործի շրջանակներում Մարինե Հարությունյանի դեմ ցուցմունքներ են տրվել այն մասին, որ վերջինս աշխատակիցներին պարտադրել է մատյանում կեղծ նշումներ կատարել։

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ փաստաթղթերի կեղծումը։ Այս պահին Մարինե Հարությունյանը գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։

Երկրորդ գործն առնչվում է ենթադրյալ կեղծ աշխատողներ գրանցելուն․ հունիսի 22-ին դպրոցի մի խումբ ուսուցիչներ ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում են տվել՝ նշելով, որ Մարինե Հարությունյանն իր ազգականներից երեքին գրանցել է որպես դպրոցի աշխատողներ, սակայն վերջիններս աշխատանքի չեն գալիս։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ հաղորդման հիման վրա հետաքննություն է կատարվում։ Ուսուցիչների հաղորդման հիման վրա քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ, պարզ կլինի առաջիկայում։ Գործի շրջանակներում  երեկ  տևական ժամանակ ոստիկանությունը դպրոցում է եղել։ Գործով հետաքննիչը համապատասխան քննչական գործողություններ է իրականացրել դպրոցում, դպրոցի աշխատակիցներից բացատրություններ վերցրել:

Ինչպես արդեն նշեցինք, ուսուցիչները մինչև մարզպետարանի և Հարությունյանի միջև պայմանագրի կնքումը դիմումներ են ուղարկել պետական պատկան մարմիններին՝ կրթության և գիտության նախարարությանն ու Տավուշի մարզպետարան, որի ենթակայության ներքո է գործում միջնակարգ դպրոցը։

Ուսուցիչները կասկածի տակ են դրել դպրոցի տնօրենին ընտրած կառավարման խորհրդի գործունեությունը, հայտնել, որ կառավարման խորհրդի այն անդամները, ովքեր ընտրել են Հարությունյանին, երկար ժամանակ դպրոցի կառավարման հետ կապված բազմաթիվ հարցերում պարտավորություններ ունենալով՝ չեն ներկայացնել նիստերին, ու այժմ տպավորություն է ստեղծվում, որ հանկարծ հայտնվել են բացառապես «իրենց համար» տնօրեն ընտրելու նպատակով։

Պատկան մարմիններին հասցեագրված նամակի տակ ստորագրել է դպրոցի 8 ուսուցիչ։ Վերջիններս կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին ուղարկված նամակում գրել են, թե «Մարինե Հարությունյանը հեղափոխության ժամանակաշրջանում է հանկարծ դարձել ընդդիմադիր ու սկսել պայքարել ընդդեմ արդեն հեռացող իշխանության, իսկ մինչ այդ իշխանություներով է սպառնացել կոլեկտիվին»։ Այսինքն, ըստ էության, ուսուցիչները պնդում են, որ Մարինե Հարությունյանն նախկին իշխանության հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել, և ամենևին էլ հեղափոխական կերպար չէ, ինչպես փորձել է իրեն ներկայացնել  ու արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծել՝ դպրոցի տնօրենի պաշտոնում վերընտրվելու համար։

Ուսուցիչները նամակում նշել են, որ դպրոցի 27 հոգանոց կոլեկտիվի 9 անդամները Մարինե Հարությունյանն ու վերջինիս ազգայաններն ու ընտանիքի անդամներն են։

Այսպիսով, դպրոցում ըստ ուսուցիչների նամակի՝ աշխատում են Մարինե Հարությանյանի աղջիկը՝ Լիանա Մովսեսյանը, տղան՝ Նարեկ Մովսեսյանը, հարսը՝ Սաթենիկ Կամավեսյանը, ամուսինը՝ Առաքել Մովսեսյանը, տեգրը՝ Մաքսիմ Մովսեսյանը, վերջինիս կինը՝ Ռոզա Մակյանը, ամուսնու քույրը՝ Անուշ Մովսեսյանը և Վալերիկ Դեմիրջյանը՝ տալի ամուսինը։

Ուսուցիչները դժգոհել են նաև դպրոցի ջեռուցումից, նշել, որ ձմռանը երեխաները ստիպված են եղել ընդհուպ ձեռնոցով նստել դասերի:

Այս նամակներից հետո Տավուշի մարզպետարանի հանրակրթության վարչության համապատասխան ներկայացուցիչներն ու մարզպետ Վահե Ղալումյանը հանդիպումներ են ունեցել դպրոցի կոլեկտիվի հետ։ Այս ընթացքում, ըստ մեզ հետ կապված ուսուցիչների՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարինե Հարությունյանը փորձել է դպրոցի անառողջ մթնոլորտի սլաքներն ուղղել դեպի այն ուսուցիչները, որոնք իր դեմ բողոքում են, նրանց մեղադրել  պաշտոնակռիվ անելու մեջ այն դեպքում, երբ նրանցից որևէ մեկը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարի հավաստագիր չունի։

Այս քննարկումների ընթացքում «Հետքը» ևս բազմիցս կապվել է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ, վերջինս մեզ մշտապես հայտնել է, որ ուսուցիչների դիմումը քննարկվում է, կկայացվի համապատասխան որոշում, և արդյունքում, կայացվել է Մարինե Հարությունյանի հետ պայմանագիր կնքելու որոշումը։

Դպրոցում ստեղծված իրավիճակը մեզ հետ զրույցում մեկնաբանել է նաև Մարինե Հարությունյանը։ Վերջինս պնդում է, թե դպրոցում նորմալ մթնոլորտ է, և միայն մի քանի անձ է իրենից դժգոհ։

Անդրադառնալով դպրոցը նորմալ չջեռուցելու վերաբերյալ մեղադրանքներին՝ Հարությունյանը նշեց, որ ձմռանը դպրոցը նորմալ ջեռուցվում է։

«Գուցե ինչ-որ ժամի վառարանը հանգած է եղել, բայց վառարան վառողները դպրոցում են, կարող էին կանչել ու ասել, որ փայտ գցեն»,- ասաց Հարությունյանն ու զրպարտություն  անվանեց ուսուցիչների կողմից բարձրաձայնված այն հարցը, թե երեխաները երբեմն ստիպված են եղել ձեռնոցով դասերին նստել։

Մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ ընդամենը 27 աշխատակից ունեցող դպրոցում 8 անձ Մարինե Հարությունյանի ազգականներն ու մտերիմներն են, վերջինս նշեց, թե մտերիմների թիվն այդքան չի կազմում։

«Դպրոցում աշխատում են իմ աղջիկն ու իմ տղան։ Դպրոցում տևական ժամանակ հասարակագիտության մասնագետ չի եղել, տղաս եկել է, մասնակցել մրցույթին ու անցել։ Ուղիղ հինգ տարի էլ ինֆորմատիկայի մասագետ չի եղել, այս հաստիքն էլ ժամանակավոր տրվել է աղջկաս, մինչև համապատասխան մասնագետ կլինի։ Դպրոցում աշխատում է նաև իմ տեգրը։ Աշխատել է 1993 թվականից, երբ ես դեռ դպրոցի տնօրեն չէի։ Պահակը նշանակված է իմ ամուսինը, մինչև գիշերվա կես աշխատում է, երբ դպրոց փայտ են բերում, ալյուր, սնունդ թափում։ Ընդամենը պահակ է չէ՞․ հո առանց դիպլոմի չի եկել ու մանկավարժի աշխատանք կատարում»,- մեզ հետ զրույցում ասաց Մարինե Հարոսւթյունյանն ու շարունակելով ներկայացնել բարեկամների՝ դպրոցում աշխատելու պատճառները՝ նշեց, որ ամուսինը ևս իր տնօրեն նշանակվելուց առաջ է աշխատանքի անցել դպրոցում։  

Ըստ Մարինե Հարությունյանի՝ դպրոցում աշխատող իր ազգականներից մեկը վառարան վառողն է, մեկը՝ խոհանոցում աշխատող, ով 40 աշակերտի համար ամեն օր «ճաշ է եփել» 4500 դրաամով, և որին  փոխարինող չի կարողանում գտնել, քանի որ որևէ մեկը չի համաձայնում այդքան քիչ աշխատավարձի դիմաց աշխատել։

«Այնպես չէ, որ միլիոններ են ստանում, ես էլ իմ բարեկամներին բերում եմ։ Թող ուրիշները գան, աշխատեն»,- մեզ հետ զրույցում ասաց Մարինե Հարությունյանը։

Վերջինս համոզմունք հայտնեց, որ դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթները չեն կայացել նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի միջամտությամբ։ Ըստ Մարինե Հարությունյանի՝ Հովիկ Աբովյանի հետ աշխատանքի ընթացքում վերջինս իրեն «մանրադիտակով» հետևելիս է եղել:

Մեր հարցին, թե ինչո՞ւ պիտի ՀՀԿ-ական Հովիկ Աբովյանը ցանկանար իշխանության հետ մտերիմ հարաբերություններ ունեցող տնօրենի ընտրության մրցույթը խոչընդոտել, Մարինե Հարությունյանը նշեց, որ գուցե հենց այն պատճառով, որ ինքը ՀՀԿ-ական չէ։

Անդրադառնալով փաստաթղթեր կեղծելու վերաբերյալ քրեական գործին՝ Հարությունյանը նշեց, թե վառելափայտի սղության պատճառով մանկավարժական խորհուրդը նիստի ընթացքում  որոշել է մարտի 17-ին դաս չանցկացնել՝ հետագայում բաց թողնված օրը լրացնելու պայմանով, իսկ մատյան լրացրած ուսուցիչները նկատողություն են ստացել մարտի 17-ից առաջ մատյանը նախօրոք լրացնելու համար:

Նշենք,որ նախարարությանն ու մարզպետարանին  ուսուցիչների կողմից ուղարկված նամակում վերջիններս բարձրաձայնել են նաև մանկավարժական խորհրդի մատյանում կեղծ նիստ գրանցելու մասին:

Անդրադառնալով դպրոցում  չգրանցված աշխատողներ ունենալու հանգամանքին՝ տնօրենը նշեց, որ դա ևս իրականությանը չի համապատասխանում:

«Ամեն ինչ էլ կարելի է ասել մարդու մասին, եթե նման մտադրություն ունես»,- ասաց Մարինե  Հարությունյանը:

Նշենք, որ թեև Մարինե Հարությունյանը արդեն իսկ դպրոցի տնօրենն է, նրա դեմ դուրս եկած ուսուցիչները չեն պատրաստվում լռել և պնդում են, որ շարունակելու են հնարավոր բոլոր միջոցներով պայքարել՝ նրա, իրենց գնահատմամբ,  անօրիանական քայլերը վեր հանելու համար:

Լուսանկարում`Մարինե Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter