HY RU EN

Արաքս Մամուլյան

Եղիշե Խաչատրյանի սպանության գործով վկան փորձում էր հավատացնել, թե առ այօր տեղյակ չէ՝ Նուբարաշենի խճուղում ինչ դեպք է եղել

Նուբարաշենի խճուղում մոր աչքի առաջ սպանված Եղիշե Խաչատրյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց վկա Մկրտիչ Ետչիբերյանը: Վերջինս աշխատելիս է եղել սպանության դեպքի վայրին մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում: Դեպքի օրն աշխատանքի է եղել, սակայն, ըստ իր ցուցմունքի, երեկոյան` ժամը 20:30-ի սահմաններում, դուրս է եկել աշխատավայրից ու գնացել բարեկամներից մեկի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված արարողությանը մասնակցելու, ապա նորից վերադարձել աշխատանքի: Թե որքան ժամանակ է վկան բացակայել աշխատանքից, հստակ չգիտի. նախաքննական ցուցմունքներից մեկում նշել է, թե 2-3 ժամ, դատարանում էլ մեկ անգամ նշեց, թե բացակայել է 3-4 ժամով, մեկ անգամ էլ՝ 4-5:

Ըստ Ետչիբերյանի ցուցմունքի՝ ծննդյան արարողությունից հետո իրեն աշխատանքի վայր է բերել հայրը, և ավտոտեխսպասարկման վայրից քիչ հեռու ինքը նկատել է հավաքված մարդկանց, սակայն աղմուկ և վիճաբանության ձայներ չի լսել: Վերադառնալուց հետո, ըստ վկայի ցուցմունքի, աշխատավայրում կարճ ժամանակ է մնացել՝ մոտ 15 րոպե, ապա մեկ այլ աշխատակցի հետ գնացել են: Այդ ժամանակ ևս, ըստ Ետչիբերյանի ցուցմունքի, հավաքված մարդիկ են եղել, մեքենաներ, սակայն ինքն ավելին չգիտի:

Այս վկան դատարանին փորձում էր հավատացնել, թե մինչև այս պահը չգիտի, թե ինչ դեպք է տեղի ունեցել այդ օրը, երբ ինքն ավտոտեխսպասարկման կետից քիչ հեռու տեսել է հավաքված մարդկանց:

Նշենք, որ վերը նշված օրը՝ 2016 թվականի հունիսի 4-ին, ժամը 23:45-ի սահմաններում ճանապարհային ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Նուբարաշենի խճուղում մահացած անձ կա: Դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը պարզել է, որ ահազանգից առաջ վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի անձանց և 58-ամյա Եղիշե Խաչատրյանի միջև, որի հետևանքով Խաչատրյանը ծեծելով սպանվել է:

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Խաչիկ Կոսյանին, Արթուր Զաքարյանին ու Յուրի Հակոբյանին:

Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:

Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքը որևէ դեպքի ականատես չի եղել, և  ավտոտեխսպասարկման կենտրոնի աշխատակիցներից չի հետաքրքրվել, թե ինչ դեպք է տեղի ունեցել:

Վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում, սակայն, էական հակասություններ կային, ուստի դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքները: Առաջին ցուցմունքում, որը վկան տվել է դեպքից անմիջապես հետո, Ետչիբերյանն ավելի քիչ տեղեկություն է հայտնել, քան երկրորդ՝ օգոստոսին տված ցուցմունքում:

Եթե առաջին ցուցմունքում նշել է, ըստ էության, այն, ինչ այսօր դատարանում ցուցմունք տալիս էր ասում, ապա երկրորդ՝ օգոստոսին տված ցուցմունքում խոսել է այն մասին, որ երբ ավտոտեխսպասարկման կենտրոնից արդեն տուն գնալիս է եղել, դեպքի վայրում հավաքված մարդկանց թիվն ավելի շատ է եղել, որ այնտեղ, իր բառերով՝ խառնաշփոթ վիճակ է եղել:

Նախաքննական այս ցուցմունքում վկան ասել է նաև, որ ավտոտեխսպասարկման մեկ այլ աշխատակցից՝ Դավիթ անունով, իմացել է, որ վերը նշված օրը մարդ է սպանվել, որ Դավիթը շտապօգնություն է կանչել:

Դատավարության կողմերը տևական ժամանակ մի շարք հարցերի միջոցով փորձում էին պարզել, թե ինչպես է ստացվել, որ վկան դատարանում հայտնում է, թե դեպքի մասին գրեթե ոչինչ չգիտի, այնինչ նախաքննական ցուցմունքը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ իմացել է հունիսի 4-ին տեղի ունեցած սպանության մասին: Ի պատասխան այս առնչությամբ տրված հարցերի՝ վկա Մկրտիչ Ետչիբերյանն ասում էր, թե ինչ գիտի, հայտնել է:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 6-ին: