HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցանկացած ծրագիր արդյունավետ չի լինի, եթե տեղական իշխանությունը համայնքի բնակիչներին մենակ թողնի»

Խնձորեսկ գյուղում մի պատմություն են պատմում, ըստ որի` տարիներ առաջ Մուխո անունով մեկը հանդիմանում է մայրաքաղաքից հյուր եկած փեսային,  թե ինչու է իր «Վոլգա» ավտոմեքենան ոչ թե իրենց, այլ հարևանի դարպասի մոտ կանգնեցրել:  «Տնաշեն, թող մարդիկ տեսնեն, որ մեր տունն էլ ա մաշինա գալիս»:

Այդ խորհրդային տարիներին էր, երբ ավտոմեքենա ունեին ռայկոմի քարտուղարներն ու կոլխոզի նախագահները, մեկ էլ` սոցմրցությունում «հաղթող ճանաչված» հովիվնները: Հիմա Խնձորեսկում ոչ մեկին ավտոմեքենայով չես զարմացնի.  519 տնտեսություն ունեցող գյուղում 200-ից ավելի մարդատար մեքենա է գրանցված: «Խի՞ չպիտի ունենան»,- ասում է Արտուշ Բալույանը, ով 35 տարի Թուրքմենստանում ապրելուց հետո 90-ականներին վերադարձել է ծննդավայր: «Ուզում էի տունս ծախեմ, նորից հետ գնամ, բայց կարգին գին տվող չեղավ, ես էլ տեսա, թե ոնց են գյուղի մարդիկ իրենց աշխատանքով բարեկեցիկ կյանք ապահովում, տնավորվեցի հայրական տանը, սկսեցի հող մշակել, անասուն պահել ու հիմա, փառք Աստծո, առոք-փառոք ապրում եմ»:

Այն, որ տարածաշրջանի այլ գյուղերի համեմատությամբ Խնձորեսկում  բնակչության բարեկեցությունն անհամեմատ բարձր է, համայնքային իշխանության աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը բացատրում է նրանով, որ արդյունավետ է օգտագործվում գյուղի մարդուն կերակրող հիմնական միջոցը` համայնքի 1600 հա հողից ոչ մի մետր անմշակ չի մնում:

Այս տարի Խնձորենսկում հացահատիկի միջին բերքը կազմել է 41 ցենտներ, որոշ ֆերմերներ1 հեկտարից ստացել են մինչև 70 ց բերք: Ձեռքբերումների մեջ, ըստ գյուղբաժնի պետի, կարևոր դերակատարություն է ունեցել նաև «ՀՀ-ում 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը», որի շրջանակներում 21 տոննա էլիտային վերարտադրության ցորենի սերմացու է  տրամադրվել 7 հեկտարից ավելի հողատարածք ունեցող ֆերմերներին, որի արդյունքում 42 տոննա սերմացուն հատկացվել է ինչպես Խնձորեսկի, այնպես էլ Խնածախի, Քարաշենի ֆերմերներին:

Խնձորեսկի համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Վարդան Փանդունցի խոսքով,  ցանկացած ծրագիր, նախաձեռնություն արդյունավետ չի լինի, եթե տեղական իշխանությունը կողք կանգնի, բավարարվի նրանով, որ որոշումը կայացվել է և համայնքի բնակիչներին մենակ թողնի: Ասածը հաստատելու համար աշխատակազմի քարտուղարը նշում է, որ նաև սուբսիդավորված գյուղատնտեսական վարկերի բաշխման ժամանակ իշխանությունն աջակցել է վարկառուներին` երաշխիքային նամակներ տրամադրել վարկատուներին: «Բացի այն, որ մարդիկ հնարավորություն են ստանում լրացուցիչ միջոցներ ներգրավել իրենց եկամուտներն ավելացնելու առումով, համայնքային իշխանությունն էլ շահագրգռված է, որ այդ միջոցով կարողանա ապահովել համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը. 2011թվականին հողի հարկը գանձվել է 100 %-ով»,- ասում է նա:

Աշխատակազմի քարտուղարը նաև նշում է, որ համայնքային բյուջեի միջոցներն իրենք օգտագործում են «տաս չափել, մեկ կտրելով»,  և 36 մլն դրամ (ներառյալ պետական լրավճարը) բյուջեից ֆինանսական միջոցներ են հատկացնում նաև 65 երեխա ունեցող մանկապարտեզին, երաժշտական դպրոցին, մշակույթի տանն ու գյուղի թանգարանի պահպանությանը: Սուղ միջոցների պատճառով համայնքային իշխանության աշխատակազմում ընդամենը 9 հաստիք է պահվում, իսկ համայնքի ղեկավարի համար սահմանվել է  աշխատավարձի համեմատաբար նվազագույն չափ:

Համոզված լինելով, որ տեղական բյուջեով հնարավոր չէ համայնքային խնդիրներ լուծել, Խնձորեսկում ակտիվորեն ներգրավվում են պետական բյուջեի, միջազգային և տեղական այլ կազմակերպությունների ներդրումներ: Վերջին երկու տարվա ընթացքում Սոցներդրումների հիմնադրամի 98,910 մլն դրամ աջակցության շնորհիվ նորոգվել է գյուղի մշակույթի տունը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումով 1,8 կմ  գյուղամիջյան ճանապարհ  է բարեկարգվել, պետբյուջեով հիմնանորոգվել է խմելու ջրի ներքին ցանցը: Նշված բոլոր ծրագրերի մեկնարկից առաջ, ինչպես նշում է աշխատակազմի քարտուղարը, համայնքի ընդհանուր ժողով է հրավիրվել: Վ. Փանդունցի խոսքով, տեղական իշխանությունը կարևորում է հրապարակային գործունեությունը, շուտով պատրաստ կլինի համայնքը ներկայացնող ինտերնետային կայքը, որտեղ կտեղադրվեն իշխանության գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

Խոսելով տեղական ինքնակառավարման մարմնի հրապարակայնության ապահովման մասին, աշխատակազմի անդամ Է. Բունիաթյանը նշում է, որ Խնձորեսկում տեղեկատվություն ստանալու պահանջարկ կա: «Մարդիկ ոչ թե հետաքրքրասեր են, այլ խնձորեսկցու առանձնահատկություն է, պիտի իմանան` ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, և պատահական չէ, որ տասնամյակներ առաջ գյուղում նաև թերթ է հրատարակվել»,- ասում է գյուղբաժնի պետը:

Նրա կարծիքով, համայնքի բնակչության ակտիվությունը առաջիկայում ավելի կբարձրանա. Սյունիքի մարզպետի 2011թ. նոյեմբերի 28-ի որոշումով փետրվարի 12-ին Խնձորեսկ գյուղական համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հերթական ընտրություններ: Թե ովքեր կառաջադրվեն համայնքի ղեկավարի համար, աշխատակազմի քարտուղարը դժվարացավ ասել, բայց վստահ է, որ գործող համայնքապետ Սերյոժա Հայրապետյանի թեկնածությունն անպայման կառաջադրվի, քանի որ, ըստ նրա, Խնձորեսկում «եվրոպականացման գործընթացը»  շարունակվում է և այդ ուղղությամբ համայնքի այսօրվա ղեկավարը դեռևս նախագծեր ունի, որոնց իրականացման համար ժամանակ է  պետք: Նախորդ ընտրությունից մինչև այժմ գյուղի ընտրողների թիվը 109-ով ավելացել է, որը նշանակում է` Խնձորեսկը երիտասարդանում է, ջահելները  գյուղից չեն հեռանում, սա երևի նաև տեղական իշխանության հաջողություններից է»,- ասում է Վարդան Փանդունցը:

 Նրա հետ մասամբ համաձայն է գեղամիջում արևկող անող Գավրոշա Ջուլհակյանը, ում կարծիքով` էս երկրի ամեն «պուճախի» հարցը երևաններում է լուծվում ու քանի որ լրագրողս այդ մասին կարգին «խաբար» չեմ հասցնում իրեն, գործս պիտի փոխեմ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter