HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երուսաղեմ Սուրբ քաղաք

Դարերի ընթացքում բազմահազար ուխտավորներ են եկել Երուսաղեմ՝ երկրպագելու Տերունական այն տեղերին, ուր մարդկության Փրկիչը ծնվեց, ապրեց, քարոզեց, մեր մեղքերի քավության համար չարչարվեց, խաչվեց, ապա հրաշափառ կերպով Հարություն առավ ու երկինք համբարձվեց։ Մատենագիտական աղբյուրները վկայում են, որ Երուսաղեմի առաջին ուխտավորներից են եղել հայերը, ովքեր՝ գալով այստեղ, կառուցել են քրիստոնեական առաջին շինությունները։

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ տնօրինությամբ ուխտավորների բազմամարդ մի խումբ ուղեւորվեց Սուրբ Երուսաղեմ։ Նրանք պետք է լինեին Հին Երուսաղեմում, այցելեին Բեթղեհեմ ու Երիքով՝ այն վայրերը որտեղ ծնվել ու երկրային իր օրերն է անցկացրել մեր Տեր Հիսուս Քրիստոսը՝ մարդու եւ մարդկության Փրկիչը։

Սկիզբը Երուսաղեմի Հայոց Սրբոց Հակոբյանց վանքից էր, քանզի դարեր շարունակ հայ ուխտավորի համար Երուսաղեմը սկսվել է Սիոն լեռան բարձունքում կառուցված այս վանքով։

Խոսելով Երուսաղեմի եւ մասնավորապես Սրբոց Հակբյանց վանքի մասին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանն ասաց. «Պատմությունը երկար է Երուսաղեմի, մինչեւ անգամ այս տաճարի եւ սակայն պատմությունը այն է, որ հայու ստեղծագործ հոգին ապացույցը ունի սուրբ հողերուն վրա։ Հայու հոգին իր կամքի ուժը, տոկունությունը արտահայտած է պատմության ընթացքին»։

Ուխտավորները ծանոթանում են Սրբոց Հակոբյանց մայր տաճարին։ Վանքը նվիրված է Հակոբոս առաքյալին եւ Հակոբոս տեառնեղբորը, ինչի համար էլ կոչվում է Սրբոց Հակոբյանց։ Պատմական ստույգ տեղեկություններ չկան, թե երբ է հիմնադրվել եւ կառուցվել։ Ազգային ավանդությունն այն վերագրում է Տրդատ Մեծին եւ Գրիգոր Լուսավորչին։ Այստեղ են պահվում Հայոց Հեթում թագավորի գավազանն ու բազմաթիվ սուրբ մասունքներ։

Վանքը պատված է ամուր եւ բերդանման պարիսպներով։ Վանական շրջափակից ներս են գտնվում Մայր Տաճարը՝ կից մատուռներով ու եկեղեցիներով, Երուսաղեմի հայոց պատրիարքարանը, ձեռագրատունն ու Կյուլպենկյան մատենադարանը, ժառանգավորաց վարժարանն ու ընծայարանը։ Վանական համալիրի մեջ են մտնում նաեւ աշխարհականների եւ ուխտավորների բնակավայրերը։

Հայոց մշակույթի համար առանձնահատուկ նշանակություն ունի Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի ձեռագրատունը, որտեղ շուրջ երեք հազար ձեռագիր մատյան է պահվում։ Դա Մաշտոցյան Մատենադարանից հետո երկրորդ ամենամեծ հավաքածուն է աշխարհում։

Թեեւ ուխտագնացության ծրագիրը կազմված էր՝ հաշվի առնելով տեղաշարժվելու հարմարությունը, խախտելով հերթականությունը՝ ներկայացնենք սրբավայրերը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ժամանակագրությամբ։

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Տաճարում ի շարս հույների ու լատինների իր ներկայությունն ունի նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Սուրբ Ծննդյան տաճարը կառուցված է այն այրի վրա, ուր ծնվեց Հիսուս։ Բուն այրի մեջ է գտնվում Հիսուսի ծնված տեղը եւ մսուրը։ Հիսուսի ծննդյան այրում գտնվում է Պատարագի մի սեղան, որը հայրերինն ու հույներինն է։ Հայերին պատկանում է նաեւ եկեղեցու հյուսիսային թեւը։ Հայոց իրավասության ներքո կա պատարագամատույց եւս երկու սեղան։

Երիքով քաղաքի մոտ է գտնվում Փորձության լեռը, այն վայրը, որտեղ Հիսուս փորձվեց սատանայից եւ հաղթեց նրան։ Լեռան գագաթը եզերող վանքն ու մենախցերը պատկանում են հույներին, ուր մինչեւ հիմա էլ կատարվում են ծիսական արարողություններ։

Ձիթենյաց լեռան վրա է այն եկեղեցին, որը կոչում են բոլոր ազգերի։ Այստեղ է Հիսուս իր աշակերտներին սովորեցրել «Հայր մեր» տերունական աղոթքը։ Եկեղեցու պատերի հախճապակե սալիկների վրա աշխարհի տարբեր ազգերի լեզուներով գրված է «Հայր մերը»։ Դրանց հերթականության մեջ հայերենը երրորդն է։

Սրբոց Հակոբյանց վանքից ոչ հեռու, նրա արեւելյան եւ Երուսաղեմի հարավային կողմում է գտնվում Հայոց Սուրբ Հրեշտակապետաց վանքը։ Ըստ ավանդության, եկեղեցին կառուցված է Աննա քահանայապետի տան գավթի տեղում, ուր եղավ Հիսուսի հարցաքննությունը։ Եկեղեցին նվիրված է Տիրոջ առաջին չարչարանաց եւ բանտարկության հիշատակին։ Սրա հետ են կապվում փրկչական մի շարք հիշատակներ, որոնցից թերեւս ամենահետաքրքրականը Օվսաննայի քարն է։ Հիշում եք, Հիսուս ասաց. «Եթե նրանք լռեն, այդ քարերը կաղաղական»։ Այստեղ մի քար կա, որ մարդու բերանի ձեւ ունի եւ համաձայն ավանդության, մեկն է այն քարերից, որոնք Հիսուսի այս խոսքից հետո Օվսաննա ասացին։

Սուրբ Հրեշտակապետաց վանքի մոտ կառուցված է Սուրբ Փրկչի վանքը։ Եթե Սուրբ Հրեշտակապետացը կառուցված է Աննա Քահանայապետի տան տեղում եւ կոչվում է Առաջին բանտ, ապա սա Կայիափայի տան տեղում է եւ կոչվում է երկրորդ բանտ։ Այստեղ էր, որ Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին, եւ լուսադեմին կանչեց աքաղաղը։ Գլխավորը Քրիստոսի սուրբ գերեզմանի այստեղ պահվող կափարիչն է, որն հաստատված է որպես սեղան, եւ դրա վրա պատարագ է մատուցվում։

Սուրբ Հարության տաճար։ Սա Երուսաղեմի եւ ընդհանրապես քրիստոնեական աշխարհի ամենանվիրական եւ գլխավոր սրբավայրերից է։ Այն կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչգյուտի քարայրի եւ մի շարք այլ սրբավայրերի վրա։ Քրիստոսի գերեզմանը գտնվում է Ս. Հարության տաճարի մեծ գմբեթի տակ, վիմափոր ժայռերի մեջ եւ երկու խորշի է բաժանված։

Տաճարը համատեղ տնօրինում են Հայ, Հույն եւ Կաթոլիկ եկեղեցիները, եւ նրանց է վերապահված այս սրբավայրի մաքրությունը, նորոգությունն ու գործածությունը։ Հայոց եկեղեցու իրավասությունների շրջանակում մասնավոր իրավունքներ ունեն նաեւ ղպտիներն ու ասորիները։

Ձիթենյաց լեռան վրա է գտնվում Համբարձման մատուռը։ Այս սրբատեղին նշանավոր է նրանով, որ երկրի վրա կրում է Քրիստոսի վերջին ոտնահետքերի տեղերը։ Քառանկյուն շրջանակի մեջ առնված է այն բնական ժայռը, որտեղից Աստծո Որդին համբարձվել է։ Երկրաշարժից Համբարձման մատուռն ավերվել է։ 19-րդ դարի սկզբին մահմեդականներն այս տեղում մզկիթ են կառուցել, մզկիթից դուրս, սակայն, մնացել են սեղանները, եւ հայերը, հույները, ղպտիներն ու ասորիները Համբարձման տոնին վրաններ դնելով այստեղ պատարագ են մատուցում։

Թեեւ Ավետարանները Տիրամոր վախճանման եւ թաղման մասին չեն պատմում, սակայն, համաձայն եկեղեցական ավանդության, Սուրբ Կույսը ննջումից հետո, թաղվում է Գեթսեմանիում, ապա մարմնով երկինք վերափոխվում։ Գեթսեմանիի եկեղեցին կառուցված է այն տեղի վրա, որում դրվել է Սուրբ Կույսի Մարմինը։

Գրեթե ամբողջությամբ հողի մեջ թաղված եկեղեցին մեկն է Երուսաղեմի ամենաինքնատիպ շինություններից։ Վերին մասը վաղուց քանդվել է։ Եկեղեցու կենտրոնից դեպի արեւելք գտնվում է սուրբ կույսի գերեզմանը՝ առնված առանձին մի փոքրիկ մատուռի մեջ, ուր ամեն առավոտ հաջորդաբար սուրբ պատարագ են մատուցում հույներն ու հայերը։ Շաբաթվա ընթացքում երկու անգամ պատարագում են նաեւ ղպտիներն ու ասորիները։

Երուսաղեմը երեք կրոնների՝ քրիստոնեության, հուդայականության եւ մահմեդականության քաղաքն է։ Այն բոլոր ժամանակներում կռվախնձոր է եղել այս երեքի համար։ Երկարատեւ պատմության ընթացքում Երուսաղեմը բազմաթիվ պատերազմներ, կորուստներ ու ավերածություններ է տեսել։ Արշավանքների ու հարձակումների հետեւանքով անընդհատ փոխվել է։ Փոխվել է ոչ միայն նրա տեսքը, այլ նաեւ ժողովրդագրական կազմը, եւ աստիճանաբար ձեւավորվել է մի մթնոլորտ, որն հատուկ է այսօրվա Երուսաղեմին։ Պատմության այդ վայրիվերումների եւ ներկա մթնոլորտի մեջ Հայ Առաքելական եկեղեցին պահպանել է իր դիրքերն ու արթուն ժամապահի պես հսկել Տերունական սրբավայրերը։

Մեկնաբանություններ (2)

Աստղիկ
Փառքդ շատ լինի Տեր Հիսուս Քրիստոս Հավիտենական: խոնարհ շնորհակալություն
Աննա
Մեեեծ երազանք:Հուսով եմ,որ մի օր էլ ես կհայտնվեմ այս հրաշք վայրում: Ձեզ էլ մեծ շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter