HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բերդավանցի Վարդան Զուրաբյանը սահմանամերձ տարածքում խաղողի այգի է մշակում

 60-ամյա Վարդան Զուրաբյանը դպրոցական տարիներից հոր հետ խաղողագործությամբ է զբաղվել: Արդեն 40 տարի մշակում է խաղողի սեփական այգին, որը Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում է` ադրբեջանական սահմանին մոտ: Այգու մի կողմում հայկական դիրքերն են, մյուս կողում՝ դեպի ադրբեջանական դիրքեր տանող սարն է։

Վարդան Զուրաբյանը պատմում է՝ ինչպես են երկու տարի առաջ այգուց խաղողը հավաքել. «Լուսադեմին կամ գիշերը գալիս էինք այգի, լուսնի լույսի տակ խաղողը քաղում, որ կրակակետի տակ չընկնենք։ Այգու վերեւի հատվածը ուղիղ նշանառության տակ է գտնվում ադրբեջանական դիրքերից»։

Այգեգործը ցույց է տալիս հարեւանի այգին եւ ասում, որ անցած տարի ադրբեջանցիները կրակել են, այգին վառվել է. տերն այս տարի չի մշակել։

Խաղողի այգում հիմա պտղի հասունացման գործընթացն է։ «Խաղողը ծաղկումից դուրս է եկել, չորրորդ բուժման աշխատանքներն են կատարվում, վեգետացման փուլում է»,- ասում է խաղողագործը։

Վարդան Զուրաբյանը գրեթե ամեն օր գալիս է այգի, քանի որ օրեցօր փոփոխվում է խաղողի վազը. «Այգեգործը պետք է բաղից տուն չգնա, աշխատանք անընդհատ կա, հնարավոր է քամի լինի, հենասյունը շրջի, կամ մի գիշերում հիվանդություն առաջանա»,- ասում է խաղողագործը, հետո ցույց է տալիս խաղողի տերևներից մեկը, որի վրա սպիտակ բծեր են։ Ասում է, որ օիդիում հիվանդությունն է, որի առաջացման հիմնական պատճառը եղանակային պայմաններն են՝ տեւական անձրևներն ու խոնավությունը։ Այգեգործը գարնանը շվատման եւ բճատման, կանաչ կապի աշխատանքներ է կատարել, այգին մաքրել մոլախոտերից։

Այգում մեր գտնվելու ընթացքում Վարդան Զուրաբյանին զանգահարում էին գյուղացի այլ այգեգործներ, նրանից հարցնում, թե բուժման համար ինչ թունաքիմիկատներ կիրառեն, ինչ հարաբերությամբ օգտագործեն չափաբաժինները։

Վարդան Զուրաբյանը կես հեկտար խաղողի այգի ունի եւ այս տարի պլանավորում է ստանալ մոտ 10 տոննա բերք։ Մշակում է հիմնականում ռքածիթելի, լալվարի, կարդինալ տեսակի խաղող։

Վարդան Զուրաբյանը Բերդավանում հայտնի է նաեւ որպես հմուտ գինեգործ։ Ասում է, որ տեղի բնակիչների համար գինին նման է ջրի եւ ցանկացած բերդավանցի գինու որոշակի քանակ ամեն տարի ունենում է։ «Մեր տարածքում խմելու ջուրը կիր է պարունակում, դրա համար, ստիպված, գինի ենք խմում»,- կատակում է գինեգործը։

Ըստ խաղողագործի՝ այս գործում ամենաբարդը ոռոգման աշխատանքն է, քանի որ չկա ոռոգման համակարգ, եւ խաղողի վազը ոռոգելու համար ջուրը ձորից պետք է հասցնել սարի գլուխ։ «Եթե երկու անգամ կարողանում ես ոռոգել այգին, քեզ երջանիկ ես համարում ։ Խաղողագործության մեջ ամենակարեւորը այն է, որ հստակ իմանաս` մշակվող բերքը կկարողանաս իրացնել, որ խաղողը այգում չի մնա, սպառում կունենա»,- ասում է Վարդան Զուրաբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter