
Փաշինյանի հայտարարությունը Սյունիքում. «Հայաստանի Հանրապետությունն այլևս ձեր սեփականությունն է»
«Հայաստանում այլևս իշխանությունը ժողովրդին է, տեղական իշխանների ժամանակն անցել է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս անկախ է»,- Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս աշխատանքային այցով կառավարության այլ անդամների հետ Սյունիքի մարզում է: Մինչև Գորիս այցելելը եղել է Սիսիան քաղաքում ու այնտեղ ևս քաղաքացիների հետ հանդիպում ունեցել:
«Սիսիանում մի կին ասում էր, որ Հայաստանում սեփականություն չունի, և որ երեխաներն իրեն առաջարկում են գնալ իրենց մոտ՝ արտերկիր: Ասում եմ՝ ինչո՞ւ չունեք, ամբողջ Հայաստանի Հանրապետությունն այլևս ձեր սեփականությունն է»,- Սիսիանի քաղաքացիների հետ հանդիպումից որոշ մանրամասներ պատմեց Նիկոլ Փաշինյանն ու վստահեցրեց, որ սրանք պարզապես խոսքեր չեն, որ Հայաստանում այլևս որոշողը քաղաքացին է, որ այլևս անձեռնմխելի անձինք ու արտոնյալներ չեն լինելու:
Արդեն մի քանի օր է՝ Գորիս քաղաքը պատրաստվում էր Փաշինյանի այցին, այսօր վաղ առավոտից քաղաքի կենտրոնական փողոցներում մեծաթիվ ոստիկաններ էին կուտակված՝ վարչապետի այցի ժամանակ քաղաքում կարգուկանոն պահպանելու նպատակով: Նրան տեսնելու էին եկել ոչ միայն Գորիս քաղաքի, այլ հարակից գյուղերի բնակիչներ:
Քաղաքացիներից շատերը ներկայացնում էին դատական համակարգում իրենց ունեցած խնդիրները:
Քաղաքացի Սերժ Մկրտչյանը տևական ժամանակ շինարարական աշխատանքներ է կատարելիս եղել, հետագայում դատապարտվել է խոշոր չափի հարկերից խուսափելու համար: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախկին իշխանությունների ժամանակ խաբեության զոհ է դարձել: Սերժ Մկրտչյանն է կառուցել Գորիս քաղաքի դատարանի շենքը: Գորիսում նրա վերաբերյալ հումոր է շրջանառվում, թե դատարանի շենքը կառուցվելուց հետո առաջին «դատվողն» է եղել այդ շենքում:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց սահմանված կարգով ընթացք տալ իրենց հուզող իրավական հարցերին՝ վստահեցնելով, որ Հայաստանում այսուհետ ապահովվելու է բոլոր գործերի նկատմամբ իրավասու անձանց անկողմնակալ ու անաչառ մոտեցումը:
Հանդիպման ընթացքում քաղաքացիները Փաշինյանի համար «դուխով» գրությամբ գլխարկ ուղարկեցին բեմ, վերջինս գլխարկը դրեց գլխին ու մեկ նկատառում արեց. հեղափոխության խորհրդանիշ դարձած «դուխով» լոզունգը վերջին շրջանում օգտագործվում է կոմերցիոն նպատակներով՝ ընդհուպ բուքմեյքերական գրասենյակների կողմից, ու կոչ արեց գոնե այս նպատակով չօգտագործել այն:
«Դուխով»-ը ոչ թե ես եմ, այլ դուք»,- քաղաքացիներին դիմելով՝ ասաց Փաշինյանը: Վերջինս հանդիպում ունեցավ նաև Սյունիքի մարզի համայնքապետերի հետ, ապա ուղևորվեց Քաջարան:
Նրան դժվարությամբ հաջողվեց ճեղքել քաղաքացիների շղթան: Վերջիններս ցանկանում էին ինչ-որ բան փոխանցել վարչապետին, ինչպես նաև ներկայացնել իրենց հուզող հարցերը, որոնք հանդիպման ժամանակ չէին հասցրել ներկայացնել:
Մեկնաբանել