HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Փակված դպրոցի աշակերտները՝ գյուղապետի մեքենայի հույսին. դպրոցների օպտիմալացումը հետազոտողների ուշադրության կենտրոնում է

Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի աշակերտները դպրոց են գնում գյուղապետի մեքենայով: Գյուղի դպրոցը փակվել է, իսկ հարևան Հատիս գյուղի դպրոց հասնելու համար փոխադրամիջոց է պետք: Ինը հոգով նստում են գյուղապետի ջիպը ու հասնում դպրոց: Միասին էլ վերադառնում են: 

Եթե կարծում եք, որ վատ չէ գյուղապետի մեքենայով դպրոց գնալ-գալը, հետազոտողները մի «բայց» ունեն. երբ ինը աշակերտներից մեկը ավելի շատ դասեր է ունենում, քան մյուսները, ուսուցիչները ազատում են նրան վերջին դասաժամերից, որ կարողանա մեքենայով հետ գալ: Կիսատ կրթությամբ ամեն անգամ հետ գալը նախորդ կառավարության՝ դպրոցների օպտիմալացման հետևանքներից մեկն է, որ այսօր ներկայացրեց «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպության հետազոտողներն իրականացրել են դպրոցների օպտիմալացման մասնակցային մոնիտորինգ, որի նպատակը օպտիմալացման գործընթացի հնարավոր հիմնախնդիրները վեր հանելն ու բարելավման առաջարկություններ ներկայացնել էր:

Օպտիմալացում վերակազմակերպման միջոցով երկու դպրոցների միացումն է, որոնցից մեկը փակվում է, մյուսը ճանաչվում իրավահաջորդ: 2017թ. օգոստոսի 24-ին կառավարության հերթական նիստում որոշումներ ընդունվեցին, որ մի շարք դպրոցներ պետք է միացման ձևով վերակազմակերպվեն: Այդ դպրոցներից 6-ը գտնվում էին Երևանում, իսկ 9-ը՝ մարզերում:

Հանրային քաղաքականության ինստիտուտը իրականացրել է որակական հետազոտություն՝ դեպքի ուսումնասիրության մեթոդով: Փաստացի փակված յուրաքանչյուր դպրոց՝ իրեն բնորոշ վերակազմակերպման գործընթացով ու արդյունքներով, ուսումնասիրվել է որպես առանձին դեպք:

Մինչ բանախոսները կներկայացնեին հետազոտության հիմնական արդյունքները, ելույթ ունեցավ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա ասաց, որ մինչև ներկայիս պաշտոնը ստանձնելը աշխատել է «Հանրային քաղաքականության ինստիտուտում» և անմիջական մասնակցություն է ունեցել հետազոտական աշխատանքներին, անձամբ ծանոթ է իրավիճակին։

«Մենք զգում էինք, որ սխալ գործընթաց է տեղի ունենում Հայաստանում։ Ես ինքս միայնակ գնացի Փյունիկի դպրոց, տեղում խնդիրներին ծանոթացա, հետո գնացինք մնացած դպրոցները, որտեղ օպտիմալացման գործընթացները տեղի էին ունենում։ Կային դպրոցներ, որոնք համարյա թե գոյություն չունեին, դրանց մնալ անիմսատ էր, բայց կային դպրոցներ, որոնք իրապես շատ կարևոր էին, և դրանց փակելը ուղղակի տրամաբանական չէր։ Դրանցից մեկը Փյունիկի դպրոցն էր, որտեղ մոտ 40 երեխա էին ուսանում, և դրա ետևում այլ պատճառներ կային, թե ինչու էին ուզում այդ դպրոցը փակել. այն բավականին գեղեցիկ տեղում է, գետի ափին , կանաչ վայրում․․․ »,- նշեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ կառավարության 2017 թվականի որոշմամբ` նախատեսվում էր Կոտայքի մարզի Փյունիկի դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին: Սակայն Հ․ Հովհաննիսյանի խոսքով՝ որոշումն այժմ չեղարկված է: 

Հովհաննես Հովհաննիսյան, աղբյուրը՝  ֆբ

«Մենք հայտարարել ենք հստակ և ընկալելի, որ որևէ դպրոց չի փակվելու։ Եվ երբ որ հիմա նայում ենք բյուջեի ծախսային մասը, տեսնում ենք, որ 15-20 միլիոն դրամ խնայելու համար փակվում է դպրոց, որը կենսական նշանակություն ունի գյուղի կյանքում, բայց միևնույն ժամանակ կարող է 40 միլիոն դրամ տրվել, որ մի ժուռնալ տպագրվի, ինչը անտրամաբանական է ծախս-արդյունք տեսանկյունից»,- հայտարարեց ԿԳՆ պաշտոնյան։

Հ. Հովհաննիսյանն ավելացրեց, որ Վանաձորում ևս մեկ դպրոցի օպտիմալացման գործընթացը հիմա ընթացքի մեջ է, սակայն իրենք աշխատում են այդ դպրոցը հետ բերելու ուղղությամբ։

Արդեն փակված դպրոցները, Հովհաննիսյանի խոսքով, դժվար է հետ բերել նախկին վիճակին, սակայն իրավիճակի շտկման տարբերակ կա.

«Այնտեղ կային դպրոցներ, որտեղ արդեն իսկ գույքը բաժանվել էր, փակվել էին, երեխաները ցրվել էին, օրինակ՝ Զովաշենի դպրոցը, էդտեղ արդեն անելիք չունեինք, որովհետև բոլորն արդեն տեղափոխվել էին, նորից էլ հետ գալ հնարավոր չէր, այդ դպրոցի հետ կապված մի քիչ ուշացանք, բայց դա չի նշանակում, որ հետագայում չպետք է մտածել նորից  այդ գյուղում դպրոց վերաբացելու մասին»: 

Հետազոտության մասնակից Ավետիք Մեջլումյանը հակիրճ ներկայացրեց հետազոտության հիմնական կետերը: 

Ըստ բանախոսի՝ դպրոցները փակելուց առաջ պաշտոնայների հրապարակային ելույթներում նշվում էր, որ օպտիմալացումը վերաբերելու է միայն քաղաքային դպրոցներին, սակայն գործընթացը սկսելուց հետո միայն պարզվեց, որ թիրախում են նաև գյուղական մի քանի դպրոցներ: Դա էլ դարձել է հետազոտությունը սկսելու հիմնական դրդապատճառ:

Հետազոտությունում ներկայացված են 15 դպրոցներ, որոնք փաստացի փակվել են:

Հետազոտողների ներկայացրած վիճակագրական տվյալները մտահոգիչ են: Վերջին 20 տարում Հայաստանի դպրոցներում շարունակաբար կրճատվում է սովորողների թիվը: Այս ընթացքում 225 հազարով նվազել է սովորողների թիվը, իսկ ուսուցիչների թիվը կրճատվել է 23 հազարով: 

Արդյունքում, ներկայացրած տվյալներով, մոտ 1000 դպրոց Հայաստանում ունի 300-ից քիչ աշակերտ: Եվ քանի որ պաշտոնյաների հրապարակային ելութներում նշվում էր, որ օպտիմալացման գործընթացը վերաբերում է մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցներին, ապա հետազոտության արդյունքներով ստացվում է, որ ռիսկի գոտում են Հայաստանի դպրոցների գերակշիռ մեծամասնությունը:

Ավետիք Մեջլումյանը

Ա. Մեջլումյանի խոսքով՝ դպրոցների օպտիմալացումը հանգեցրել է աշակերտների՝ օրենսդրությամբ սահմանված կրթական մի քանի իրավունքների խախտմանը: Այսպես, թեև «Կրթության մասին» օրենքի 5-րդ հոդվածը պարտադրում է հանրակրթության շարունակականությունը և հաջորդականությունը, սակայն օպտիմալացված դպրոցներից երկուսի աշակերտներն այսօր հնարավորություն չունեն շարունակել սովորել այն առարկաները, որոնք ուսանում էին իրենց դպրոցում: Զովաշենի դպրոցում, որը փակվել է, աշակերտները սովորել են գերմաներեն, իսկ իրավահաջորդ դպրոցում այդ օտար լեզուն չեն դասավանդում: «Զովաշենի 9-րդ դասարանի աշակերտը հիմա նոր օտար լեզվի տառերն է սովորում»,- նշեց Ա. Մեջլումյանը:

Համաձայն հետազոտողների՝ օպտիմալացման գործընթացի ժամանակ դպրոցները զրկված են եղել ողջամիտ ինքնավարության, ինչպես նաև իրազեկման իրավունքից. աշակերտները, նրանց ծնողները, ինչպես նաև տնօրինությունը դպրոցի փակման քննարկումներին մասնակցություն չեն ունեցել, չեն իրազեկվել դրա մասին:

Դպրոցների օպտիմալացումից հետո խախտվել է աշակերտների՝ «Կրթության մասին» օրենքով նախատեսված մեկ այլ իրավունք ևս՝ հանրակրթության մատչելիությունը, քանի որոշ դեպքերում հեռավարության պատճառով աճել է թե աշակերտների՝ նոր դպրոց հասնելու ժամանակը (երբեմն՝ կրկնակի), թե տրանսպորտային ծախսը:  

Հետազոտողների դիտարկմամբ՝ քաղաքներում դպրոցների օպտիմալացումը հանգեցնում է մրցակցության նվազման, տնօրինությունն այլևս ստիպված չէ աշակերտին գրավել, ինչի արդյունքում փոխվում է ուսուցիչների վերաբերմունքը աշակերտների նկատմամբ: Դիտարկումն արվեց Բերդ քաղաքի դպրոցի օրինակով: Հանրակրթական երկու հաստատություններից այժմ Բերդում գործում է մեկը: Նոր դպրոց տեղափոխված աշակերտները պատմել են, որ ուսուցիչներն իրենց հանդեպ կոպիտ են: 

Մեկ այլ հարց է աշակերտների հոգեբանական և սոցիալական ադապտացումը նոր միջավայրին: Օպտիմալացումից հետո Երևանի իրավահաջորդ դպրոցներում, ինչպես պատմեցին բանախոսները, լուրջ կոնֆլիկտներ են առաջացել աշակերտների միջև: 

Գործազուրկ կամ թերծանրաբեռնված, հետևաբար՝ քիչ վարձատրվող ուսուցիչները, ըստ բանախոսների, օպտիմալացման մյուս բացասական հետևանքն են: Մոտավոր արդյունքներով՝ վերը նշված դպրոցները փակելուց հետո 23 ուսուցիչ է գործազուրկ մնացել: 

Հետազոտությունն ամբողջությամբ դեռ չի հրապարակվել, քանի որ հնարավոր էր՝ քննարկման և հարցուպատասխանի արդյուքնում որոշ առաջարկեն ավելացվեին կամ կատարվեին փոփոխություններ: Հարցուպատասխանի ժամանակ քննարկմանը ներկա էր նաև ԿԳ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Աշոտ Արշակյանը

Պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ Արշակյանը տեղեկացրեց, որ կառավարություն ներկայացրած իրենց ծրագրով՝ ամենևին նախատեսված չէր օպտիմալացնել գյուղական դպրոցները: ԿԳՆ-ն դեմ է եղել նաև Փյունիկի դպրոցի փակմանը, սակայն միջամտել է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝ հարցը մտցնելով կառավարության օրակարգ: 

Պետական կառավարման համակարգը, ըստ ԿԳ պաշտոնյաների, միշտ ունի լավ հետազոտությունների կարիք: Հանրակրթության վարչության պետը, որոշ բացառություններով, ընդունեց օպտիմալացման բացասական հետևանքները: Նրա կարծիքով՝ միանշանակ չէ, օրինակ, օպտիմալացման արդյունքում ուսուցիչների կրճատման հարցը: Նա բերեց Արթիկի դպրոցներից մեկի օրինակը, որի փակման ժամանակ 42 ուսուցիչ դասավանդել է 98 աշակերտի: Անկախ այն հանգամանքից՝ օպտիմալացվելու էր դպրոցը, թե ոչ, ըստ Արշակյանի, պետք է լիներ ուսուցիչների կրճատում: 

Հանդիպումն ավարտեցՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ում համար դպրոցների փակումը Հայաստանի համար անթույլատրելի է. նա շեշտեց նախկին կառավարության ժամանակ ԿԳՆ պաշտոնյաների՝ կարծիք հայտնելու հնարավորությունից զրկված լինելը:

Մոնիտորինգն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։

Մեկնաբանություններ (4)

Hayk
9 երեխայի համար դպրոց պահելն անիմաստ է: 3-4 կիլոմետր ճանապարհ է, կարելի է նաև ոտքով գնալ գալ: Շատ ավելի կարևոր է դպրոցի որակը: Փոքր դպրոցներում բարձրորակ կրթություն դժվար է ապահովել:
Լևոն
Հարգելի Հայկ, ձեր ձայնը ինչպես ասում են տաք տեղից է գալիս. հասուն մարդը 1 կմ անցնում է 10-12 րոպեում , 3-4 կմ կանցնի լավագույն դեպքում 40 րոպեում: Օրինակ ոնց եք պատկերացնում 7 կամ 8 տարեկան երեխան ամեն օր թե անձրևին ու ձնին, թե արևին ու սառնամանիքին ուրախ ու զվարթ գնում է դասի անցնելով այդքան ճանապարհ, դա հնարավոր չէ, ես իմ գյուղի ուսուցչի փորձից եմ ասում: Էլ չեմ ասում այդքան տանջանքից հետո կրթության որակի մասին:
Արտավազդ
Միանգամայն համամիտ եմ Հայկի հետ:Իսկ երեխաները կարող են համապատասխան մեքենայով գնալ դպրոց: Ամեն ինչ կարելի քննարկել և լուծումներ գտնել: Այն ամենը ինչ խոչընդոտում է երեխաների որակյալ կրթություն ստանալուն պիտի վերացվի:
Հայկ
Հարգելի Լևոն, ժամանակին ես հինգ կմ եմ քայլել դպրոց գնալու համար: Ոչ ամեն օր, իհարկե: Բայց հատկապես ձյան ու բքի ժամանակ, երբ ճանապարհներն փակ էին: Թող Հատիսի դպրոցը լավացնեն, այս երեխաները դրանից միայն կշահեն: Գյուղապետի մեքենան վատ վարիանտ չէ, դրա բացակայության դեպքում էլ կարելի է քայլել կամ ծնողները մի բան կճարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter