HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեդալն ի՞նչ անեմ, ուտե՞մ»

87-ամյա Աշխեն տատիկին բնավ չի ուրախացրել Հաղթանակի 60-ամյակի առիթով իրեն նվիրված շքանշանը: Պետության նման ուշադրությունը բավարար չէ միայնակ կնոջ հացի խնդիրը լուծելու համար:

«Գնացի քաղաքապետարան, ասի՝ մի տոպրակ մեդալ ունեմ: Հաց ըլներ, հաց կուտեի, երկաթը տվել եք՝ ի՞նչ անեմ»,-բողոքում է Աշխեն Հակոբջանյանը, որի համար Հայրենական Մեծ պատերազմի մասնակցության պատվոգրերն ու շքանշաններն այլեւս նշանակություն չունեն: Դրանց գոյությունը ընդամենը հիշեցնում է անցյալը:

«23 տարեկան էի, երբ պատերազմը սկսվեց: Էդ ժամանակ ամուսնուս հետ Ալավերդիում էինք ապրում: Մեզ բոլորիս հավաքեցին, բերին Կիրովական: Ես մնացի, իսկ ամուսնուս տարան ռազմաճակատ»,-պատերազմի օրերն է վերհիշում Աշխեն տատը:

Երիտասարդ կինը թշնամու դեմ պայքարել է թիկունքում, հասել Թիֆլիս, Բաքու, օգնել վիրավորներին տեղափոխելու հիվանդանոց, միեւնույն ժամանակ կով պահել, աշխատել ճաշարանում:

«Չէինք հասցնում ճաշ եփել, էնքան շատ էին զինվորները: Գիշերը մթերքը ավտոյով բերում էին, տղամարդի պես գնում էինք վագոնները դատարկում: Մեզ 300 գրամ հաց էին տալիս, մեղքներս զինվորներին գալիս էր, մեր բաժին հացը նրանց էինք բաժանում»:

Հաղթանակը խաղաղություն չբերեց երիտասարդ մորը: Երեք երեխաներին կինը ստիպված եղավ հինգ տարի միայնակ մեծացնել: Գերեվարությունից միայն 1950 թվականին ազատվեց Աշխեն Հակոբջանյանի ամուսինը: Վանաձորում տուն կառուցեցին, աշխարհ բերեցին եւս երեք երեխա:

Երեք տղաների ու երեք աղջիկների մայրը մենության մեջ է անցկացնում կյանքի վերջին օրերը: Երեխաներից ամեն մեկը մի ուղղությամբ է գնացել, ամուսինն այս աշխարհը թողել է երկու տարի առաջ: Իր կառուցած տան կեսը տվել է տղաներից մեկին, ինքն ապրում է մյուս կեսում, որն իր մահվանից հետո կանցնի մյուս տղայի որդուն:

«16 տարեկանից աշխատել եմ»,-հպարտանում է Աշխեն տատը: Ամենաերկարն աշխատել է Վանաձորի Քիմգործարանում, որից հետո անցել է թոշակի ու վաստակած հանգստի փոխարեն մշակում է տնամերձ հողամասը:

«Կարտոֆիլ, լոբի, կանաչի եմ ցանում: Խնձորի, սալորի, կեռասի ծառեր ունեմ, խաղող եմ մշակում, գինի քաշում: Մեկ-մեկ գնում եմ հորական գյուղ ու հարազատներիս հետ կարտոֆիլ մշակում, հավաքում: Դրա դիմաց ամենքը մի բան են տալիս, ապրում եմ»,-ասում է Աշխեն տատը, որն ամաչում է աղքատությունից ու փող մուրալուց: Չորս օրը մեկ է ճաշ եփում: Մի հացը բավականացնում է չորս օր, որից հետո նորից խանութ է գնում, պարտքով հաց, շաքարավազ, սուրճ ու յուղ վերցնում:

«Գիշերը մի կում ջուր եմ խմում, որ սոված չմնամ: Ձմեռը սրա-նրա տանն եմ տաքանում, իրիկունն էլ շշի մեջ տաք ջուր եմ լցնում, դնում ծոցս»:

87-ամյա կնոջը ճանաչում են որպես աշխատասեր ու հանդվոր կին: Այս տարի հասցրել է երեք անգամ անտառ գնալ, կանաչեղեն ու սունկ հավաքել, բաժանել ծանոթներին, որոնք կամ փող են տալիս կամ ուտելիք: Առողջությունն առաջվանը չէ: «Ճնշում ունեմ, մեկ-մեկ գլուխս պտտվում, աչքերիս առաջը սեւանում է, ոտքերս են ցավում»,-ցույց է տալիս ցավող ծունկը: Ասում է, որ բժիշկները փող են ուզում, դրա համար էլ չի դիմում բժշկի: Երբ բանջարանոցում կարտոֆիլ չի մնում, բահը վերցնում է ու գնում ուրիշի կարտոֆիլը հավաքելու, երբեմն խոտ է հնձում ու էժան գնով վաճառում:

Չի ուզում ծերանոց գնալ՝ վեց երեխաներից մնացած երեքի «պատիվը գետնով չտալու համար»: «Ամոթ է»,-ասում է,-ի՞նչ կմտածեն մարդիկ,-ես հո հիվա՞նդ չեմ, ձեռքս էլ է տեղը, ոտքս էլ, ամեն գործ էլ անում եմ ու կանեմ: 7000 դրամ թոշակով ու 2500 դրամ նպաստով փակում է խանութի պարտքերը, մուծում սպառած գազի ու էլեկտրաէներգիայի վարձերը: Հաճախ էլ իր փողից բաժին է հանում տան մյուս կեսում ապրող թոռներին: Խիղճը թույլ չի տալիս այլ կերպ վարվել՝ չնայած ապրում է բոլորից առանձին ու մեկուսի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter