HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Հայ հայրենասերների միության անդամներ Ռուբեն Հովսեփյանը եւ Միսաք Խաչատրյանը

սկիզբը

Ռուբեն Մովսեսի Հովսեփյանը ծնվել է 1947 թ., Արարատի շրջանի Ավշար գյուղում: Դատավճռի առաջին հատվածում, որտեղ մեղադրանքն է ներկայացվում, նրա անունը Ռուբեն Մովսեսի Հովսեփյանի փոխարեն գրված է Ռուբեն Հովհաննեսի Հովսեփյան։ Ձերբակալման պահին եղել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող: Մինչեւ 1967թ․ սկզբին Հակոբջան Թադեւոսյանի հետ ծանոթանալն ու մտերմանալը նա դեռեւս 1965-66թթ․ ծավալել է ազգային-հայրենասիրական գործունեություն եւ ունեցել է ծանոթություններ ու կապեր այլ կազմակերպությունների ու անձանց հետ: Իր ծավալած գործունեության համար 1966-ին կանչվել է Պետական անվտանգության կոմիտե, որտեղ նրանից պահանջել են դադարեցնել ծավալած գործունեությունը եւ պաշտոնապես նախազգուշացրել են։ Բայց դրանից կարճ ժամանակ անց նա ծանոթանում է Հակոբջան Թադեւոսյանի հետ եւ նրանք համատեղ վճռում են ընդհատակյա կազմակերպություն ստեղծել:

Ռուբեն Հովսեփյանը ստեղծել է Հայ հայրենասերների միության «Հույս» անվամբ մասնաճյուղը մանկավարժական ինստիտուտում եւ ակտիվ մասնակցություն է ունեցել ինչպես թռուցիկների կազմման ու բազմացման, այնպես էլ դրանց տարածման գործում։

1967 թվականի ընթացքում սեփական հեղինակության թռուցիկներից բացի Հայ հայրենասերների միություն կազմակերպության անդամները կարողացել են լուսանկարչական եւ ռոտոտպագրային եղանակով մեծ քանակությամբ բազմացնել ու տարածել 1960-ականների սկիզբներից հայտնի ու գործող այլ կազմակերպությունների կողմից մինչ այդ բազմիցս տարածված «բաց  նամակ ՍՄԿԿ-ի կենտկոմի քաղբյուրոյին», «Կրկին ռուս թուրքական դիվանագիտության զոհասեղանին», «1921թ. մարտի 16-ին Մոսկվայում» վերնագրով թռուցիկները: Ռուբեն Հովսեփյանն էր կարողացել այլախոհական շրջանակներում ունեցած իր կապերի շնորհիվ ձեռք բերել ու կազմակերպությանը տրամադրել այս թռուցիկները:

Հովսեփյանը կալանավորվել է 1968 թ. ապրիլի 16-ին: Դատապարտվել է ազատազրկման 2 տարի 3 ամիս ժամանակով: Պատիժը կրել է Հայաստանում` ընդհանուր ռեժիմի գաղութում: Պատիժը կրելուց հետո վերականգնվել է մանկավարժական ինստիտուտում, որն ավարտելուց հետո 20 տարի աշխատել է «Լույս» հրատարակչությունում:  1990-ին ընտրվել է շրջխորհրդի պատգամավոր: 1998-ին մեկնել է Ղարաբաղ, եղել է համայնքի ղեկավար, զբաղվել է ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցերով: Մահացել է 2017թ․:

Միսաք Խաչիկի Խաչատրյանը ծնվել է 1949 թ., Արարատի շրջանի Ղարալար (ներկայումս՝ Արալեզ) գյուղում: Հարազատների եւ մտերիմների շրջանում հայտնի է Յաշա անունով։ Եղել է Արտաշատի քիմիական տեխնիկումի ուսանող եւ նույն տեխնիկումի կոմերիտական միության առաջին քարտուղարը: Հակոբջան Թադեւոսյանի առաջարկով Խաչատրյանը տեխնիկումում 6 հոգուց բաղկացած խմբակ է կազմակերպում: Ինչպես Հայ հայրենասերների միության մեջ մտնող մյուս խմբակները, այս խմբակը եւս ներգարվված է եղել ապրիլի 24-ի հետ կապված թռուցիկների տարածման գործում։ Նրանք նշված թռուցիկները տարածել են գլխավորապես Արարատ եւ Արտաշատ քաղաքներում։  

Ի թիվս խմբի ղեկավար այլ անդամների 1968թ․ ապրիլի 15-17-ն ընկած հատվածում ձերբակալվել ու պահվել է Պետական անվտանգության կոմիտեի մեկուսարանում։ Սակայն, մի քանի օր անց նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ եւ մինչեւ դատավարությունը նա կալանքի տակ չի եղել։ Դատապարտվել է 1 տարի 2 ամիս ժամանակով։ Կալանքի է վերցվել դատարանի դահլիճում: Պատիժը կրել է Հայաստանում` Շահումյանի ընդհանուր ռեժիմի գաղութում: 1969թ․ մայիսին նրա նկատմամբ ռեժիմի մեղմացում է տեղի ունենում եւ նա իր երկու ընկերների՝ Էդիկ Ալեքսանյանի եւ Ռուբիկ Վարդանյանի հետ միասին տեղափոխվում է Հրազդանի գաղութ-բնակավայր։ Աշխատում են ցեմենտի գործարանում։ Ազատ արձակվելուց հետո շարունակել եւ ավարտել է ուսումը։ Աշխատել է տարբեր ձեռնարկություններում։ Ընկերների հետ կապեր չի պահպանել։ Ներկայումս ապրում է Արտաշատ քաղաքում եւ զբաղվում է հողագործությամբ։

Լուսանկարում ձախից՝ Ռուբեն Հովսեփյանը, աջից՝ Միսաք Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter