HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղարին

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄաքԴոնալդին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու և ընդլայնելու երկու երկրների միջև երկխոսությունը՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մշտական քարտուղար ՄաքԴոնալդն ասաց, որ այժմ հիանալի ժամանակ է լինել Հայաստանում՝ երկրում տեղի ուենցող զարգացումների մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հայ-բրիտանական օրակարգի ընդլայնման ուղիները քննարկելու համար։

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով նոր կառավարության կողմից  շարունակական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և կարևորելով բարեփոխումների գործընթացին Հայաստանի գործընկերների աջակցությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Սայմոն ՄաքԴոնալդն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությանը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ Միացյալ Թագավորությունը ևս շուտով կվավերացնի համաձայնագիրը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՄԹ արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղարը արծարծեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ, կարծիքներ փոխանակեցին Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների շուրջ:

Հայաստան այցի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄաքԴոնալդը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter