100 բողոք դերասանուհու մերկությունը ցուցադրելու դեմ
«Բի-բի-սի»-ն պատասխանել է «Շերլոք» սերիալում դերասանուհու մերկ տեսարանների դեմ ստացված բողոքներին
Համաձայն The Guardian-ի՝ «Բի-բի-սի» կազմակերպությունը պատասխանել է «Շերլոք» սերիալում մերկ նկարահանված դերասանուհու տեսարանների դեմ ստացված բողոքներին և հայտարարել է, որ ղեկավարությունը սերիալը կիրակնօրյա ամենադիտվող ժամին ցուցադրելուց առաջ հանգամանորեն քննարկել է այն:
Երկրորդ սեզոնի առաջին սերիայի ցուցադրումից հետո` հունվարի 1-ի երեկոյան, «Բի-բի-սի» կազմակերպությունը ստացել է ավելի քան 100 դիմում-բողոք: «Վիճաբանություն Բելգրավիում» վերնագրված սերիայում Իրեն Ադլերը (Irene Adler) Շերլոք Հոլմսի հետ առաջին հանդիպմանը ժամանում է ամբողջովին մերկ, սակայն ոչ մի կադրում տեսախցիկն այդպես էլ նրան ամբողջովին ցույց չի տալիս: «Շերլոք» սերիալը հեռարձակվում է ВВС1 հեռուստատեսությամբ կիրակնօրյա ամենադիտվող ժամին (prime time)՝ 20:00-ին: Բրիտանական օրենսդրության համաձայն՝ հեռուստատեսություններին արգելվում է ցուցադրել էրոտիկ կամ բռնության տեսարաններ մինչև ժամը 21:00-ն:
Սերիալների բաժնի ղեկավար Բեն Սթեֆենսոնը (Ben Stephenson) հայտնել է, որ ակնկալել է հեռուստադիտողների կողմից բողոքներ, սակայն նշել է, որ «Շերլոք» սերիալի լսարանը կազմում է շուրջ 10 միլիոն հեռուստադիտող, մինչդեռ բողոքների թիվն ընդամենը 100-ի է հասել: «Այն, որ «Շերլոք»-ը ցուցադրում են մինչև ժամը 21:00-ն, չի նշանակում, որ սերիալը պետք է հոգնեցուցիչ լինի: «Շերլոք»-ը հանդուգն գաղափար է, սերիալ, որը կարող է իր մեջ պարունակել կադրում անմիջական տեքստը ներկայացնելու ռիսկ», - ավելացրել է Սթեֆենսոնը:
Սերիալի գործողությունները ծավալվում են ժամանակակից Լոնդոնում, իսկ պատմությունը միայն մոտավոր հիշեցնում է Քոնան-Դոյլի պատմվածքները: Սեզոնը բաղկացած է 3 սերիայից, յուրաքանչյուրը 90 րոպե տևողությամբ: BBC հեռուստաալիքն արդեն ցուցադրել է երկրորդ սեզոնի 2 սերիաները՝ «Վիճաբանություն Բելգրավիում» և «Բասկերվիլների շները»: Երրորդ սերիան՝ վերնագրված «Ռեյխենբախյան ջրվեժ», կցուցադրվի կիրակի` հունվարի 15-ին:
«Շերլոք»-ի առաջին սեզոնը ցուցադրվել է 2010 թվականի ամռանը BBC-ով՝ բերելով բարձր վարկանիշ և մամուլում դրական կարծիքներ: 2011 թվականի մայիսին BAFTA TV-ի արարողության ժամանակ «Շերլոք»-ը դարձավ տարվա լավագույն դրամատիկ սերիալը:
Թեստ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել