
Մանրամասներ ոստիկանների՝ երեկվա փաբեր և բարեր կատարած այցելություններից
Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ երեկոյան ոստիկաններն անակնկալ այցեր են կատարել երևանյան փաբեր և բարեր: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի քննարկումից պարզ դարձավ, որ ոստիկաններն այցելել են «Simona», «Process», «Mirzoyan Library», «Calumet», «Barcode» և «The Venue» փաբեր և բարեր:
«Simona» բարի տնօրեն Արկադի Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեք ոստիկաններ լուսարձակներով (ֆանարիկ) ժամը 12: 55-ի սահմաններում եկել են բար՝ հորդորելով երաժշտության ձայնն անջատել. «Ասեցին՝ ձայնը անջատի, ասեցի՝ չեմ անջատի, որովհետև նման օրենք չկա, որ մեկը ինձ ստիպի և անջատեմ»,-ասում է Սահակյանը՝ հավելելով, որ իրենց գործունեության երկուսուկես տարվա ընթացքում սա ոստիկանների կատարած առաջին այցն էր:
Ոստիկանների՝ բար այցի ժամանակ մոտ 200 մարդ է ներսում եղել, և նրանք վախեցել են ոստիկանների այցից: Արկադիի փոխանցմամբ՝ բար եկած ոստիկանները հայտնել են, որ տեսնում են` բարում երաժշտության ձայնը բարձր է, և այն պետք է անջատվի. «Ասում եմ՝ իսկ տեսնելը ո՞նց է: Ձայնը տեսնելը դա անհասկանալի է` մեկ, երկրորդն էլ՝ 300 հոգի տեսնում է, որ ձայնը ցածր է: Դրա համար տեսնելով և լսելով չի, սարք ունե՞ս մոտդ սերտիֆիկացված, ժամկետի մեջ, որ չափես դրանով ու ինձ ասես՝բարձր է, թե՞ չէ: Ասում է՝ չէ, սարք ինձ պետք չի, ես դա տեսնում եմ: Ասում է՝ չէ, հիմա դուք եկել եք ու ենթադրություններով, ասում եք, որ, ըստ ձեր ենթադրության, ձայնը բարձր է»,-մեզ հետ զրույցում նշեց բարի տնօրենը:
Ոստիկաններն արձանագրություն են կազմել և տնօրենին տեղեկացրել, որ մոտ օրերս գաղտնի կգան ձայնը չափելու: Տնօրենը ոստիկաններին դժգոհել է, որ նրանք ենթադրության հիման վրա են արձանագրություն կազմել: Արկադիի փոխանցմամբ՝ արձանագրությունում գրած է եղել, որ բացատրական աշխատանքներ են տարվել «Simona» բարի տնօրենի հետ, և նա համաձայնել է, որ խախտել է լռության կանոնները: Սակայն Արկադի Սահակյանը ոստիկաններին հայտնել է, որ համաձայն չէ այդ դիտարկման հետ և արձանագրությունում գրել է այդ մասին:
Տնօրենն ասում է՝ իրենց տարածքի պատը բետոնե է, մեկ մետր հաստություն ունի, և դրսում չի լսվում երաժշտության ձայնը. «Եթե 10 դեցիբելից ավել չպետք է լինի ձայնը, եթե այդ րոպեին սարքով ստուգեին, այդ ամենապիկին, որ նրանք մտել էին, դրսից երաժշտության ձայնի դեցիբելը երևի մեկ դեցիբել ցույց կտար: Այսինքն՝ օրենքի թույլ տվածի մեկ տասներորդը ցույց կտար»,-նշեց բարի տնօրենը:
Նա մտահոգվում է, որ ոստիկանների այցի պատճառով կորցրել է հաճախորդներին և բարի համբավն անտեղի ընկել է. «Երկրորդ՝ ժամը մեկից հետո իմ պոտենցիալ շրջանառությունը լրիվ դադարեցվեց, որովհետև մարդիկ բարից դուրս եկան: Իմ շահույթը և եկամուտը խաթարեցին, հեղինակությանս վրա ազդեցին»:
Արկադի Սահակյանի խոսքով՝ բարը 24 ժամ գործունեություն ծավալելու թույլտվություն ունի, և անգամ ամիսներ առաջ ոստիկանները բարին կից բնակելի շենքից ճշտումներ են կատարել, և բնակիչները չեն բողոքել բարի գործունեությունից:
Լիլիթ Միդոյանը ոստիկանների այցի ժամանակ եղել է «Process» փաբում: Նրա փոխանցմամբ՝ գիշերը` 01:00-ի սահմաններում, փաբ է այցելել 3-4 ոստիկան: Ոստիկաններն իրենց այցի նպատակը բացատրել են բարձր երաժշտությամբ և փաբի սեփականատիրոջը հորդորել՝ անջատել երաժշտությունը: Ոստիկանների հորդորններին լսելով՝ փաբի աշխատակիցները սկզբում երաժշտությունը անջատել են, ապա ցածր ձայնով միացրել:
Հակոբ Մանսուրյանը երեկ՝ ոստիկանների այցի ժամանակ եղել է «Calumet»-ում: Ասում է՝ ոստիկանները փաբ են այցելել 12:00-ի սահմաններում: Հակոբը կատակում է, որ ոստիկանները շատ շնորհքով են ներխուժել փաբ, սակայն ինչ են խոսել այդ օրվա պատասխաատուի հետ, չգիտի: Հակոբի փոխանցմամբ՝ ոստիկանները հաճախորդների հետ չեն շփվել, միայն բառի աշխատակցի հետ են խոսել և այդ ընթացքում փաբի երաժշտությունն անջատել: Հակոբը ««Calumet»» դուրս գալուց հետո գնացել է «Simona» բար, որտեղ քիչ անց կրկին ոստիկաններ են եկել:
Մեկնաբանել