
Բանակի հերթական զոհը. հրամանատարի անհոգատարությո՞ւն, թե՞ բժշկի անգրագիտություն
Երկու շաբաթ առաջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդության պատճառով մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը: Նրա տատիկը՝ Աիդա Ավագյանը, նամակ է գրել «Հետքի» խմբագրություն, որում մասնավորապես ասված է.
«2011 թվականի հունիսի 1-ին Հայկ Մովսեսի Խաչատրյանը զորակոչվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակ: Նա մեծ ոգևորությամբ էր լցված և հենց ինքն էլ իր ծննդյան օրը վերցրեց ուղեգիրը: Ծառայության 6 ամիսների ընթացքում Հայկն արժանանում է բանակի գերազանցիկի կոչման: Որոշ ժամանակ անց հայրը տեղեկանում է, որ որդին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ՝ «դիմային նյարդի բորբոքում» ախտորոշմամբ:
2011 թվականի դեկտեմբերի 28 -ին որդուն հերթական այցելության ժամանակ նա գտնում է Հայկին հիվանդանոցի սենյակներից մեկում լքված: Հարցին, թե կերել է արդյոք ինչ-որ բան այդ օրը, Հայկը պատասխանում է միայն թեյ, որը նրան տվել է հարևան զինվորներից մեկը:
Դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 5-ին Հայկի մոտ որովայնի շրջանում սկսվում են ուժեղ ցավեր, այդ թվում նաև էպիլեպսիկ դրսևորումներ, նա երբեմն ընկնում է ցնցումների մեջ: Բժիշկներն ասում են, որ նրա մոտ կա կույր աղիքի բորբոքում, և որ նա պետք է մնա իրենց հսկողության տակ, որպեսզի հարկ եղած ժամանակ ենթարկվի վիրահատության: Նաև հարցնում են՝ երեխան արդյոք հիվանդ չէ էպիլեպսիայով:
Նշենք, որ այդ ժամանակ արդեն հայտնի է եղել, որ Հայկի մոտ կա նաև ջրծաղիկի վարակ: Նրան ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու հոր հորդորները մերժվում են այն պատճառաբանությամբ, որ նախ պետք է լուծել կույր աղիքի խնդիրը այնուհետև զբաղվել ջրծաղիկի բուժմամբ:
Այնուամենայնիվ, հոր շարունակվող հորդորներից, սպառնալիքներից հետո, առավոտյան հրավիրված բժշկական խորհրդակցության արդյունքում՝ Հայկը տեղափոխվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հետազոտությունից հետո պարզվում է, որ Հայկի մոտ առկա է ջրծաղիկ հիվանդություն՝ իր ծայրահեղ բարդացած վիճակով: Բժշկի խոսքերով՝ նրա մոտ արդեն ախտահարված էին համարյա բոլոր ներքին օրգանները, այդ թվում նաև ուղեղը, և նրա կյանքը փրկելու հույս գրեթե չկար: Արդեն պարզ է դառնում որովայնի շրջանում ցավերի և վերջին օրերի էպիլեպտիկ երևույթների իրական պատճառը:
Նաև նշենք, որ որդու հետ խոսակցությունների ժամանակ հայրը պարզել է, որ զորամասում Հայկի՝ առողջական վիճակից բողոքներին ի պատասխան, նրան մեղադրել են «սիմուլյանտության» մեջ և ստիպել են վազել 10 կիլոմետր:
Դեկտեմբերի 30-ին գիշերը՝ ժամը 11:40-ին, Հայկը վախճանվում է՝ թողնելով անպատասխան հարցերի մի շարան»,- գրում է նամակի հեղինակը եւ հարցնում՝ ստեղծվե՞լ է արդյոք հանձնաժողով՝ պարզելու, թե ինչու է զինվորը օրեր շարունակ մնացել «լքված» վիճակում եւ ինչու ժամանակին չի ախտորոշվել հիվանդությունը:
Դեպքի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում՝ «Անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ» հոդվածով հարուցվել է քրեական գործ (պատժվում է ազատազրկմամբ 3-ից 6 տարի ժամկետով): Սակայն դեռեւս, ինչպես հայտնում է ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը, ոչ ձերբակալվածներ կան, ոչ էլ կասկածյալներ:
«Ո՞վ է պատասխանատու ևս մեկ հայ զինվորի մահվան համար: Ո՞վ է պատասխանատու ևս մեկ հայ ընտանիքի խեղված ճակատագրի համար: Ի՞նչն է պատճառը, որ 21-րդ դարում ջրծաղիկը դարձավ 18-ամյա զինվորի մահվան պատճառ: Բժշկի, հրամանատարի անհոգատարությու՞նը: Բժշկի անգրագիտությու՞նը»,- հարցնում է Աիդա Ավագյանը:
Հ. Գ. Քիչ անց «Հետքը» կներկայացնի Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մեկնաբանությունը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել