
Գերմանիայի մայրուղիներով օրական 3 անգամ հեռակառավարվող բեռնատարներ են երթևեկելու
Աշխարհում առաջին անգամ, Բավարիայում մեկնարկել է համակարգչով կառավարվող բեռնատարների շահագործման նախագիծ: Բեռնատարները երթևեկելու են Մյունխեն և Նյուրնբերգ քաղաքները միացնող մայրուղով:
Գերմանիայում Մյունհեն և Նյուրնբերգ քաղաքները միացնող A9 մայրուղով, օրական երեք անգամ երթևեկելու են հեռակառավարվող բեռնատարներ, որոնք տեղափոխելու են Schenker լոգիստիկ ընկերության բեռը: Schenker ընկերությունը գերմանական երկաթգծի Deutsche Bahn կոնցեռնի դուստր ձեռնարկությունն է: Նախագծի մեկնարկի մասին հունիսի 25- ին հայտարարել են Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը (Andreas Scheuer) , Man մեքենաշինական կոնցեռնի ղեկավար Յոհաքիմ Դրիզը (Joachim Drees) և Deutsche Bahn կոնցեռնի ղեկավարներ` Ալեքսանդր Դոլլը (Alexander Doll) և Սաբինա Զեշկանը (Sabina Jeschke):
Աշխարհում առաջին անգամ փորձ է կատարվելու մի քանի բեռնատարներից բաղկացած շարասյունը վարել միայն մեկ վարորդի օգնությամբ: Առաջին բեռնատարը լինելու է վարորդով, այնուհետև երկրորդ բեռնատարը, որը 15 մետր հեռավորության վրա է գտնվելու առաջինից, կառավարվելու է համակարգչի միջոցով: Սովորաբար գերմանական մայրուղիներում բեռնատարների հեռավորությունը կազմում է 50 մետր:
Ավելի շահութաբեր և ապահով բեռնափոխադրումներ
Ըստ տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերի՝ այս մեթոդը թույլ կտա բարձրացնել բեռնափոխադրումների անվտանգությունը, շահութաբերությունը և կրճատել շրջակա միջավայրի աղտոտումը: Ալեքսանդր Դոլլը ավելացրել է , որ առաջին բեռնատարի ստեղծած օդային հոսքի միջով վարելը 10% - ով կրճատում է վառելիքի ծախսը, այդպիսով խնայելով 3 լիտր դիզվառելիք ամեն 100 կիլոմետրին: Բացի այդ բեռնատարների այդպիսի շարասյունը զբաղեցնում է ավելի քիչ տարածք: Երկու բեռնատարներն իրենց կցորդներով 90 մետրի փոխարեն զբաղեցնելու են 40 մետր : Բարձրանալու է նաև երթևեկության անվտանգությունը, քանի որ համակարգիչը 1/1000 –րդ վայրկյան հետո ռեակցիա է տալիս ճանապարհի իրավիճակի ցանկացած փոփոխության հանդեպ:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փորձարկումների ժամանակ համակարգչով կառավարվող բեռնատարի մեջ նույնպես լինելու է փորձառու վարորդ , որը ցանկացած պահի կարող է շտկել իրավիճակը: Նախագծի ավարտը պլանավորված է մինչև 2019 թվականի վերջ:
Նյութի աղբյուը՝ Deutsche Welle
Մեկնաբանել