Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է կրթության բնագավառին առնչվող հարցեր: Մասնավորապես` քննարկվել են հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթների, ուսուցիչների ատեստավորման, դպրոցներում շախմատի դասավանդման, պետական դպրոցների լիցենզավորման գործընթացի հետ կապված եւ այլ հարցեր:
ԿԳ նախարարը մասնավորապես նշել է, որ ակնկալում է մարզպետների աջակցությունը հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթների հրապարակային եւ թափանցիկ անցկացումն ապահովելու հարցում:
Ա. Աշոտյանը տեղեկացրել է նաեւ, որ Կրթության պետական տեսչությունն անցած տարվանից ստուգումներ է անցկացնում մարզպետարանների կրթության վարչություններում, եւ նկատված թերությունների շտկման հարցում ակնկալվում է համագործակցված աշխատանք:Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է հետեւողական լինել հայտնաբերված թերությունները շտկելու հարցում եւ ուշադրության կենտրոնում պահել ընթացքը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը տեղեկություններ է ներկայացրել ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ մարզերում միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացի մասին: Փոխվարչապետը հանձնարարել է այն մարզպետներին,որոնց մարզերում դեռեւս տարածքների հատկացման խնդիրներ կան, քննարկել հարցը եւ տարածքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Ա. Գեւորգյանը նաեւ առաջարկել է մարզերի սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ պատվիրակություն գործուղել Վրաստան` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման փորձին ծանոթանալու նպատակով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստ. Մնացականյանն անդրադարձել է մարդահամարի կազմակերպչական աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ մայիսի 15-ը մարզերում եւ Երեւանում անցկացնել մարդահամարի նախապատրաստման եւ կազմակերպման մարզային հանձնաժողովի նիստեր:
Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաեւ այն հանգամանքին, որ մարդահամարի աշխատանքների բնականոն կազմակերպման համար հասցեափոխությունների հետ կապված բոլոր հարցերը պետք է ավարտվեն մինչեւ հունիսը 1-ը, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները կարողանան ամփոփել տվյալները, եւ դրանք տրամադրվել ԱՎԾ-ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը մարզպետներին ներկայացրել է այն աշխատանքները, որոնք նախատեսվում է տարվա ընթացքում իրականացնել մարզերում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կսկսեն մարզային այցելություններ` տեղում քննարկելու աշխատանքների իրականացման հետ կապված համագործակցության եւ այլ հարցեր:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի իրականացման ընթացքին: Տեղեկացվել է, որ բոլոր մարզերում արդեն կնքվել են պայամանգրերը, եւ առաջիկայում մեկնարկելու են շինարարական աշխատանքները: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը եւ կատարված աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել:
Ներկայացվել են նաեւ 2011թ. առաջին չորս ամսվա ընթացքում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարել է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների ընթացքը եւ հետեւողական աշխատանքներ իրականացնել` նախատեսված ցուցանիշների ապահովման ուղղությամբ:
Անդրադարձ է եղել նաեւ Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացմանը: Մարզերում եւս նախատեսվում են մի շարք միջոցառումներ, եւ փոխվարչապետը հանձնարարել է մարզպետներին ապահովել դրանց պատշաճ կազմակերպումն ու իրականացումը: Ի դեպ, ՏԻՄ 15-ամյակի կապակցությամբ մարզերում կներկայացվի նաեւ լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Հայաստանի մարզերը» շրջիկ ցուցահանդեսը:
Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել