HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հալաբյան հ.20/1 հասցեում կատարված անօրինական ծառահատման փաստով քրեական գործ է հարուցվել

Հալաբյան հ.20/1 հասցեում կատարված անօրինական ծառահատման փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Հիշեցնենք, որ այս հասցեում կատարված առանց թույլտվության ծառահաման փաստը ոստիկանությունը սկսել էր ստուգել մեր՝ մայիսի 18-ին հրապարակած «Պետգույքի կառավարման վարչության նախկին պետը առանց թույլտվության ծառահատում է իրականացրել» հոդվածից հետո:

Քրեական գործի 296-րդ հոդվածը սահմանում է, որ ապօրինի անտառահատումը, անտառային ֆոնդի մեջ չմտնող կամ հատումն արգելված ծառերը, թփերը, պետական սեփականություն համարվող բուսածածկը մինչեւ աճի դադարեցման աստիճանը վնասելը, եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել՝ 

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: 

2. Նույն արարքները, որոնք կատարվել են` 

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 

2) բնության հատուկ պահպանվող տարածքներում՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: 

Տեղեկացնենք, որ մայիսի 24-ին գլխավոր դատախազությունը «Հետք»-ի՝ «Պետգույքի կառավարման վարչության նախկին պետը առանց թույլտվության ծառահատում է իրականացրել» վերտառությամբ հրապարակումը ուղարկել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար:

Հիշեցնենք, որ մարտ ամսին պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանին պատկանող Հալաբյան հ.20/1 հասցեում առանց թույլտվության ծառահատումներ են իրականացվել: Այստեղ նախկինում գործում էր նրան պատկանող «Դոլչե» ընտանեկան ժամանցի կենտրոնը: Որքան էլ քաղաքապետարանը փորձել էր թաքցնել պաշտոնատար անձի կատարած ծառահատման անօրինականության փաստը, մեր երկու գրավոր հարցումներից հետո խոստովանել էին, որ ծառահատումն իրականացվել է առանց բնապահպանության վարչության հսկողության, քանի որ համապատասխան թույլտվություն չի եղել:

Հավելենք, որ Հալաբյան փողոց 20/4, 20/8, 20/12, 20/13 և 20/14 հասցեներում Արման Սահակյանը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, որի ներսում լինելու է առևտրի կենտրոն, հասարակական սպասարկման սննդի կետ, գրասենյակային, ժամանցի և զվարճանքի կենտրոններ, սննդի արտադրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter