HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզ նախախնամությունն է պահում»

«Մեր տանը հաց չենք ուտում»,- ասում է Վանաձորի տնակային ավանի բնակիչ Արմեն Ղամբարյանը:

Թերսնումն ու ցուրտ տնակն իրենց հետքն են թողել 10 ամսեկան Ռոբերտի առողջության վրա: Ձմռանը ոտքերն այն աստիճան են ցրտահարվել, որ երեխան ոտքի վրա կանգնել չի կարողանում: Բժիշկները բուժման միայն մեկ միջոց են առաջարկել՝ կաթնամթերքով կերակրել ու երեխային տաք պայմաններում պահել:

Արմեն Ղամբարյանի ընտանիքում տաք ապուրի պատրաստություն երկու կամ երեք օրը մեկ են տեսնում: 10 ամսեկան երեխային կերակրում են Հայ ավետարանչական եկեղեցու կողմից յուրաքանչյուր ամիս տրվող մանկական կերով, իսկ իրենք բավարարվում են Վանաձորում գործող բարեգործական ճաշարանի կերակուրներով:

«Մեզ նախախնամությունն է պահում»,-ասում է Արմենը, որն անցյալ տարի ավտովթարի ենթարկվելով՝ վնասել է ձախ աչքը: Առողջությունը կորցրած երիտասարդ հայրն ընտանիքը պահելու հնարավորություն չունի: Երբեմն բեռնակրություն կամ բանվորություն է անում: Հիմնականում երեխաներին կերակրում է այս կամ այն խանութից շաքարավազ, հաց կամ էլ փող խնդրելով:

«Գոնե ճաշարանում մսի երես ենք տեսնում»,-ասում է երկու երեխաների մայրը, որին հաճախ կարելի է տեսնել Վանաձորի փողոցներում երեխաների հետ փող մուրալիս: Արդեն վեց տարի հինգ հոգանոց ընտանիքն ապրում է Վանաձորի Լենինգրադյան փողոցի տնակային ավանում՝ անմիջապես փողոցին կից մեկ սենյականոց տնակում:

Տան առաջնեկին հովանավորում է Հայ ավետարանչական եկեղեցին, որը երեք ամիսը մեկ անգամ 50 դոլար է տալիս 8 տարեկան տղային՝ պայմանով, որ փող չմուրա ու դպրոց հաճախի:

Ընտանիքի բյուջեն կազմում են մոր թոշակն ու աղքատության նպաստը: Փողի երեսը չեն տեսնում, թողնում են փոստում: Օրական հինգ հաց ունենալու համար ընտանիքին հարկավոր է ամսական 22.500 դրամ այն դեպքում, երբ թոշակն ու նպաստը միասին կազմում են մոտ 20.000 դրամ գումար:

Վանաձորի Լենինգրադյան փողոցի տնակային ավանի բնակչության կեսից ավելին գոյատեւում է ընտանեկան նպաստի միջոցով: Նրանց 30 տոկոսի եկամտի աղբյուրը թոշակն է, եւ միայն 24.4 տոկոսն է, որ աշխատավարձ է ստանում: Մնացած մասն օգտվում է եկամտի այլ աղբյուրներից կամ էլ աղբյուր չունի:

2004թ. վերջին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած տնակային ավանի 90 ընտանիքներում գրեթե բոլորն աշխատունակ են՝ դրանց միայն 24.4 տոկոսն է աշխատում: Տնակաբնակների մոտ 70 տոկոսը համալրում է Վանաձորի գործազուրկների բանակը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն մեկ ընտանիքում է մեկ անձին բաժին ընկնում 12.000 դրամից ավելի եկամուտ: Իսկ վեց ընտանիքից մեկի եկամուտը տատանվում է 5000-6000 դրամի սահմաններում:

Վանաձորի տնակաբնակների սննդակարգում գերակշռում է հացը, ապա՝ մակարոնեղենը: Մակարոնեղեն օգտագործում են գրեթե բոլոր տնակաբնակները, իսկ մսամթերք կարելի է տեսնել միայն վեց ընտանիքի սեղանին: Միս երբեք չի ուտում ավանի բնակչության մոտ կեսը, իսկ մրգերից ու կաթնամթերքից օգտվելը հազվադեպ ճոխություն է: Տնակային ավանի մարդկանց 70 տոկոսը հնարավորություն չունի դիմելու բժշկի, միչնդեռ յուրաքանչյուր հինգ ընտանիքից երկուսում հիվանդ կա: Ավանի ժամանակավոր կացարանները հիմնականում պատրաստված են մետաղից ու փայտից, որտեղ մարդիկ հայտնվել են երկրաշարժից տուն կորցնելու, տունը վաճառելու, նոր ընտանիք կազմելու, այլ վայրերից Վանաձոր բնակության գալու հետեւանքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ Լենինգրադյան փողոցի տնակային ավանի բնակչության 24 տոկոսն է միայն աղետի հետեւանքով տուն կորցրել: Միայն այս ընտանիքների նկատմամբ պետությունը բնակարանով ապահովելու պարտավորություն ունի: Մնացած տնակաբնակների բնակարանային խնդրի լուծման համար պետությունը հնարավորություններ չունի:

«Պետությունը եւ համայնքը պարտավորություն եւ հնարավորություն չունեն այդ ընտանիքների նկատմամբ»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը: Տնակներում ոչ աղետի հետեւանքով հայտնված ընտանիքների նկատմամբ պետության պարտավորութունը սահմանափակվում է դեռեւս երկու տարի առաջ կառավարության կողմից ընդունված որոշմամբ, համաձայն որի ամսական տասը հազարական դրամ երկու տարի ժամկետով տրվում է ոչ աղետի հետեւանքով տնակում հայտնված ընտանիքներին:

2003-2004թթ. 98 նման ընտանիք ֆինանսական օժանդակություն է ստացել Վանաձորի քաղաքապետարանի կողմից, իսկ 116 ընտանիք ապահովվել է հանրակացարաններով:

«Որոշումը վերաբերում է միայն տնակային այն ավաններին, որոնց տարածքները, համաձայն քաղաքաշինության նորմերի, ենթակա են ազատման»,-ասում է Գրիշա Պառավյանը եւ ավելացնում,-Լենինգրադյան փողոցի տնակային ավանն առայժմ այդպիսին չի դիտարկվում»: Այդ է պատճառը, որ այս ավանից հիմնականում հասցրել են տեղափոխվել միայն երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած ընտանիքները: Եթե չորս տարի առաջ ավանն ուներ մոտ 500 ընտանիք, այժմ ավանում մնացել է 243-ը, որոնց հիմնական մասը Վանաձորի շրջակա գյուղերից են, վերջին տասը տարում ձեւավորված ընտանիքներ կամ էլ նախկինում վարձով ապրող ընտանիքներ:

«Մարդիկ արհեստականորեն են հայտնվել այդտեղ, ու իրենք պետք է մտածեն իրենց հեռանկարների մասին»,-ասում է Գրիշա Պառավյանը:

Ստացվում է, որ այս ընտանիքները կշարունակեն ապրել վաղեմությունը կորցրած ժամանակավոր կացարաններում՝ չնայած Վանաձորի քաղաքապետարանն իր եռամյա ծրագրով այս տարի եւս նախատեսում է քաղաքն ազատել տնակներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter