HY RU EN

Արաքս Մամուլյան

Դեբեդավանի դպրոցի տնօրենի վերաբերյալ ուսուցիչների հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչների` տնօրենի դեմ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության և լրատվության բաժնից:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին դպրոցի մի խումբ ուսուցիչներ ընդդեմ տնօրեն Մարինե Հարությունյանի հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն ու հայտնել, որ Մարինե Հարությունյանն իր ազգականներից երեքին գրանցել է որպես դպրոցի աշխատողներ, սակայն վերջիններս աշխատանքի չեն գալիս:

Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդման հիման վրա կատարված քննության արդյունքում հուլիսի 2-ին քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ յուրացնելը կամ վատնելը: Գործով նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն:

Մարինե Հարությունյանի ենթադրյալ գործողությունների վերաբերյալ քննվում է ևս մեկ քրեական գործ` քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` փաստաթղթերի կեղծումը:

Դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ Տավուշի մարզպետարանը դպրոցում ստուգումներ է իրականացրել և պարզել, որ կառավարության կողմից հաստատված աշխատանքային օրը` մարտի 17-ին, դպրոցում դասապրոցես չի անցկացվել: Չնայած այս հանգամանքին` դպրոցի դասամատյաններում որոշ առարկաներ լրացված են եղել՝ տպավորություն ստեղծելու համար, որ այդ օրը դպրոցում դասապրոցես է ընթացել։

Ստուգումներից հետո մարզպետարանը սահմանված ընթացակարգով դիմել է իրավապահներին, և ենթադրյալ խախտումների փաստի առթիվ 2018 թվականի մայիսի 26-ին քրեական գործ է հարուցվել: Քննվող քրեական գործի շրջանակներում Մարինե Հարությունյանի դեմ ցուցմունքներ են տրվել այն մասին, որ վերջինս աշխատակիցներին պարտադրել է մատյանում կեղծ  նշումներ կատարել։