HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաջարյանները ստիպված են դիմել ծայրահեղ քայլի

Անցյալ շաբաթ ամերիկահայ գործարարներ եւ բարերարներ Քերոլայն եւ æորջ Նաջարյանները Երեւանում էին: Պարզելով, որ իրենց դատական գործում ոչ մի առաջընթաց չկա, նրանք իրենց տարակուսանքն են հայտնել' գրավոր նամակ հղելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Նաջարյանները որոշել են իենց իրավունքների պաշտպանության համար դիմել Միացյալ նահանգների դատարան (Տե՛ս Վճռաբեկ դատարանը կլսի Նաջարյանների գործը): Որպես պատասխանող կողմ այս գործում հանդես կգա Հայաստանի Հանրապետությունը:

6 հունիսի, 2005թ
Մեծարգո Աղվան Հովսեփյանին
ՀՀ գլխավոր դատախազ

Հարգելի պարոն Հովսեփյան.

Խարդախության միջոցով մեր գույքը հափշտակելու կապակցությամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ ամիսներ քննելուց, գործով վկաներին՝ ներառյալ մեզ, տասնյակ ժամեր հարցաքննելուց, հարյուրավոր փաստաթղթեր հավաքելուց եւ հանցագործի հետ նվաստացուցիչ առերեսումներից հետո Ձեր ենթակաները կայացրեցին գործը կարճելու մասին անօրինական որոշում, պնդելով թե մեր նկատմամբ հանցագործություն չի կատարվել, եւ առաջարկեցին քաղաքացիական հայցով դիմել դատարան։

Այդ որոշումը վերացնելու մասին դատարանների որոշումները Ձեր ենթակաները բողոքարկեցին երկու անգամ։ Դատական հրապարակային լսումների արդյունքում պարզվեց, որ Ձեր ենթականերն ընդամենը պաշտպանել են հանցագործին նախաքննության ամբողջ ընթացքում, որ քրեական գործը կարճելու որոշումն անօրինական է եւ պարունակում է քննիչների կողմից հանցագործին պաշտպանելու նպատակով կեղծված փաստեր, մինչդեռ նրանց կողմից անտեսվել են մեր դեմ կատարված հանցագործությունները հաստատող բոլոր փաստարկները եւ ապացույցները։ Մասնավորապես, հանցագործին պաշտպանելու նպատակով դատական ատյաններում Ձեր ենթակաների կողմից օգտագործված կռվաններից մեկը մեր կողմից հաշտության առաջարկ անելու փաստն էր, այն դեպքում երբ Քարոլան Նաջարյանի հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ Դուք անձամբ նրան կողմնորոշել էիք հավատալու, թե հաշտությունը մեր գույքը վերադարձնելու միակ տարբերակն է։

Ձեր ենթակաների գործողությունների, եւ այս ակնհայտ հանցանգործության հետ կապված համարյա երկու տարի տեւած գործընթացի արդյունքում մեր գույքը բռնագրավվել եւ շարունակում է մնալ բռնագրավված, մինչդեռ Ձեր ենթակաները շարունակում են օգնել հանցագործին ճողոպրել արդարադատությունից։

Հայաստանի Հանրապետության դատական երեք ատյաններ հրապարակային լսումների արդունքում հաստատել են, որ մեր գույքը հափշտակվել եւ բռնագրավվել է, իսկ Ձեր ենթակաները խախտել են օրենքը, մեզ զրկել են օրենքով վերապահված մեր իրավունքներից, խոչընդոտել են գործի օբյեկտիվ քննությանը եւ կայացրել են սխալ որոշում։ Սակայն ավելի քան մեկ ամիս առաջ ուժի մեջ մտած դատարանի որոշումները կատարելու փոխարեն, Ձեր ենթակաները շարունակում են ոտնահարել օրենքը, արհամարհում են դատական որոշումները, հարցաքննում են հանցագործի դեմ մեղադրական ցուցմունքներ տված վկաներին՝ ցուցմունքները փոխելու նպատակով առերեւույթ ճնշումներ գործադրելով։ Նրանք նաեւ մերժում են մեր ներկայացուցիչների օրինական միջնորդությունները, մեկուսացնում են նրանց գործի ընթացքից, հրաժարվում են մեղարդյալ ներգրավելուց, եւ հիմա նույնիսկ փորձում են հարցաքննել մեր ներկայացուցիչներին՝ ի պատասխան նրանց օրինական պահանջներ, որն ինչպես Ձեզ հայտնի է, հակասում է Հայաստանի եւ միջազգային օրենքներին։ Մենք նաեւ տեղյակ ենք գործի վերաբերյալ որոշում կայացնող անձանց վրա ապօրինի ազդելու Ձեր ենթակաների փորձերին։

Հանցագործին պաշտպանելու, մեր գույքը բռնագրավված պահելու, օրենքը եւ Հայաստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները ոտնահարելու, վկաների եւ ներկայացուցիչների վրա ճնշումներ գործադրելու եւ դրանով Հայաստանի հեղինակությունը ոչնչացնելու Ձեր ենթակաների որդեգրած գործելակերպը պետք է անմիջապես դադարեցվի: Մենք պահանջում ենք գործի օրինական եւ հրապարակային լսում, ինչը մերժելը, օրենքով մեզ վերապահված իրավունքներից զրկելու գործելակերպը շարունակելը ստիպում է մեզ գործը լուծման համար հանձնել միջազգային դատարաններին, ինչն անելուց մենք մինչ այժմ համբերատար խուսափել ենք։

Ջորջ եւ Քերոլան Նաջարյաններ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter