HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Վեոլիա ջուր»-ից հավաստիացում են՝ մինչ վաղվա օրվա ավարտը բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի

Այսօր՝ ժամը 16:00-ից «Վեոլիա ջուր» ընկերության դիմաց պետք է մեկնարկեր բողոքի ակցիա՝ ընդդեմ ընկերության կատարած անկանոն ջրանջատումների: 

Սակայն մեկ ժամվա ընթացքում բողոքի ակցիային եկավ ընդամենը երեք քաղաքացի, որոնցից երկուսը ընկերությունից պահանջում էր լուծել տարիներ շարունակ չլուծվող խնդիրները՝ իրենց բնակարաններու մջրամատակարարում ապահովել։ 

Բողոքի ակցիային անկանոն ջրանջատումների բողոքով եկել էր միայն Քանաքեռավան 20-րդ փողոցի բնակիչ Մարգարիտա Մանուչարյանը, ում տան ջրամատակարարումը դադարեցված է արդեն երկու շաբաթ:  «Բացարձակ ջուր չենք ունեցել, նույնիսկ առաջին շաբաթը երեկոյան 09:00-10:00-ի կողմերը շատ կամաց՝ կաթիլով գալիս էր, հավաքում էինք, հիմա դա էլ չի գալիս: Կոնկրետ ես հիմա «Վեոլիա ջուր»-ի մասնաճյուղից եմ գալիս, ինձ պատասախանեցին, որ տենց պետք է լինի։ Ասում են՝ լիքը հարցերի հետ է կապված, որ մենք ոչ մի բան չեն կարող անել»: 

Մարգարիտան չորս անչափահաս երեխա ունի եւ արդեն երկու շաբաթ ջուր  գնում է խանութից կամ բերում Զովունի գյուղից՝ ինչպես երեկ։ Ասում է՝ խոհանոցում այնքան աման կա կուտակված, որ չի ցանկանում անգամ խոհանոցի դուռը բացել, սակայն չունի բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի ջուր գնի նաեւ այդ կենցաղային հարցերը լուծելու համար։ 

Նշենք, որ արդեն մեկ շաբաթից ավել է՝ Երեւանի բոլոր վարչական շրջաններում անկանոն ջրանջատումներ են լինում։ Օրեր առաջ «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել էր, որ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է երկու վթարներով. վթարվել է ջրատարը, որի միջոցով «Արարատյան» պոմպակայանից ջուրը մղվում է Երևան և պոմպակայան, որտեղ տեղադրված են ջուրը մղող պոմպերը: 

«Վեոլիա ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը այսօր եւս հավաստիացրեց, որ մինչ վաղվա օրվա ավարտ վթարային աշխատանքների նորոգումները կավարտեն եւ բնակիչները կունենա բնականոն ջրամատակարարում՝ ինչպես նախկինում։ 

Ընկերության ներկայացուցիչների համար տարօրինակ էր բնակիչների այն բողոքները, որ այս օրերին խմելու ջրի խողովակներից կեղտաջուր է հոսում, սակայն հավաստիացնում են, որ ջրամատակարարման վերականգնումից հետո նման խնդիր չի կարող առաջանալ։ Նման տեսանյութեր հրապարակել էին Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանների բնակիչները։ Գրիգորյանը պարզաբանում է, որ այդ շրջանների բնակիչները բողոքում են ջրի որակից, քանի որ «Արարատյան» պոմպակայանից մղվող ջուրն իր ջերմաստիճանով առավել բարձր է, քան «Գառնի»-ի ջրատարից եկողը։ 

Այն պնդմանը, թե ինչպես ընկերությունը չէր կանխատեսել նման ծավալների վթարների գոյությունը եւ նախապես կանխարգելել այն, Գոռ Գրիգորյանը վստահեցրեց, որ արդեն հինգ տարի նման ծավալի վթար չէր եղել, ունեցել էին պահեստավորված սարքավորումներ, սակայն չէին կանխատեսել, որ միանգամից շարքից դուրս կգան չորս պոմպերը եւ նման իրավիճակ կստեղծվի։ 

Իսկ այն դիտարկմանը, որ եթե ընկերությունը չէր կարող եւ պատրաստ չէր նման ծավալերով շահագործում Հայաստանի ողջ տարածքում, ինչու նախորդ տարվանից սկսեց սպասարկել ողջ հանրապետութունը, որին ի պատասխան Գրիգորյանը նշեց. «Դա պատրաստ լինելու հետ կապ չուներ։ Լինում են վթարներ, որոնց վերացումը ժամանակատար խնդիր  է։ Ընդամենը այստեղ զուգադիպություն եղավ. հա’մ շոգ եղանակ եղավ, հա’մ պոմպերի վթարը եղավ, հա’մ ջրատարի վթար։ Երբեք նման զուգադիպություն չենք ունեցել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter