HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյոք է-կառավարումը կարո՞ղ է բարելավել կառավարության գործունեությունը

Ալվարդ Գասպարյան 

Սեփական փորձառությունից 

Աբովյան քաղաքն արդեն պաշտոնական կայք ունի ինտերնետում (www.abovyan.am)։ Վերջապես... Սա պետք է որ քաղաքի կառավարման համակարգում արդիականացման ու բարեփոխումների ազդանշան լինի՝ մտածեցի։ Միգուցե այսուհետ կարող էի որեւէ կերպ մասնակցել իմ քաղաքի անցուդարձին, ինչ-որ ներդրում ունենալ... Կայքի հետ ծանոթությունը սթափեցնող էր. բովանդակությունը՝ զուսպ ու ժլատ ձեւի մեջ, առանց խնդրահարույց կամ «ավելորդ» մանրամասնությունների, ինչպես վայել է մեզ համար սովորական պաշտոնական լրատվությանը։ Այսուհանդերձ, կա առավելություն՝ այստեղ մշտապես տեղակայված է քաղաքի բյուջեն ու զարգացման եռամյա ծրագիրը, կարելի է ծանոթանալ քաղաքապետարանի ու քաղաքի կառավարման համակարգին, կան բիզնեսին հետաքրքրող փաստաթղթեր ու պայմանագրերի ձեւեր։ Կայքն իրեն այսպես է ներկայացնում. «Ստեղծվել է ԱՄՆ-ի ՄԶԳ Ուրբան ինստիտուտի Տեղական ինքնակառավարման ծրագրի շրջանակներում Աբովյանի «Բիզնեսի աջակցության եւ վերապատրաստման կենտրոնի» կողմից: Էջի գլխավոր նպատակն է՝ ներկայացնել քաղաքը եւ այստեղ գործող բիզնեսները համաշխարհային ցանցում: Սրանով իսկ ստեղծելով թափանցիկ միջավայր արտաքին ներդրողների եւ տուրիզմի զարգացման համար»։ 

 Այսպիսով` քաղաքի պաշտոնական գլխավոր մտահոգությունը բիզնես ոլորտն է, իսկ թափանցիկ միջավայրը «արտաքին ներդրողի եւ տուրիզմի» համար է։ Այն, ինչ սկզբունքորեն կարող էր հետաքրքրել օժանդակող միջազգային կազմակերպությանը։ Այսուհանդերձ, գիտակցելով, որ նման կայքը (գոնե տեսականորեն) դինամիկ, շարունակ զարգացող մի ձեռնարկ պետք է լինի, ինձ հատկապես կարեւոր թվաց արտահայտվելու հնարավորությունը, այն ճանապարհները, որոնցով կայքը կարող է ստանալ իր հետագա զարգացման լիցքերը։ Իմ մասնավոր ակնկալիքն էր՝ ձեռնարկի կենտրոնում տեսնել քաղաքի բնակչին (որը նաեւ կարող է գործարար լինել), որի համար պետական տարբեր ծառայություններ ավելի մատչելի են դարձել, եւ որին ընձեռված է հավելյալ հնարավորություն՝ հետեւելու, մասնակցելու քաղաքի կառավարմանը։ 

Կայքում արտահայտվելու միակ եղանակը «հյուրասրահ»-ն է, որտեղ էլ զետեղեցի մի քանի դիտարկումներ ու ընդհանուր բնույթի առաջարկություններ (չնայած այս միջավայրը իր փողոցային արտահայտություններով ամենեւին չէր տրամադրում նման մասնակցության)։ Արձագանքը այս երանգն ուներ՝ հասկանալի չէ, թե ինչ է ձեր ուզածը, միգուցե մի օր հանդիպենք։ Որոշ ժամանակ անց, հյուրասրահում արտահայտեցի կարծիքս քաղաքի զարգացման ծրագրի վերաբերյալ (ունենալով պետական կառավարման բարձրագույն կրթություն)։ Այն իսկույն ջնջվեց, իսկ իմ էլեկտրոնային փոստում հայտնվեց նման մի պատասխան՝ «Քուր ջան, եթե ինչ-որ բան էլ քեզ դուր չի գալիս, դա քո հոգսն է»։ Լավ, ամեն դեպքում, ինչու՞, ի՞նչ սկզբունքով ջնջեցիք խոսքս, եթե կան կանոններ, ինձ տեղյակ պահեք: Զարմանքիս արձագանքեցին՝ մեր կայքն է, ինչ կուզենք՝ կանենք։ Ապա խորհուրդ տվեցին ժամանակս ծախսել ինտերնետում որեւէ զրույցի միջավայրում (չաթ անել)։ Սա, բնականաբար, որոշակի ճշտումներ մտցրեց քաղաքի կյանքում իմ տեխնոլոգիական ակնկալիքների մեջ։ 

 Մյուս փորձառությունս առնչվում է Կոտայքի մարզի պաշտոնական կայքի հետ։ Այն պատրաստվել է վերը քննարկված ՄԱԶԾ-ի է-կառավարման նախագծի շրջանակում (հասցեն՝ http://kotayk.region.am): Այս կայքը, Ուրբան ինստիտուտի աջակցությամբ ստեղծված Աբովյանի կայքի համեմատությամբ, ավելի մշակված ու բազմազան բովանդակություն է առաջարկում։ Այստեղ չկա արտահայտվելու կամ քննարկման հրապարակ, սակայն կան պաշտոնյաների էլեկտրոնային փոստի հասցեները եւ մարզպետարանի տարբեր բաժիններ դիմելու հնարավորություն։ Նկատենք, որ մարզպետարանի եւ անգամ կայքի անձնակազմի հետ որեւէ հաղորդակցություն հնարավոր է միայն «դիմում» գրելով, եթե անգամ դա մի կարծիք է կամ հարց։ Ընդունելով հանդերձ, որ գնահատելի աշխատանք է արված, եւ օգտակար շատ տեղեկություններ կարելի է գտնել կայքում, ինձ համար դարձյալ առավել էական էր կայքի զարգանալու, փոփոխվելու կարողությունը, որ սերտորեն կապված է հաղորդակցության հետ։ Գրանցվեցի ու մարզպետարանի տարբեր մարդկանց ու բաժիններ հարցեր ուղղեցի՝ ցանկանալով շոշափել նրանց վերաբերմունքը, եղած փորձն ու մտադրությունները է-կառավարման այս համակարգի առնչությամբ։

Պարզվեց` բոլոր հարցումներս ուղղվել էին մեկ անձի՝ կայքի համակարգողին, եւ նրա արձագանքը գրեթե նախորդի պես էր՝ չեմ հասկանում` ի՞նչ է ձեր ուզածը, միգուցե հեռախոսով խոսե՞նք։ Ուրեմն, համակարգողը ոչ միայն ստանում է տարբեր մարդկանց ուղղված «դիմումները», այլեւ իրավասու է պատասխանել նրանց փոխարեն, եթե այդպես է հարմար գտնում։ Հեռախոսով զրույցը լավատեսություն չներշնչեց՝ ակնհայտ էր գիտելիքի պակասն ու քողարկված ագրեսիվությունը` ընդդեմ նոր, անծանոթ տեսակետի... Պլանների ու կուտակված փորձի մասին, եթե անգամ դրանք կան, որոշակի տեղեկություններ հայտնի չդարձան։ Զավեշտական է, որ զրուցակիցս, ներկայացնելով հանդերձ մի նախաձեռնություն, որը կոչված է բարեփոխումներ ծնելու, այն տեսակետն ուներ, որ ներկա կառավարությունն այսօր շատ ավելի լավն է, քան՝ որին ժողովուրդն է արժանի։ Առաջարկեցի ստեղծել արտահայտվելու, տարբեր հարցեր քննարկելու մի հրապարակ, մթնոլորտն ավելի վերահսկելի դարձնելու համար քաղաքացուն ընտրության հնարավորություն ընձեռել՝ հրապարակելու իր նամակը, ինչպես նաեւ ստացած պատասխանը։ Արձագանքը հետեւյալն էր՝ դուք մեզ ճանաչում եք, իսկ մենք ձեզ չենք ճանաչում, ինչպե՞ս կարող ենք թույլ տալ որեւէ բան հրապարակել։ Իսկ արտահայտվելու կանոնակարգի մասին ակնարկս լրիվ շփոթեցրեց զրուցակցիս, եւ նա ստիպված եղավ նկատել, որ ես «ուտոպիաների մեջ եմ»։ Անցավ որոշ ժամանակ, եւ ես դարձյալ հարց ուղարկեցի մարզպետարանի կրթության եւ մշակույթի բաժին (թերեւս շատ էի ցանկանում ինտերնետի միջոցով պաշտոնական որեւէ գործ կարգավորել)։ Մոտ մեկ շաբաթ կայքի դիմումների տիրույթում տեղադրված գունավոր ազդանշանները հուշում էին՝ դիմումս ընթացքի մեջ է։ Վերջապես մի օր նամակ ստացա նույն համակարգողից՝ ձեր դիմումի մեջ սխալ կա։ Իմ հարցին, թե ի՞նչ սխալ, միգուցե պարզաբանեի՞ք, պատասխան ստացա՝ չեք լրացրել, թե ձեր հարցը կրթության բաժնի հատկապես ո՞ր աշխատակցին է ուղղված...

Միջազգային ծրագրերը Հայաստանում 

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում գործող տարբեր միջազգային կազմակերպություններ օժանդակել, իսկ հաճախ էլ նախաձեռնել ու իրականացրել են պետական կառավարման համակարգում ՏՀՏ-ի ներդրման տարբեր նախագծեր։ Մասնավորապես, Միացյալ ազգերի զարգացման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացրել է երկու լայնածավալ նախագիծ՝ «Է-Կառավարման (էլեկտրոնային կառավարման) համակարգ տարածքային վարչարարության համար» (2002-2004թթ.) եւ «Օժանդակություն տեղեկատվական հասարակությանը եւ ժողովրդավարական կառավարմանը» (2001-2004թթ.)։ 

Կառավարության գլխավոր գործառույթը հանրությանն ու քաղաքացուն ծառայելն է՝ քաղաքականություններ մշակելու եւ իրականացնելու, տարատեսակ ծառայություններ մատուցելու եւ այլ ձեւերով։ Եւ անսպասելի չէ, որ է-կառավարումը (ինչպես դա երեւում է սահմանումից) նույն առաքելությունն ունի, իսկ փորձը գալիս է հաստատելու, որ է-կառավարման ցանկացած նախաձեռնություն, որի կենտրոնում քաղաքացին չէ, գրեթե ինքնանպատակ մի բան է։ Նույնքան վճռական է քաղաքական նպատակահարմարությունը՝ ինչպես է ծրագիրը առնչվում ազգային քաղաքականության ու ռազմավարությունների, մատնանշված զարգացման խնդիրների հետ, եւ ինչ դերակատարում ունի կառավարությունն ինքը՝ իր իսկ բարեփոխման գործում։ Այսպիսով` հասկանալու համար որեւէ նախագծի արդյունավետությունը (կամ, ի վերջո, քաղաքացուն ու հանրությանը տված օգուտը), որպես չափանիշ կարող է լինել վերջին գործոնը՝ կառավարության մասնակցության բնույթը։ Վերեւում նշվեց, որ է-կառավարման արդյունավետ օգտագործումը ակնկալում է որոշակի ինստիտուցիոնալ, ինչպես նաեւ սոցիալական փոփոխություններ։ Եւ, ուրեմն հետաքրքիր է, թե ՄԱԶԾ-ի նախագծերում կառավարությունը որքանո՞վ է պատրաստ կամ շահախնդիր եղել փոփոխվելու, հարմարվելու, յուրացնելու է-կառավարման պարտադրած նորամուծություններն ու փոփոխությունները՝ դառնալու համար ավելի ժողովրդավարական։ Տեղեկատվական հոսքերի եւ իշխանությունների ի՞նչ վերաբաշխումներ են կատարվել որեւէ մարզի կառավարման համակարգում։ Որքանո՞վ է այսօր պետական պաշտոնյան շահագրգիռ օգտագործելու ՏՀՏ-ը եւ է-կառավարումը իր ամենօրյա աշխատանքի մեջ։ Մյուս կողմից՝ ինչպե՞ս են այս ծրագրերն առնչվել պետական բարեփոխման կամ զարգացման որեւէ նախաձեռնության կամ ռազմավարության հետ։ 

Նախագծերը նկարագրող փաստաթղթերը ծանուցում են, որ դրանց գլխավոր արդյունքներից մեկը տարածքային վարչարարության համար է-կառավարման համակարգն է (e-governance system for territorial administration)։ Սա համակարգչային (վեբ սերվերների) ցանց է, որ կապում է Տարածքային կառավարման նախարարությունը մարզկենտրոնների, հետագայում՝ միգուցե նաեւ որոշ քաղաքների հետ։ Յուրաքանչյուր մարզ ունի իր կայքն ինտերնետում։ Այստեղ կարելի է գտնել տվյալներ ու տեղեկություններ մարզի ու մարզպետարանի մասին, կարդալ օրենքներ ու որոշումներ, գրանցվելով՝ նամակ ուղարկել որեւէ տեղական պաշտոնյայի։ Սա հնարավոր դարձնելու համար մարզերում հիմնվել են ինտերնետի մատչելիության կենտրոններ, իրականացվել դասընթացներ հարյուրավոր մարդկանց համար։ 

Անշուշտ, զգալի աշխատանք է տարվել։ Այսուհանդերձ, վերը նշված հարցադրումները հիմնականում մնում են անպատասխան։ Ո՛չ նախագծերի նկարագրությունը, ո՛չ իրականացնողների հետ նախնական շփումը, ո՛չ էլ դրանց հետագա ամփոփումը (որը միակ մատչելի հաշվետու փաստաթուղթն է) երկրի կառավարության մասնակցության եղանակների մասին ոչինչ չեն ակնարկում։ Պետք է ընդգծել, որ անորոշ են նաեւ այս նախագծերի նպատակները. հատկապես ի՞նչ խնդիրներ են ցանկացել լուծել ու ի՞նչ ծառայություններ բարելավել, բնակչության ո՞ր խմբերն են շահելու։ Ծրագրերի լեզուն շատ աղոտ է, ձեւակերպումները՝ խիստ ընդհանուր. ժողովրդավարություն, արդյունավետություն, թափանցիկություն... Հստակ ու շոշափելի նպատակներ դժվար է գտնել, ինչպես եւ մեխանիզմներ, որոնք կապահովեին ծրագրերի պարբերաբար գնահատման, հաշվետվության եւ բարելավման ընթացքը։ Փոխարենը, ցանկացած քննադատության համար պատրաստի պատասխաններ կան. կառավարության անտեղյակ կամ անշահագրգիռ լինելը, պետական քաղաքականության բացակայությունը կամ էլ՝ երկրում խնդիրների առատությունն ու միջոցների սղությունը։ 

 Գլխավոր խնդիրն, իհարկե, ՏՀՏ-ի զարգացման ազգային քաղաքականության, մասնավորապես է-կառավարման ռազմավարության բացակայությունն է։ ՄԱԶԾ-ի նախագծերն ամփոփող-գնահատող փորձագետը համամիտ է. «Առանց հստակ տեղեկատվական հասարակության (ՏՀ) միջնաժամկետ եւ հեռաժամկետ ազգային քաղաքականության եւ դրան կցված մանրամասն կարճաժամկետ Գործողությունների պլանի, կառավարության ոչ պաշտոնական աջակցությունը բավարար չէ Հայաստանի կայուն տեխնոլոգիական զարգացման համար։ Այս նվազ, քան խրախուսական պայմաններում տարբեր խմբերի եւ կազմակերպությունների, ներառյալ միջազգային համայնքի աջակցությամբ իրականացվող ցանկացած նախաձեռնություն կտառապի ընդհանուր տեսլականի եւ համակարգման պակասությամբ...»։ Իրավիճակը շտկելու համար գնահատողը առաջարկում է. «Վերահաստատել ՄԱԶԾ-ը որպես Ազգային ՏՀ-ի քաղաքականություն ձեւավորող առաջատար, նախաձեռնել է-կառավարման/ՏՀ մասին կոնֆերանս, մշակել տարեկան հաշվետվություն, մոնիտորինգի եւ գնահատման համակարգ... Նախաձեռնել եւ աջակցել Ազգային ՏՀ-ի քաղաքականության եւ Է-կառավարման ռազմավարության մշակմանը եւ ունենալ համապատասխան տարեկան գործողությունների պլաններ»։ 

Նման տեղին դիտողությունից հետո հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս անբարենպաստ պայմաններում շարունակում իրականացվել ծրագիրը։ Միգուցե նախ պետք է գոնե է-կառավարման ռազմավարությու՞ն մշակել։ Մանավանդ առաջարկվում է, որ ՄԱԶԾ-ը դառնա նման գործերի առաջատար, քանի որ կառավարությունից, իսկապես, դժվար է ակնկալել իր երկրին վերաբերող ռազմավարություններ։ Մյուս կողմից՝ մի՞թե հասկանալի չէ, որ նման վճռական գործընթացների մեջ կառավարությունն ու հասարակությունը այլեւս իրավունք չունեն երկրորդական դերում լինել։ Գուցե ավելի ճիշտ կլիներ, եթե ՄԱԶԾ-ը նախ նպաստեր գործուն քաղաքականության համար նախադրյալների ստեղծմանը՝ պատրաստելով մասնագետներ եւ օժանդակելով հասարակական, կրթական ու հետազոտական ենթակառույցների կայացմանը։

Միջազգային փորձառություն 

 ՄԱԶԾ-ի Գնահատման գրասենյակի կողմից պատրաստված «Հիմունքներ» պարբերականը (15 ապրիլի, 2004թ.) նվիրված է է-կառավարմանը։ Ստորեւ ամփոփ կերպով շարադրում եմ նյութի հիմնական կետերը։ Կարծում եմ, որ ՄԱԶԾ-ի վերոհիշյալ նախագծերը մեծապես կշահեին, եթե հաշվի առնվեին այս խորհուրդները. 

 ա) Է-կառավարման նախաձեռնությունը մշակելիս անհրաժեշտ է դիտարկել խնդիրների եւ նպատակների հնարավորինս լայն տեսահորիզոն, փորձել բացահայտել ժողովրդավարության արգելքները եւ գնահատել, թե ինչ դեր կարող է խաղալ տեխնոլոգիան։

 բ) Աղքատները ինքնաբերաբար չեն շահում է-կառավարումից։ Կարելի է ենթադրել, որ է-կառավարման ծառայությունները սովորաբար ավելի մատչելի են առավել ապահով խմբերին։ Տարբեր օգտագործող խմբեր ունեն տարբեր կարիքներ եւ ցանկացած կիրառությունից տարբեր օգուտներ են քաղում։

 գ) Է-կառավարումը կարող է դառնալ փոփոխության խթանիչ միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք, ինստիտուցիոնալ օժանդակություն եւ գլխավոր շահագրգիռ կողմերի նվիրվածությունը։ ՏՀՏ-ը չեն կարող բարգավաճել այնտեղ, որտեղ չկան տեղեկատվություն փոխանակելու դրդապատճառներ կամ շահագրգռվածություն։ Շատ կարեւոր է մշակման գործընթացի մեջ ներգրավել հիմնական օգտագործողներին, իսկ իրականացման խնդրում բաշխել պատասխանատվությունները, որպեսզի ստեղծվի սեփականության զգացում եւ օգտագործողի շահերը համապատասխանեն նախագծի խնդիրներին։ Անհրաժեշտ է, որ է-կառավարման նախագծերը միավորվեն պետական վարչարարության բարեփոխումային նախաձեռնություններին։

 դ) Վճռական է տեխնոլոգիաների ճիշտ ընտրությունը։

 ե) Է-կառավարման նախաձեռնությունները պահանջում են երկարատեւ ճիգ՝ զարգացնելու անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ եւ ապահովելու քաղաքականության պատշաճ մթնոլորտ։ 

 Սխալված չենք լինի, եթե օրինակելի փորձ գտնելու համար, սովորության համաձայն, մեր հայացքը դարձյալ ուղղենք դեպի Էստոնիա կամ Հնդկաստան։ Էստոնիան ոչ միայն նախանձելի է իր պետական պաշտոնյայի՝ նոր տեխնոլոգիաների հանդեպ առաջադեմ հայացքներով, այլեւ այս ասպարեզում գիտելիք կուտակելու եւ տարածելու նշանակալի ջանքով. ստեղծվել է է-կառավարման ակադեմիա, որը բացի մեզ եւ ուրիշներին կրթելու առաջարկից, սնում է սեփական նախաձեռնությունները գիտական ու հետազոտական մտքով։ Կարելի է վստահաբար ասել, որ էստոնական է-կառավարումը ապահովել է իր համար անընդհատ բարելավվելու եւ իրական կարիքների հետ կապված մնալու հնարավորությունը։ Հաստատ է նաեւ, որ այստեղ պետական ռազմավարություններ գրելու համար դժվար թե դիմեն ՄԱԶԾ-ի օգնությանը, թերեւս՝ միայն խորհուրդներ ստանալու համար։ 

Հնդկաստանը զարմացնում է իր թվացյալ պարզ նորարարություններով, որոնք չեն մոռանում գյուղացու կարիքները։ Դրիշտի ընկերությունը հավակնում է ստեղծել աշխարհի ամենամեծ փակ ցանցը (ինտրանետ), որն ընդգրկում է երկրի գյուղերով մեկ սփռված մի քանի տասնյակ հազար տեղեկատվական համակարգչային կրպակներ, որոնք առաջարկում են բազմապիսի ծառայություններ, այդ թվում՝ օգնում են գյուղացուն ձեռք բերել փոքր վարկ, ասենք` կով գնելու համար, տպել կամ փոփոխել սեփական հողի մասին արձանագրությունը, ստանալ վարորդական իրավունքի վկայական, տեղեկանալ գյուղմթերքի (վիրտուալ) շուկայի անցուդարձին ու վերջին գներին, բողոքել ջրի համակարգից, ճանապարհի անսարքությունից կամ դպրոցում ուսուցչի տեւական բացակայությունից։ Կրպակի գործերը վարում է «սուչակը», որը օպերատոր լինելուց բացի ձեռներեց է, եւ որեւէ մեկի աշխատողը չէ։ Նա օրական առնվազն 5 դոլար է վաստակում` մնալով գյուղում եւ միաժամանակ այն կամրջելով նոր տեխնոլոգիաներին ու աշխարհին։ Այս նախաձեռնությունն ունի մարդկանց կոնկրետ կարիքների գիտակցությունը, ինչպես նաեւ կառավարության գործուն ներգրավումը, որը, սակայն, չի նվազեցրել ձեռներեցության եւ մասնավոր սեկտորի դերը։

 Կառավարումը առաջին հերթին սոցիալական, այլ ոչ թե տեխնոլոգիական երեւույթ է 

Կարծես ամեն բան այսօր շտապում է ունենալ իր էլեկտրոնային (կամ ինտերնետային) տարբերակը՝ յուրացնելով «է» կցորդը՝ է-դասընթացից ու է-առեւտրից մինչեւ է-կառավարություն եւ է-հասարակություն...Արդյո՞ք այս անցումը ենթադրում է նոր գաղափար ու իրողություններ, թե՞ կարող է մոդայիկ մի բան լինել, որն առանձնապես բան չի փոխում՝ փոխարենը ստեղծելով «կարեւոր գործի» պատրանք եւ թույլ տալով հեշտությամբ ծախսել հսկայական միջոցներ... Ուսումնասիրության համար հատկապես գայթակղիչ է թվում «է-կառավարման» մուտքը հանրային (պետական) կառավարում: Ասպարեզ, որն այնքան կարիք ունի հիմնավոր բարեփոխումների։ Նախքան շարունակելը, սահմանենք այս քննարկման հիմնական եզրը. 

Է-կառավարում նշանակում է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործում՝ բարելավելու քաղաքական տեղեկատվության մատչելիությունը, քաղաքական երկխոսության եւ արտահայտվելու հնարավորությունները, հանրությանը տրվող ծառայությունների շրջանակն ու որակը, պետական հիմնարկի ներքին գործառույթները, դրա թափանցիկությունն ու պատասխանատվությունը։ (Օգտագործվել է է-կառավարման հիմունքները քննարկող Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) փաստաթուղթը): 

ՏՀՏ-ն իսկապես կարող են նման տեղաշարժերի խթան ծառայել։ Ինտերնետում կարելի է տեղադրել գրեթե անսահմանափակ ծավալով տեղեկատվություն, հաղորդակցվել տարատեսակ եղանակներով՝ զրույց, նամակագրություն, խմբային քննարկում կամ հրապարակային խոսք։ Ժամանակի ու տարածության սահմանափակումները հաճախ վերացած են. տեղեկանք լրացնելու կամ որեւէ պաշտոնյայի հարց տալու համար կարիք չկա ճանապարհ կտրելու, որեւէ մեկի հետ բանակցելու, սպասելու, հերթագրվելու... Կարելի է այս ամենը կարգավորել ինտերնետի օգնությամբ՝ տանը նստած կամ գյուղի մի կրպակից... Մեկ այլ աննախադեպ պատեհությունն էլ այն է, որ այսպիսի ցանցային հաղորդակցությունը զերծ է խտրական վերաբերմունքից. այստեղ բոլոր օգտագործողները հավասար են, հանրային տեղեկատվությունը մատչելի է յուրաքանչյուրին` անկախ տարիքից, սեռից ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքից։ Թվում է՝ անհնարինն է կատարվել. է՛լ ինչ կարելի էր հորինել, որ այսպես հեշտությամբ, մի կոճակի սեղմումով թույլ տար մեկին իր ձայնը հասցնել որեւէ պաշտոնյայի ու անգամ նախագահին, ու հետն էլ տեսնեինք նրանց գրասենյակներում կատարվող վերջին անցուդարձերը։ Սակայն վերադառնանք իրականություն: Ակնհայտ է, որ ինտերնետն իր խոստումներով մի բան է, իրականությունը՝ մեկ այլ։ Այսօր անգամ երեւանցու համար (որին համակարգիչն ու ինտերնետը անհամեմատ ավելի մատչելի են, քան հեռավոր մի քաղաքի ու գյուղի բնակչին) դեռ շատ անիրական է հնչում ինտերնետով որեւէ պաշտոնյայի հետ հարաբերվելը կամ պետական որեւէ գործ կարգավորելը։ ՏՀՏ-ը, որքան էլ զորեղ, այսուհանդերձ էապես մնում են մարդու, տվյալ դեպքում՝ պաշտոնյայի կամքից ու պատկերացումներից կախված։ Տեղին է մեջբերել հետեւյալ դիտարկումը, որ շարադրված է ՄԱԶԾ-ի՝ է-կառավարմանը վերաբերող փաստաթղթերից մեկում. 

«Սակայն, ի վերջո, կառավարումը ոչ թե տեխնոլոգիական, այլ սոցիալական երեւույթ է, եւ բարեփոխումները սոցիալական ու ինստիտուցիոնալ ձեռքբերումներ են։ Կարեւոր է հասկանալ կառավարման եւ տեխնոլոգիայի միջեւ այս հարաբերությունը, եթե ցանկանում ենք, որ ՏՀՏ-ը նպաստեն մարդկային զարգացմանը»։

Եզրակացություն 

Է-կառավարման տեղական փորձառությունս որքան զվարճալի, այնքան էլ ցավալի է։ Այո, դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, որպեսզի համակարգչի ու ինտերնետի մեջ թաքնված ժողովրդավարության խոստումները մտնեն պետական գրասենյակ։ Սովորելու ճանապարհն է սա։ Քաղաքացու համար՝ սովորել պահանջել ու մասնակցել։ Պետական ծառայողի համար՝ սովորել փոխվել, արդիականանալ ու ծառայել քաղաքացուն։ Եթե անգամ նոր տեխնոլոգիայի զուտ ներկայությունը կարող է ինչ-որ բան փոխել, դա կլինի ինչ-որ բան, բայց ոչ հիմնավոր, քանի դեռ այն օգտագործողը դա չի ցանկանում։ Անպատասխանատվությունն ու անտեղյակությունը կարելի է փոխանցել նաեւ համակարգչի միջոցով։ Չմոռանանք տեխնոլոգիայի ծնած վտանգների մասին։ Չեմ բացառում, օրինակ, որ այն որոշ տեղեկատվություն ու ծառայություններ մատուցելու հետ մեկտեղ օգնի քողարկել ավելի մեծ անպատասխանատվություն ու անցանկալի տարբեր բաներ... 

Ցանկացած հանրային ծրագիր հաջողելու համար անհրաժեշտ է նպաստավոր քաղաքական միջավայր՝ ազգային քաղաքականություն, որը կարդարացներ այդ ծրագրի արդիականությունը, պետական առաջնորդներ, ովքեր կսահմանեն պատասխանատվություն, եւ հաստատություններ, որոնք կիրագործեն, կվերահսկեն ու կապահովեն ծրագրի շարունակական զարգացումը։ Միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ այստեղ իրականացվող հանրային ծրագրերը հաճախ այդ միջավայրից դուրս են, եւ սա անխուսափելիորեն ենթադրում է միջոցների ոչ արդյունավետ ծախսում եւ անկանխատեսելի, միգուցե նաեւ անցանկալի սոցիալական հետեւանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter