
2,5 միլիոն դրամ՝ Նոր Կեսարիայի դպրոցի և Հայկավանի մշակույթի տան նորոգման նպատակով
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 2,5 միլիոն դրամ հատկացնել Արմավիրի մարզպետարանի՝ վերանորոգման աշխատանքների աջակցության նպատակով: Այս գումարից 1,5 միլիոն դրամն ուղղվելու է Նոր Կեսարիա համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգմանը, իսկ 970 հազար դրամը՝ Հայկավանի մշակույթի տան տանիքի նորոգմանը:
Նման որոշման նախագիծ գործադիրի նիստին ներկայացրել էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա ներկայացրած որոշման նախագծի համաձայն՝ կառավարության 2017թ. մարտի 30-ի որոշմամբ՝ Հայկավան համայնքի մշակույթի տան վերանորոգման և Նոր Կեսարիա համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսը չի վճարվել կապալառուին, քանի որ աշխատանքների կատարման ժամկետը 2017 թվականի դեկտեմբերից երկարաձգվել է մինչ այս տարվա ապրիլ:
Քանի որ ապրիլին կապալառու կազմակերպությունները պայմանագրով նախատեսված աշխատանքները ավարտվել են ամբողջ ծավալով, անհրաժեշտ է կապալառու կազմակերպություններին փոխանցել աշխատանքների կատարման հինգ տոկոսը, որի նպատակով կառավարությունն այսօր գումար հատկացրեց:
Մեկնաբանել