«Հարկադրված արձակուրդներ Կենտրոնական բանկում»
Կենտրոնական բանկի աշխատակիցներից մեկը նամակ է գրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Հաշվի առնելով, որ հետաձգվել է անանուն ազդարարման համակարգի գործարկումը՝ ԿԲ-ի աշխատակիցը խնդրում է ուշադրություն դարձնել սույն անանուն նամակին, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Աղաջանյան,
Հարգելի տիկին Թանդիլյան,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
ՀՀ կենտրոնական բանկի հրամանի համաձայն բոլոր աշխատակիցները 2016-2017թթ․ չսպառած արձակուրդի օրերը հարկադրված են եղել օգտագործել մինչ ս․թ․ հուլիսի 1-ը կամ առավելագույնը ձևակերպել արձակուրդ և օգտագործել այդ օրերը հուլիս ամսին՝ սկսած ամենաուշը ս․թ․ հուլիսի 1-ից։ Նշված հրահանգը աշխատակիցներին ծանուցվել է տարեսկզբին՝ այն հիմնավորմամբ, որ աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ։ Թեև օրենսդրական այդ փոփոխությունները չեղան, սակայն այդ հրահանգը այդպես էլ չչեղարկվեց։ Իսկ նախկին կարգի համաձայն 2016-2017թթ․ չսպառած արձակուրդի օրերը պետք է օգտագործվեին մինչ 2018թ․ դեկտեմբերի 31-ը։
Խնդիրն այն է, որ ԿԲ բազմաթիվ աշխատակիցներ ս․թ․ հուլիսի 1-ից գտնվում են արձակուրդում, սակայն ստիպված գնում են աշխատանքի, և դա կրում է համատարած բնույթ։
Խնդրում եմ Ձեզ, ուսումնասիրել և հրապարակել բարձրացված խնդիրները, քննարկել հարկադրված արձակուրդի վերաբերյալ ԿԲ հրամանի օրինականությունը, և թույլ չտալ, որ արձակուրդում գտնվող աշխատակիցները գնան աշխատանքի, քանի որ այդպիսով խախտվում են աշխատողների աշխատանքային իրավունքները։ Խնդրում եմ Ձեզ նաև հրահանգել, որ աշխատանքի գնալու խիստ անհրաժեշտության դեպքում արձակուրդում գտնվող աշխատակիցները օրենսդրության համաձայն հետ կանչվեն Կենտրոնական բանկի կողմից։
Բացի այդ, քանի որ Կենտրոնական բանկում դեռևս տիրում է սերժ սարգսյան-կարեն կարապետյան-ական ոգին, նշեմ նաև, որ ԿԲ ղեկավարության կողմից աշխատակիցների նկատմամբ ցանկացած բնույթի ճնշումների փորձերի դեպքում կլինեն ավելի սուր բացահայտումներ Կենտրոնական բանկի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։
Հարգանքով,
ԿԲ աշխատակից»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել