HY RU EN

Սեդա Ղուկասյան

Վահագնի համայնքում արտահերթ ընտրություններ են սպասվում

Այս տարվա հոկտեմբերի 21-ին Լոռու մարզի Վահագնի համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Նման որոշման նախագիծ հրապարակվել է կառավարության վաղվա՝ հուլիսի 4-ի նիստի օրակարգում: Տեղեկացնենք, որ որոշումը չզեկուցվող է:

Ըստ նախագծի արձանագրության՝ Վահագնի համայնքի ղեկավար Պետրոս Քոչինյանը մայիսի 30-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ, մայիսի 31-ին համայնքի ավագանին կազմել է արձանագրություն, որն էլ ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Վահագնի համայնքապետարանից ևս մեզ հետ զրույցում հաստատեցին, որ Քոչինյանը առողջական խնդիրների վատթարացման պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել:

Արդարադատության նախարարությունն իր եզրակացության մեջ գրել է, որ որոշման նախագիծը համապատասխանում է օրենսդրության պահանջներին, այլ գերատեսչություն առարկությամբ կամ դիտողությամբ հանդես չի եկել: